
Ամբողջ Վանաձորը կոդ է գրում․ Tech Week-ի երրորդ կանգառը

Հուլիսի 4-6-ը Վանաձորում անցկացվում է հայկական ՏՏ օրացույցի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Tech Week Vanadzor 2025-ը, որն այս տարի ոչ միայն միավորում է տեխնոլոգիական, կրթական ու բիզնես համայնքները, այլև դարձնում Լոռու մայրաքաղաքն իրական տեխնոլոգիական կենտրոն։
Tech Week-ը Հայաստանի այն եզակի տեխնոլոգիական միջոցառումներից է, որ դիտավորյալ երբեք չի անցկացվում Երևանում։ Դրա նպատակն է «տեղափոխել» տեխնոլոգիական ուշադրությունն ու ռեսուրսները մարզեր, բացահայտել տեղական ներուժը և ստեղծել զարգացման նոր հնարավորություններ։ 2021-ին այն տեղի էր ունեցել Արցախում, 2023-ին՝ Գյումրիում, իսկ այս տարի իրադարձությունների կենտրոնը Վանաձորն է։
DevHacks՝ 48-ժամյա տեխնոլոգիական մարտահրավեր
Tech Week-ի մեկնարկին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հաքաթոնը՝ DevHacks-ը, որը կազմակերպել է Layerswap ընկերությունը։ Հաքաթոնին մասնակցում է շուրջ 200 մասնակից՝ կազմելով 70 թիմ։ Ի տարբերություն դասական հաքաթոնների, որոնք սովորաբար տևում են 24 ժամ, DevHacks-ը շարունակվում է 48 ժամ՝ դառնալով տարվա «ամենադաժան» տեխնոլոգիական մարտահրավերը։
Մասնակից թիմերը ստեղծում են նորարարական լուծումներ՝ web3/crypto, ֆինտեխ, տիեզերք և այլ ոլորտներից։ Հուլիսի 6-ին տեղի կունենա պատրաստված նախագծերի ցուցադրությունը, իսկ ոլորտի փորձագետներից կազմված ժյուրին կորոշի հաղթողներին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 10.000-ը՝ առաջին տեղի համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն իր ողջույնի խոսքում կոչ արեց մասնակիցներին օգտվել շփման, համագործակցության և գիտելիքի փոխանակման հնարավորությունից։ Layerswap-ի համահիմնադիր Արամ Քոչարյանն էլ հավելեց. «Դա հեշտ չի լինելու։ Դուք քիչ եք քնելու, վիճելու եք, ինչ-որ բան չի ստացվելու։ Բայց հենց դրանից եք սովորելու»։
Մարզերը՝ տեխնոլոգիական զարգացման առանցքում
Tech Week Vanadzor 2025-ի գլխավոր հարթակն է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, որտեղ անցկացվում են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ ու աշխատարաններ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Ավելի քան 60 խոսնակ՝ ՏՏ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, ձեռներեցներ ու ներդրողներ ներկայացնում են ոլորտի վերջին միտումները։
«Wings» մրցույթ՝ ի նպաստ Լոռու զարգացման
Tech Week-ի մյուս առանցքային նախաձեռնությունն է «Wings» գաղափարների մրցույթը, որը խրախուսում է նորարար ձեռներեցներին առաջարկել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող գաղափարներ՝ տեխնոլոգիաներից մինչև ագրոբիզնես ու տուրիզմ։ Մրցույթին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր անձինք՝ թիմային ձևաչափով։ Հաղթող թիմերը մենթորավորվելու են և իրենց նախագծերը կներկայացնեն Tech Week-ի բեմում։
Կազմակերպիչ Գայանե Գրիգորյանն ընդգծում է. «Մենք չենք սահմանափակվում միայն ՏՏ ոլորտով։ Կարևորը՝ գաղափարի նորարարությունն ու իրականություն դառնալու ներուժն է»։
Համայնքային համագործակցություն, մոտիվացիա և կարիերա
Tech Week Vanadzor-ը ոչ միայն մասնագիտական միջոցառում է, այլև հարթակ՝ պատանիների, ուսանողների և սկսնակների համար։ Կանցկացվեն աշխատարաններ մասնագիտական կողմնորոշման, կարիերայի ընտրության և մոտիվացիայի թեմաներով։
Tech Week-ի կազմակերպչական թիմի ներկայացուցիչ Խաչատուր Հակոբյանն ասում է․ «Այս միջոցառումը հարթակ է նաև արդեն գործող մասնագետների համար՝ համագործակցելու, ինքնադրսևորվելու և նույնիսկ նոր ստարտափներ ստեղծելու»։
Միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը հիշել է Tech Week-ի գաղափարի ծնունդը. «Ես ինքս Բերձորից եմ, միշտ մտածել եմ, թե ինչ անել, որ մարզում ակտիվություն լինի։ 2021-ին արեցինք առաջին Tech Week-ը Ստեփանակերտում, մեկ ամսում կազմակերպեցինք։ Այս տարի տեխնոլոգիական կենտրոնը տեղափոխվել է Վանաձոր»։
Tech Week Vanadzor 2025-ը կեզրափակվի հուլիսի 6-ին՝ Վանաձորի կենտրոնական հրապարակում կայանալիք մեծ համերգով։ Իսկ թե որտեղ կանցկացվի հաջորդ Tech Week-ը, կտեղեկացվի հենց այդ ընթացքում։
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ