Օրվա տոնական խորհուրդն ընդհանրապես չեմ զգում․ այսօր ՀՀ-ն վերածվել է բռնապետության․ Հովհաննես Խուդոյան

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը․ Անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, ու հենց այդ օրն էլ դարձավ պետական տոն:

«Օրվա տոնական խորհուրդն ընդհանրապես չեմ զգում․ այսօր ՀՀ-ն վերածվել է բռնապետության, ու չի գործում Սահմանադրության այն նորմը, որ երկիրը պետք է լինի  ժողովրդավարական, իրավական, սոցիալական»,- 168am-ի հետ զրույցում օրվա խորհրդին անդրադառնալով՝ նշեց իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով Մայր օրենքի ոտնահարման վերջին դրվագին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուժայինների ներխուժմանը, իրավապաշտպանը ցավով արձանագրեց՝ այդ դրվագն օրենքը շրջանցելուց ավելին էր։

«Օրենքներ բազմիցս են խախտվում, բայց այդ օրն իրավապահների գործողությունը մի բառով կարող ենք նշել՝ որպես  «սրբապղծություն», ու իրենք, իրենց հարազատները դրա հետ պետք է ապրեն»,- պարզաբանեց նա։

Կարդացեք նաև

Ամփոփելով՝ Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ միայն ազգային իշխանության պարագայում Սահմանադրությունը կվերականգնի իր նշանակությունը, կպաշտպանի ու կլինի պաշտպանված։

Հիշեցնենք՝ նախորդող տարիներին Մայր օրենքը երկու անգամ փոփոխվել է հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Այսօր Սահմանադրությունը թիրախավորվում է թշնամական երկրներից․  Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը ու պնդելով, թե Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագիրը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ իր կարծիքով՝ Անկախության հռչակագիրը չպետք է ներառվի նոր Սահմանադրության մեջ։ Ավելին՝ Հայաստանի իշխանություններն այժմ նոր Սահմանադրություն են մշակում, բայց պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ՝ նախկինում ընդունված Սահմանադրության՝ իբրև թե լեգիտիմ չլինելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս