
«Թագավոր եմ տվել իրենց, բայց տախտակ եմ ստացել. որդուս եմ պահանջում, կարո՞ղ են ինձ տալ, գոնե շիրմաքարը նորմալ դնեին». Նարինե Գրիգորյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անմահացած Ազատ Մաջարյանի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, արդեն 4 տարի է՝ թակում է բոլոր գերատեսչությունների դռները, խնդրելով փոխել «Եռաբլուրում» որդու շիրմաքարը, որը ճաքեր է տվել, ինչի հետևանքով անձրևաջրերը վնասել են նաև որդու նկարը։ Ճաքեր է տվել նաև տապանաքարը, եթե այն շտապ չփոխեն՝ հետևանքներն անդառնալի են լինելու։
Ժամկետային զինծառայող Ազատ Մաջարյանը ծառայել է Արցախի Հանրապետության «Մարտունի 2-ում», զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, զորացրվելուն մնացել էր 2 ամիս։
Նարինե Գրիգորյանի խոսքով՝ որդու շիրմաքարի հետ կապված հարցը հասցրել է մինչև Նիկոլ Փաշինյանին՝ 2024 թվականին, սակայն ոչ մի լուծում։
«Թագավոր եմ տվել իրենց, բայց տախտակ եմ ստացել։ Սկզբում ես ուզում էի որդուս տանեի ընտանեկան գերեզմանոց, բայց ինձ ասացին՝ ձեր որդին հերոս է, պետք է հերոսների հետ հանգչի։ Այստեղ ես որդուս տունն եմ համարում, ես գալիս եմ այստեղ՝ հանգստանում եմ, որդուս հետ եմ խոսում, նեղվածությունս եմ պատմում, որովհետև Ազատը եղել է իմ թև ու թիկունքը, ես իրեն միայնակ եմ մեծացրել։
Հիմա գալիս եմ «Եռաբլուր», որ հանգիստ լինեմ, գալիս ու տեսնում եմ՝ շիրմաքարը վնասված, ինչի՞ համար, եթե անորակ քար էր, ինչո՞ւ թողեցիք, որ դրվի։ Չգիտեմ՝ ում մեղադրեմ, ամեն անգամ նախկին ու ներկա լսելով՝ ավելի եմ բարկանում, ատում եմ այդ բառերը։ Նախկիննե՞րն Արցախ հանձնեցին, նախկիննե՞րը բերեցին ու անորակ, ճաքած շիրմաքարը դրեցին։ Հիմա որդուս եմ պահանջում, կարո՞ղ են ինձ տալ, գոնե շիրմաքարը նորմալ դնեին»,- «Եռաբլուրում» 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Գրիգորյանը։
Տիկին Նարինեն ասաց, որ որդու՝ Ազատի շիրմաքարը տեղադրել են 2021 թվականի գարնանը, 10 օր անց, երբ հերթական անգամ գնացել է որդու շիրիմին, տեսել է՝ շիրմաքարի լուսանկարն ամբողջովին գունաթափված է։ Դրանից հետո քարը տարել են սարքելու, իրեն էլ վստահեցրել են, թե փոխել են, այլևս նման խնդիր չի լինելու։ Որոշ ժամանակ անց կրկին քարը կոտրված է եղել, 2 ամիս է պահանջվել, որ իր խնդրանքը կատարեն՝ կոտրված հատվածը տաշեն, հավասարեցնեն։ Սակայն խնդիրը դրանով չի լուծվել՝ քարը ճաքել է, իսկ ճաքելուց հետո անձրևաջրերը հասել են լուսանկարին ու լուսանկարի մեծ մասը գունաթափվել ու վրան հետքեր են առաջացել։
«Դիմել եմ Պաշտպանության նախարարությանը, ասել եմ՝ հոկտեմբերի 24-ին որդուս զոհվելու օրն է, գոնե մինչ այդ սարքեք, խոստացան, որ կսարքեն, ու այդպես էլ չարեցին, ծննդյան օրը կրկին չսարքեցին՝ այդպես մինչև օրս։ Հիմա ասել են, որ մինչև հուլիսի 15-ը կսարքենք, բայց, ինչպես տեսնում եք, այստեղ դեռ որևէ աշխատանք չեն արել, դեռ մի տարի էլ ինձ «մատերի վրա կպարացնեն»։ Ես ասել եմ՝ ինքս կվերանորոգեմ, ինձ ասացին՝ չէ, սա Պաշտպանության նախարարության խնդիրն է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նարինե Գրիգորյանի խոսքով՝ 2024 թվականի դեկտեմբերին հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ, խնդրի մասին նրան տեղյակ է պահել, նա խոստացել է, որ Պաշտպանության նախարարին կասի, հարցով կզբաղվի, բայց այդպես էլ մոռացվեց ամեն բան։
«Երևի ես խղճուկ մեկն էի, որ իմ հարցը չբարձրաձայնվեց։ ՊՆ-ն թող գրավոր ներկայացնի՝ հուլիսի ո՞ր օրը, ո՞ր ժամին ամբողջովին կփոխվի։ Եթե այս անգամ էլ չփոխվի, խոստանում եմ, ինքս ինձ չեմ հրկիզի, այլ կգնամ ՊՆ և ՊՆ-ն կհրկիզեմ, թող ասեն՝ զոհվածի մայրն իրեն լկտի է պահել։ Դուք երբևէ իմ ձայնը լսած կա՞ք, ինձ տեսած կա՞ք։ Դանակը ոսկորիս է հասել, ինձ ցավ է տալիս»,- հավելեց որդեկորույս մայրը։
Խոսելով Ազատի և 2020 թվականի պատերազմի մասին, Նարինե Գրիգորյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է՝ զանգահարել է Ազատին, ասել է, որ գնալու է նրան տուն բերի, սակայն Ազատը նույնիսկ չի էլ ցանկացել այդ մասին լսել։
«Ասաց՝ «մամ, չէ, եթե դու ուզում ես, որ ես ուրանամ, որ դու իմ մայրն ես, ու քո աչքի առաջ ինձ գլխից խփեմ, ուրեմն՝ արի, հասի այստեղ։ Եթե բոլորս այս հողը թողնենք, ո՞վ պետք է պաշտպանի»։ Վստահ էի, որ կաներ նման բան, թե չէ՝ կգնայի ու իրեն կբերեի։ Երբեք ցույց չի տվել, որ պատերազմի դաշտում է։ Երբ ասում էի, որ լուրերով լսել եմ, որ Մարտունին ռմբակոծել են, ինձ ասում էր՝ լուրերը մի՛ լսիր, ամեն ինչ հանգիստ է։ Իմ Ազատը երբեք չէր բողոքում, երբ պատերազմի ընթացքում խոսում էինք, երբեք ԱԹՍ-ի ձայն չեմ լսել, որ մտածեմ՝ իմ տղան ինչ-որ խնդիր ունի։ Իրեն տեղափոխել են Հադրութ, Ջրական, ես չեմ իմացել, հետո եմ իմացել։ «Կորդ» զենքին էր տիրապետում, երբ հրամայել են չկրակել՝ նա կրակել է, ասել է՝ «հողն իմ համար թանկ է»։ Ազատը սրտի բնական արատ ուներ, կարող էր և չծառայել, սակայն իր կամքով է գնացել ծառայության։
Ազատ վերջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին է ինձ զանգահարել, ասաց՝ «մամ, այնքան շնորհակալ եմ, որ դու ինձ լավ ես պահել, ես քեզ երբեք չեմ թողնի լացես, գալու եմ, ու դու երբեք չես աշխատելու»։ Ես էլ ասացի՝ Ազատ ջան, վատագույն դեպքում ես քեզ սպասելու եմ վիրավոր, ասաց՝ «մամ, գալու եմ, սպասիր»։ Ասում էի՝ Ազատ ջան, գալուդ օրը բակում մեծ սեղան եմ գցելու, ամբողջ փողոցով՝ ծայրից ծայր։ Դրանից հետո իր ընկերոջն է զանգահարել՝ ասելով, որ «այնպիսի տեղ եմ գնալու, որ հնարավոր է՝ չգամ, մամայիս լավ կնայես ու ծնունդիս էլ կենացս կխմես»։
2020 թվականի հոկտեմբերի 24-ին Ազատս զոհվեց, հոկտեմբերի 30-ին դարձավ 20 տարեկան»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
Հ. Գ. Ժամանակին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ճանապարհներ էր փնտրում հանդիպելու Նարինե Գրիգորյանի հետ, իբրև նրա ցավը կիսելու համար։ Հանդիպել է, լուսանկարվել նրա հետ ու ներկայացրել իր հետևորդներին, հերթական անգամ ցույց տալով, թե իբրև ինքն ու ամուսինն ընդունելի են որդեկորույս ծնողների համար։
Հիմա, հասկանալով Աննա Հակոբյանի իրական նպատակները, Նարինե Գրիգորյանը նրա հետ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ, Աննա Հակոբյանը մոռացել է, որ պետք է «կիսի» որդեկորույս ծնողների վիշտը, լսի նրանց խնդիրները և փորձի լուծել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում