Հայաստանը Թուրքիայի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք» նախագծում իր դերով․ Քյունյուլ Շահին

Թուրք վերլուծաբան Քյունյուլ Շահինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի կարևորությանը Թուրքիայի համար՝ այն կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի հետ։

Նա, մասնավորապես, գրել է.
«Ահա, թե ինչպես է Թուրքիան դիտարկում Զանգեզուրի միջանցքը և այս համատեքստում՝ Հայաստանի հետ սահմանների բացումը։ Հայաստանի կարևորությունը Թուրքիայի համար սերտորեն կապված է Զանգեզուրի միջանցքի նախագծում նրա դերի հետ»։

Թուրք վերլուծաբանը չի կարծում, որ ԵՄ-ի կողմից ճնշում գործադրելու որևէ փորձ կազդի դրա վրա։ Սա նա գրել է, զուգահեռաբար «կիսելով» այսօր մամուլում տարածված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայկական Արցախ մեկնելու ընթացքում օդանավում արած ռեգիոնալ ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշման վերաբերյալ նրա մեկնաբանությունը։

էրդողանը նշել էր, թե չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիայի հարցում։

Կարդացեք նաև

««Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել էր Էրդողանը։ Նա ընդգծել էր, որ տարածաշրջանի զարգացումը շանս է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար:
«Զանգեզուրի միջանցքը», նրա խոսքով, կրում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական նշանակություն։

««Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով: Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։

Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող երթուղու հետ։ Սա հատուկ նշանակություն է տալիս նախագծին: Այս գործընթացում մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը բեռնափոխադրումներում մեծանում է և աճելու է»,-ասել էր Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս