Վերնագիր կարդալով հաղորդում տվող գլխավոր դատախազն ու պատվիրատուն, կամ՝ ինչո՞ւ կալանավորված չէ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը

Հուլիսի 2-ին ռուսաստանահայ գործարար, ազգային բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի պաշտպանության թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հրավիրած ասուլիսի ընթացքում աղմկահարույց հայտարարություն արեց:

«Ապօրինի քրեական այս հետապնդումը սկիզբ է առել Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Ես նման դեպք չեմ հիշում, որ Գլխավոր դատախազը հենց ինքը մամուլի ուսումնասիրման վրա հաղորդում ներկայացնի: Ոչ թե հետապնդումը հարուցի, այլ հենց հաղորդում ներկայացնի Քննչական կոմիտեին»,- նշել էր Վարդևանյանը:

Իսկապես 168.am-ի հարևանցի ուսումնասիրությունն էլ ցույց տվեց, որ Հայոց 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբևէ չի եղել դեպք, որ գլխավոր դատախազը հաղորդում ներկայացնի քննչական մարմնին, այն էլ՝ մասնավոր քրեական հետապնդում հարուցելու հարցով:

Բացի հարցի բարոյական կողմից, այստեղ կա նաև հարցի իրավական կողմը, որի վրա «կարկառուն իրավաբան» Աննա Վարդապետյանը թքած է ունեցել՝ հարվածի տակ դնելով իր ենթակա դատախազին: Չի կարող որևէ գործ հսկող որևէ դատախազ վարույթի վերաբերյալ տարբերվող կարծիք հայտնել, երբ գիտի, որ վարույթը հարուցված է իր իսկ ղեկավարի հաղորդման հիման վրա:

Կարդացեք նաև

Ինչևէ, նույն հուլիսի 2-ին «Ազատությունը» գլխավոր դատախազությանը հարցրել է՝ «Հանցագործության մասին ի՞նչ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել Սամվել Կարապետյանի դեմ»:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին.

««168.am» կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ, ինչպես նաև «Aravot.daily» կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերտառությամբ հրապարակումները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին»:

Տարօրինակ է, որ գլխավոր դատախազը քննչական մարմնին սկզբնաղբյուր կայքի հղումը չի փոխանցել, բայց նույնիսկ դա չէ խնդիրը, այլ այն, որ գլխավոր դատախազն էլ, փաստորեն, իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի նման վերնագիր է կարդում ու դրանից եզրահանգումներ անում:

Իրականում 168.am-ը նույնությամբ հրապարակել էր սկզբնաղբյուր կայքի վերնագիրը, հետո արագ շտկել այն՝ լսելով տեսանյութը:

Սամվել Կարապետյանի խոսքի տեքստը հրապարակելուց կարճ ժամանակ անց թե՛ տեքստը, թե՛ վերնագիրը շտկվել են: Իսկ Աննա Վարդապետյանը հաղորդում է ուղարկել հանցագործության մասին՝ սխալ ձևակերպմամբ, ու ո՛չ ինքն է տեսանյութը նայել, ո՛չ էլ հանձնարարել է, որ նայեն, այլապես կտեսնեին, որ մարդը չի ասել ՝ «մեր ձևով ենք միջամտելու այդ ամեն ինչին», այլ ասել է՝ «մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:

Թեպետ երկու տարբերակում էլ քրեորեն հետապնդելի որևէ բան չկա, բայց հետաքրքիր է, օրինակ՝ Աննա Վարդապետյանի համար ի՞նչ հանցակազմ կա Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված «մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին» նախադասության մեջ, որ մի հատ էլ ուղարկել է ՔԿ՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:

Դատական նիստից հետո Սամվել Կարապետյանի պաշտպաններն ասացին, որ դատարանում ուսումնասիրվել է բացառապես տեսանյութը, այսինքն՝ քրեական վարույթ հարուցելու հիմքը Սամվել Կարապետյանի հարցազրույցն է, տեսանյութը, ոչ թե տեքստը: Գիտի՞ այս մասին Աննա Վարդապետյանը, դժվար է ասել: Ամեն դեպքում որևէ կերպ չի բացատրվում այն հանգամանքը, որ մինչ այսօր Աննա Վարդապետյանը լրատվամիջոցին պատասխանում է՝ հղում անելով մի բառի, որը Սամվել Կարապետյանը չի ասել:

Եվ վերջում՝ տարօրինակ է, որ Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում տվող գլխավոր դատախազը ոչ միայն Ազգային ժողով չի գնում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցով, այլև առհասարակ չի անդրադառնում նրա կողմից ԱԺ ամբիոնից ակնհայտ բռնության սպառնալիք հնչեցնելուն:

«Իսկ ինչ վերաբերում է ՀԷՑ-ի աշխատողներին, Էս ամբիոնից ասում եմ՝ տղե՛ք, ով ձեզ կասի՝ էկեք, գնանք միտինգ ու ձեզ կստիպի, բոլորդ գիտեք՝ ինձ ոնց գտնեք։ Մի հատ զանգում եք, ու ձեզ ստիպողի տիրոջ հերն անիծում ենք»,- ուրբաթ օրն ԱԺ ամբիոնից հայտարարել է Նարեկ Գրիգորյանը։

Հիմա հարց՝ «զադերժկան» ինչո՞ւմ է, ինչո՞ւ Նարեկ Գրիգորյանը կալանավորված չէ:

Տեսանյութեր

Լրահոս