
Ի՞նչ պայմանավորվածություն է ակնարկում Էրդողանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում դրամատիկ իրադարձություններ են՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների ծավալած աննախադեպ արշավով, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում ալիևյան ռեժիմը հերթական շոուն կազմակերպեց՝ հնչեցնելով մի շարք չափազանց ուշագրավ ուղերձներ։
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում էր հավաքել իր դաշնակիցներ Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարներ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ու Շեհբազ Շարիֆին, ինչպես նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահներին, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահին Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի պատրվակով։
Ալիևն իր ելույթի զգալի մասը նվիրեց Հայաստանին՝ հնչեցնելով ՀՀ-ին ուղղված հոխորտանքներ, մեղադրանքներ ու պահանջներ։
Նա հիշեցրեց վերջերս Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները:
«Մեծ նշանակություն ունի նաև Հայաստանից արտաքսված «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքների ապահովումը։ Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումն «Արևմտյան Ադրբեջանի» (չակերտները՝ 168.am-ի) համայնքի հետ երկխոսություն սկսելուց»,- օկուպացված Ստեփանակերտում հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
Նա, միաժամանակ, ասաց, թե Հայաստանն իբրև թե Ադրբեջանին 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել։ «Տարածքների օկուպացիայի ընթացքում Հայաստանն Ադրբեջանին հասցրել է 150 միլիարդ դոլարի վնաս։ Օկուպացիայի տարիներին Հայաստանը ոչնչացրել է մեր քաղաքներն ու գյուղերը, մշակութային և կրոնական հուշարձանները։ 67 մզկիթներից 65-ը ոչնչացվել են Հայաստանի կողմից»,- ասաց Ալիևը։
Նա գործընկերների առջև Հայաստանին կրկին մեղադրել է 1 միլիոնից ավելի ականներ տեղադրելու համար՝ պնդելով, թե պատերազմից հետո հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել ու վիրավորվել, թեև Երևանը տրամադրել է ականապատման քարտեզները։ Ալիևը ոչինչ չի խոսել Խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, մի համաձայնագրի, որը, ըստ պաշտոնական տվյալների, ամբողջությամբ բանակցված է ու պատրաստ ստորագրման։
Էրդողանը ևս որոշ ուշագրավ մեսիջներ է հնչեցրել։ ՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպելով Ալիևին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան սպասում է համաձայնագրի ստորագրմանը, որը, նրա ձևակերպմամբ, «կբավարարի Բաքվի օրինական պահանջները»։
Էրդողանն Արցախից Թուրքիա ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով, որ չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումը շանս է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար: «Զանգեզուրի միջանցքը», նրա խոսքով, կրում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական նշանակություն։
««Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով: Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող երթուղու հետ։ Սա հատուկ նշանակություն է տալիս նախագծին:
Այս գործընթացում մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը բեռնափոխադրումներում մեծանում է և աճելու է»,- ասել է Էրդողանը։
Ըստ էության, սա առաջին անգամն է, երբ Թուրքիան նախագահի մակարդակում ռեգիոնալ հաղորդակցությունների և հատկապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման հարցում լավատեսություն է հայտնում։
Հարկ է նշել, որ սա տեղի է ունենում Փաշինյանի՝ վերջերս Թուրքիա կատարած այցից հետո։ Այս այցի ընթացքում Փաշինյան-Էրդողան բանակցությունների վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկատվություն այն մասին, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, չեղավ, այլ եղավ պաշտոնական հաղորդագրություն, որ քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Սակայն հունիսի 21-ին Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր․ «Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության [ներքո], իրենցն էլ՝ իրենց … և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն՝ շահագրռվածություն պետք է ունենանք և կունենանք: Ընդորում, Իրանի իրադարձություններն այս ասածս ավելի էական և կարևոր են դարձնում»: Փաշինյանի այս դիտարկումը լայն քննարկումների և կասկածների առիթ տվեց, թե եթե ճանապարհը չունի «միջանցքի» կարգավիճակ, ապա ինչո՞ւ պետք է այն կոչեն «Զանգեզուրի միջանցք»։
Այս խոսակցությունների ֆոնին հուլիսի 2-ին Carnegie Politika-ում հոդված հրապարակեց Հարավային Կովկասում անվտանգության և հակամարտությունների փորձագետ Օլեսյա Վարդանյանը, գրելով, որ ապաշրջափակման վերաբերյալ Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Թրամփի վարչակազմը։
Ըստ նրա՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր, որով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։ Վարդանյանի խոսքով, Եվրամիությունը նաև Երևանին ու Բաքվին էր առաջարկում այս նախադեպով առաջնորդվել, սակայն «քննարկումները խափանվեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումներից, ապա՝ 2023 թվականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո։
Ուստի, ըստ նրա, ներկայացված ամերիկյան առաջարկն ընդհանուր գծերով նման է եվրոպականին, որով նախատեսվում էր ճանապարհի կառավարումը արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության։ «Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի՝ համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»,- պնդել էր Օլեսյա Վարդանյանը։
Գրեթե զուգահեռաբար Middle East Eye պարբերականը հոդված հրապարակեց այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևն այս ամսվա վերջին հնարավոր է հանդիպեն Դուբայում։ Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ MEE-ին հայտնել են, որ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական նշան է, որը ցույց է տալիս, որ չնայած շարունակվող տարաձայնություններին, «երկու կողմերն էլ շարունակում են պատրաստակամ լինել համագործակցել»։ Պարբերականը նշել է, որ թուրք պաշտոնյաները Հայաստանը համարում են, այսպես կոչված, Միջին միջանցքի հիմնական երկիր, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ։
«Թուրքական ընկերությունները ևս հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հարցում։ Հակառակ Բաքվի առարկություններին, աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անցյալ ամիս ընդունել է Փաշինյանին՝ Հայաստանի առաջնորդի Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։ Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերություններին ծանոթ մեկ այլ աղբյուր նշել է, որ Ալիևը սերտ հարաբերություններ է պահպանում Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարիչ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Աղբյուրը հավելել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակում պատրաստ է իր հարկի տակ ընդունել բանակցությունների անցկացումը»,- գրել էր պարբերականը։
Այս բոլոր հայտարարությունները, հրապարակումները լայն սփռում ունեցող ուղեղային կենտրոնների էջերում և պարբերականներում ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացի շուրջ ակտիվ ռեգիոնալ գործընթացներ են։ Նույնիսկ տպավորություն է, որ Խաղաղության համաձայնագիրը մղվել է երկրորդ պլան և ներկայումս ակտիվ օրակարգում է ռեգիոնալ ապաշրջափակման թեմատիկան։
Սակայն ՀՀ իշխանությունները նման կարևոր հարցերին պատշաճ արձագանքելու և հանրությանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն՝ զբաղվում են պետությունից անջատ գործող եկեղեցու հարցերով, սպառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Նրանք շարունակում են լռություն պահպանել այն դեպքում, երբ տևական ժամանակ հայտարարում ու ընդգծում էին, թե ՀՀ ինքնիշխան տարածքում միջանցքային տրամաբանություն չի գործելու։
Հայտնի չէ, թե ի՞նչ ճկուն նոր դիրքորոշման մասին է ակնարկում Էրդողանը, ի՞նչ պայմանավորվածություն կա այսօր այս հարցով, և այդ պայմանավորվածությունն ի՞նչ պայմաններով է, կամ՝ Ադրբեջանի օրինական այլ «ինչ պահանջներ» պետք է կատարեն ՀՀ իշխանությունները, որոնց մասին ուղիղ հայտարարում է Էրդողանը։
Մինչ ՀՀ իշխանությունները կփորձեն նոր բացատրություններ հորինել, պետք է նշել, որ Էրդողանի այսօր տարածված խոսքն ավելի քան հստակ էր․
«Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում»։