Բաժիններ՝

Ավելորդը

Մտերիմներիցս հերթականը պատրաստվում է մինչև Նոր տարի ընտանիքով հեռանալ Հայաստանից: Որպեսզի հասցնի` շտապ-շտապ վաճառում է այն ամենը, ինչ հնարավոր է: Անգամ հնամաշ կահույքը, լարից ընկած դաշնամուրն ու հնաոճ հախճապակե բաժակները գնորդ ունեն: Սակայն ամեն ինչ չէ, որ հաջողացնում է վաճառել ճարպիկ բարեկամս: Ինձ, օրինակ, առաջարկեց վերցնել իր տան գրադարանի մի քանի տասնյակ գրքերը և մի քանի բույս: Այսինքն` այն, ինչ այլևս «ավելորդ» էր:

Եվ, մի մանրուք գ Խնդրեց իր բացակայության ընթացքում մեկ-մեկ, հնարավորության դեպքում, այցելել տարեց ծնողներին: Հասկանալի է, երիտասարդը գնում է` նախապես ծնողներին խոստանալով, որ տեղ հասնելուց, աշխատանքի անցնելուց հետո առաջին գործը լինելու է ծնողներին իր մոտ տանելը:

Ծնողները, որպես կանոն, տխուր ժպտում են ու գլխով համաձայնության նշան անում` մի վայրկյան իսկ չեն կասկածում: Թեև գիտեն` որդին իրենց շուտ չի կանչի: Որդին էլ գիտի` ծնողները երբեք չեն գա, որպեսզի հանկարծ իրենց զավակներին նեղություն չտան: Հայրն անգլերեն չգիտի, համակարգչին ընդհանրապես չի տիրապետում, նա ոչ մի նոր բան սովորել այլևս չի կարող, քանի որ կյանքի փորձն արխաիկ է, կյանքից ունեցած պահանջները` չափազանց համեստ: Եվ, ամենակարևորը, հայրը չի կարող ապահովել ընտանիքի կարիքները. աշխատանք չունի:

Այն, ինչ, լավագույն դեպքում, նա ունի` սեփականաշնորհված երկուսենյականոց բնակարանն է: Որդին խելացի է: Նա ամեն ինչ հասկանում է: Հասկանում է, որ հայրն իրեն տվել է այն ամենը, ինչ կարողացել է: Գիտի, որ հայրը ազնիվ է ապրել: Եվ, որ այդ չարաբաստիկ 2 սենյականոց բնակարանն էլ, ի վերջո, իրեն է բաժին հասնելու: Սակայն ժամանակակից մտածողությամբ` «ազնիվ»` նշանակում է «անհաջողակ»: Երիտասարդն էլ անազնիվ չէ. հասկանում է` կարելի է հարստանալ ոչ թե բանկ թալանելով, այլ բանկ ղեկավարելով: Ի վերջո, ծնողների տխուր հայացքը, իհարկե, խոցում է` մինչև հոգու խորք: Սակայն հարևան սենյակում, միայնակ և բարձրաձայն հեկեկալուց հետո վրա է հասնում փիլիսոփայական հանդարտություն: Առջևում սեփական կյանքն է:

Իսկ կյանքը, ինչպես համոզում են ոմանք, մեկն է, և ապրել այն այնպես, ինչպես իր հայրն է ապրել, որդին այլևս չի ցանկանում: Որդին գիտի կարևոր մի արտահայտություն` «Վերցրու կյանքից հնարավորը»: Եվ որդին պատրաստ է ապրել` առանց իր կյանքում «հորն» ունենալու: Երբ քննարկում ենք արտագաղթի խնդիրը` դեմոգրաֆիկ տեսակետից, պատկերը հուսահատեցնող է: Երկիրը դատարկվում է մարդկանցից` հազարներով գնում են: Սակայն այդ հազարավորներից յուրաքանչյուրն ունի գնալու իր հիմնավորումը: Եվ ոչ պակաս կարևոր մեկ այլ հիմնավորում` ինչու չի կարող մնալ:

Եվ այստեղ առաջ է գալիս ծանր ընտրության հարցը. ինչն է ավելորդ (ինչը թողնել) և ինչն է գլխավոր (որն անպատճառ պետք է տանել): Տարիների ընթացքում բոլորս ականատես ենք մեր ընկերների, հարազատների ընտրությանը: Եվ բազմաթիվ օրինակները թույլ են տալիս սիրողական վիճակագրություն անել: Այն, ինչ հնարավոր է կանխիկ դրամի վերածել` կարևոր է: Ինչը` ոչ, ավելորդ է: Դասական հեղինակների հատորյակների, կալանխոէի ու ալոէի թփերի հետ հայրենիքում են մնում նաև ծնողները: Մեր աչքի առաջ տեղի է ունենում արժեքների տրանսֆորմացիա: Մեզ մոտ զավակներն ավանդաբար խոնարհվում էին հայրերի առաջ, նրանց համարում անառարկելի հեղինակություններ: Սակայն ձևավորվում է մի նոր մշակույթ, նոր միջավայր, ուր այդ հայրերի դերը չափազանց փոքր է: Գրեթե զրոյական: Վերցրեք «Գինդը»:

Առաջինը, ինչ կնկատեք, այդ թերթի` օրեցօր ավելացող էջերն են: Եվս ինչ-որ ժամանակ, և թերթը կունենա Շեքսպիրի հատորյակի հաստությունը: Ընթերցանությունն էլ պակաս դրամատիկ չէ, քան շեքսպիրյան ողբերգությունները: Առաջին տեղում բնակարանների վաճառքի թեմատիկայով հայտարարություններն են: Դրան հաջոդում է տարեց ու միայնակ մարդկանց խնամող դայակների փնտրտուքը: Հեռանալ` աշխատելու կամ կյանքը բարվոք դարձնելու նպատակով, անհատական որոշում է: Սակայն ծնողներին իրենցից զրկելը զավակների կողմից դաժան որոշում է:

Եվ այդ որոշումը նախևառաջ խրախուսում են հենց ծնողները, որպեսզի զավակները հանկարծ խղճի խայթ չզգան: Վստահեցնում են, որ իրենք լավ են, ուրախ, որ անպատճառ առողջ ու երկար կյանք են ունենալու: Կարելի է առարկել` ողջ աշխարհում է այդպես. երիտասարդները հեռանում են, փորձում սեփական կյանքը դասավորել` իրենց ցանկացած երկրում և իրենց պատկերացրածով:

Սակայն զարգացած երկրներում յուրաքանչյուրը թիկունքին ունի պետություն, ընտանիքի անդամներից ոչ մեկն անհամբերությամբ մյուսի թոշակին կամ աշխատավարձին չի սպասում, չաշխատող մարդուն ոչ ոք հանդիմանական հայացք չի գցում` ձեռքը հացի ամանին մեկնելուց հետո: Մեր երկրում ծնողին պետությանը հանձնելը նույնն է թե` ծնողին լքելը:

Այս պատմությունը` կապված բարեկամիս հետ, գրված է նույն սցենարով, ինչ Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքներից մեկը: Հաճի աղայի ընտանիքը ստիպված է գյուղից փախչել. թուրքը մոտենում է: Սայլին բարձում են առաջին անհրաժեշտության իրերը, տեղավորվում են ընտանիքի անդամները ու հանկարծ նկատում` անդամալույծ, անկողնուն գամված քրոջ համար սայլում տեղ չկա:Քույրն ինքն է հորդորում անհոգ լինել ու փախչել` առանց իրեն: Որդին այդպես էլ վարվում է` վերցնում է իր ընտանիքը, անհրաժեշտ իրերն ու փախչում: Եվ մի փոքրիկ մանրուք. մեղավորության զգացումը և խղճի խայթը նրան տանջում են մինչև մահ: Պատմվածքի վերնագիրն է` «Ավելորդը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս