Բաժիններ՝

Ինչպե՞ս հասնել հաջողության բիզնեսում. Կենիչի Օմայեի խորհուրդները (տեսանյութ)

McKinsey&Company-ի  տնօրեն Կենիչի Օմայեին (Kenichi Ohmae) Ճապոնիայում կոչում են «Պարոն Ռազմավարություն»: Միջազգային շուկայում աշխատող  ճապոնական հայտնի ընկերությունները դիմում են նրա օգնությանը՝ մրցունակ ռազմավարություն մշակելու համար, նրա խորհուրդներին հետևում են ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունները:

Կենիչի Օմայեն McKinsey&Company ընկերության տնօրեններից մեկն է և նաև՝ առաջատար խորհրդատուներից մեկը, ով աշխատել է կենցաղային և գրասենյակային տեխնիկայի արտադրությամբ, քիմիական և սննդի արդյունաբերությամբ զբաղվող և այլ ընկերությունների հետ: Նա ընկերությունների համար մշակում է ռազմավարական և կազմակերպչական նոր սկզբունքներ և աջակցում դրանց ներդմանը: «The Economist» ամսագիրը նրան ներգրավել է աշխարհում հինգ ամենաազդեցիկ կառավարման գուրուների ցանկում: Կենիչին ավելի քան 100 գրքի հեղինակ է, որոնց մեծ մասը նվիրված է բիզնեսի կառավարմանն ու առաջխաղացմանը: Նա նաև հոդվածներ է տպագրել «Wall Street Journal», «Harvard Business Review», «Foreign Affairs», «New York Times» և այլ լրատվամիջոցներում:  Նրա գրքերից են՝ «Գլոբալ տնտեսության էվոլյուցիան», «Ինքնիշխան պետության մահը», «Ռազմավարի մտածելակերպ», «Աշխարհն առանց սահմանների», և այլն:

Ներկայացնում ենք Կենիչի Օմայեի դասընթացներից մեկը:

Նրա ամենահայտնի՝ «Ռազմավարի մտածելակերպ» գիրքը լավագույնն է ճանաչվել ռազմավարական մենեջմենթի ասպարեզում՝ 2500 տարի առաջ Սուն Ցզիի կողմից գրված «Պատերազմելու արվեստը» գրքից հետո:

Կարդացեք նաև

Կենիչի Օմայեի խորհուրդները

  • Մեր բախտը բերել է, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարող ենք ազդել ապագայի վրա: Մեր գաղափարների վրա հիմնվելով՝ կարող ենք ստեղծել՝ շնորհիվ այն բանի, որ ամեն ինչ տեղի է ունենում շարժման մեջ: Փոխվում են տեխնոլոգիաները, փոխվում է հասարակությունը, փոխվում է աշխարհը: Մեր ապագան մեր իսկ ցանկություններով կերտելու հնարավորությունն այժմ մեզ ավելի հասանելի է, քան երբևէ:
  • Ճիշտ պատասխաններ գոյություն չունեն. սա է այսօրվա աշխարհի առանձնահատկությունը: Ոչ ոք չգիտի ճիշտ պատասխանը: Ոչ ոք չգիտի՝ ինչպե՞ս ճիշտ կազմակերպել բիզնեսը, ընդամենը քիչ թե շատ հաջողված փորձեր են արվում: Այդ իսկ պատճառով պարզապես կարևոր է խնդիրներին օրիգինալ պատասխաններ տալը:  Պատասխաններ, որոնք որևէ մեկը գլխի չէր ընկնի տալ: Կարևորն այն է, որ Ձեր մտածողության կառուցվածքը յուրօրինակ լինի: Եվ գնահատվում է այն, որ դուք խիզախություն և գործելու ցանկություն ունեք: Գնահատվում է մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու Ձեր կարողությունը: Իրական կյանքում պատասխաններ իմանալն անկարելի է, ստիպված եք լինելու հիպոթեզներ կառուցել և ապացուցել իրական կյանքում դրանց գոյություն ունենալու իրավունքը, այնուհետև Ձեր այդ կառուցած մոդելով առաջնորդվելով՝ այն իրականացնելու եք կյանքում:
  • Բոլոր ռեսուրսներից ամենակարևորը մարդկային ռեսուրսն է: Օրինակ, Ճապոնիան, որը կղզի-պետություն է, որը հարուստ չէ բնական ռեսուրսներով՝ ոչ նավթ ունի,  ոչ ածուխ, ոչինչ, բայց փոխարենը՝ ունի լավ մարդիկ: 120 միլիոն լավ մարդիկ, որոնք հրաշք գործեցին՝ ստեղծելով աշխարհում երկրորդ ամենահզոր տնտեսությունը: Նույնը կարելի է անել նաև Ձեր ընկերությունում: Ընկերությունը կարող է և չունենալ արտադրական բավարար հնարավորություններ, ռեսուրսներ, բայց եթե ունենա լավ մարդիկ, ապա նրանք բոլոր դժվարությունները կհաղթահարեն և ընկերությունը կծաղկեցնեն:
  • Ես միշտ խորհուրդ եմ տալիս՝ ղեկավարի գործունեությունը  քննադատելիս՝ միշտ ինքներդ Ձեզ դրեք ղեկավարի տեղը: Մտածեք՝ ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք Yahoo-ի գլխավոր տնօրենի դերում: Հիմնական պատասխանը հետևյալն է՝ ես չգիտեմ, ինքը պետք է որոշի՝ վաճառե՞լ այսինչ բանը «Մայքրոսոֆթին», թե՞ ոչ: Ո՛չ: Մտածե՛ք: Ինչպե՞ս կվարվեիք Դուք: Ի՞նչ կանեիք, եթե լինեիք General Motors-ի տնօրենը: Այս մեթոդը կարևոր է՝ ուրիշների խնդիրները լուծելու առումով: Ավելի հեշտ է խորհուրդներ տալը, քան ինքնուրույն որևէ ընկերություն ղեկավարելը:  Իսկ երբ խոսքը վերաբերում է Ձեզ կամ Ձեր ընկերությանը, ճիշտ որոշում կայացնելն ավելի դժվար է դառնում: Սակայն, երբ մտածում եք ուրիշի բիզնեսի մասին՝ հաջողությունների շանսերն ավելի են մեծանում: Եթե այս գործողությունը 20 անգամ կրկնեք, ապա, երբ գործը հասնի Ձեր սեփական ընկերությանը, առաջադրված խնդիրն ավելի լավ կլուծեք:
  • Կրեատիվությունը եկամուտ է բերում: Այսօր ստեղծարար մտածողությունը քիչ եկամուտներ չի բերում: Օրինակ, Pokemon-ը ֆանտաստիկ եկամուտներ է բերում Nintendo-ին՝ ընդամենը մեկ մարդու երևակայության արդյունք հանդիսանալով: Կամ՝ ճապոնական մեքենաների դիզայնը, որոնց շնորհիվ դրանք հաջողությամբ վաճառվում են Չինաստանում: Այդ ամենը կրեատիվ մտածողության արդյունք է: Այսօր դա է պետք զարգացնել:

Դուք լսե՞լ եք Կացուսիկա Խոկուսայ անունով նկարչի մասին:  Նա նկարչության մեջ նոր ժանր ստեղծեց՝ սուրիմոնոն: Նրա նկարների սյուժեներն իրական չեն, աշխարհընկալման նրա կերպն արմատապես տարբերվում է իմ ընկալումներից: Նրա նման մարդիկ շատ են: Օրինակ՝ Ֆիլ Նայթը, ով ստեղծել է Nike ընկերությունը: Կամ՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան: Իհարկե, այդ ցանկում ամենահանճարեղը համարում եմ Ուոլթ Դիսնեյին:

Հրապարակումը պատրաստեց 168.am-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս