Բաժիններ՝

21 տարի անց (գծապատկերներ)

Անկախության տարեդարձը հարմար առիթ է` հետադարձ հայացք գցելու անցած 21 տարիների տնտեսական անցուդարձին և հասկանալու, թե որտեղից ուր ենք հասել:

1991թ. տեղի ունեցավ տնտեսական կյանքի իսկական հեղափոխություն: Նախ` փոխվեց տնտեսակարգը` վարչահրամայականից դեպի շուկայական: Եթե ոչ մի այլ գործոն չլիներ, այս անցումը բավական էր տնտեսությունը շոկի մատնելու համար: Սակայն Հայաստանում տնտեսական վիճակի վրա ազդեցին շատ այլ գործոններ` բացասական իմաստով: ԽՍՀՄ փլուզման արդյունքում Հայաստանը կորցրեց մատակարարներին և շուկան: Սրան գումարվեցին պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, և այլն:

Ավագ սերնդի ներկայացուցիչները համեմատականներ անցկացնելու համար թվերի կարիք թերևս չունեն: Այդուհանդերձ, մենք առանձնացրել ենք մի շարք ցուցանիշներ Համաշխարհային բանկի տվյալների բազայից և դրանց հիման վրա կազմել գծապատկերներ: Մեր անցած տնտեսական ուղին այս տեսքով, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողներին:

Տնտեսական աճ և ՀՆԱ-ի մեծություն

Համաշխարհային բանկն այս ցուցանիշները Հայաստանի համար ներկայացնում է 1991 թվականից սկսած: Այդ տարում արձանագրվել է ՀՆԱ -ի 11.7% անկում: Ամենամեծ անկումը, սակայն, արձանագրվել է 1992թ.` 41.8%: 1994 թվականից տնտեսությունը սկսեց կայուն աճ արձանագրել, իսկ 2002-2007թթ. ժամանակահատվածում աճը երկնիշ թվով էր արտահայտվում: Հենց այդ ժամանակ էր, որ ոմանք սկսեցին մեզ անվանել «Կովկասյան վագր»: Սակայն վագրն այնքան էլ ահարկու չէր: Ավելին, հիվանդ էր, քանի որ տնտեսական աճը հիմնված էր շինարարության և հանքարդյունաբերության ոլորտի վրա: Այդ հիվանդությունը` տնտեսության ոչ բավարար դիվերսիֆիկացիան իրեն զգացնել տվեց 2009թ. համաշխարհային ճգնաժամի ժամանակ: «Վագրը» չդիմացավ փորձությանը, և արձանագրվեց ՀՆԱ-ի 14% անկում: Ներկայումս տնտեսական աճը նախատեսված է տարեկան 4%-ի սահմաններում, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` կառավարությունը պետք է փորձի ապահովել 5-7% տնտեսական աճ: Ինչևէ, կարող ենք արձանագրել, որ 1991-2011թթ. ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 անգամ` 2 միլիարդից հասնելով 10.2 միլիարդ դոլարի:

 

Սպառողական գների ինդեքս կամ գնաճ

Սա անցումային շրջանի տնտեսության ամենացավոտ թեման է: Բոլորն են հիշում, որ փողն արժեզրկվում էր ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ: Այդ իսկ պատճառով գծապատկերը կառուցել ենք` սկսած 1996 թվականից, քանի որ նախորդ տարիների աստղաբաշխական թվերը պարզապես տեսքից կգցեին և անհասկանալի կդարձնեին կորը: Նշենք, որ ըստ ՀԲ տվյալների, 1994թ. գնաճի ինդեքսը կազմել է 4448%, այսինքն` գները նախորդ տարվա համեմատ աճել են ավելի քան 50 անգամ£ Հաջորդ տարի` 1995-ին, գնաճը 2.7 անգամ էր: 1996թ. հաջողվեց վերջապես սանձել գները. գնաճը կազմեց 18.7%: Այսօր բյուջեով թույլատրելի առավելագույն ցուցանիշ է սահմանված 5.5%-ը:

 

Տոկոսադրույքներ

Այս ցուցանիշը հատուկ ենք առանձնացրել, որովհետև շատերն այդ տարիներին զգալի գումարներ կորցրին` գայթակղվելով որոշ խարդախների և ֆինանսական բուրգերի առաջարկած չլսված տոկոսադրույքներով: 1991-1994 թվականներին վերաբերող կոնկրետ տեղեկատվություն ՀԲ-ն չի ներկայացնում, սակայն շատերը կհիշեն, որ ոմանք առաջարկում էին գումար վերցնել տարեկան 300% և ավելի տոկոսադրույքով: 1995թ. բանկերի առաջարկած վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 111.9%, 1996թ.` 66.4%: Ֆինանսական ոլորտի կայացմանը զուգահեռ` տոկոսադրույքներն աստիճանաբար նվազեցին և այսօր տատանվում են միջինը 15-17%-ի սահմաններում:

 

Արտագաղթ

Զուտ տնտեսական ցուցանիշներից բացի, առանձնացրել ենք նաև ժողովրդագրական տվյալներ, քանի որ դրանք տնտեսական զարգացումների անմիջական հետևանք են` Հատկապես, որ միգրացիայի ցուցանիշը (ներգաղթածների և արտագաղթածների թվի տարբերությունը) մեր ամենացավոտ կետերից մեկն է: Համաշխարհային բանկն այս ցուցանիշը ներկայացնում է 5 տարվա կտրվածքով: Ըստ այդմ, արտագաղթի առումով ռեկորդային է եղել 1992-1996թթ. ժամանակահատվածը. Հայաստանը լքել է շուրջ կես միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, 1987-2011թթ. ընկած ժամանակահատվածում արտագաղթի թիվը մոտենում է 970 հազարին: Ամենացավալին այն է, որ արտագաղթը շարունակվում է նաև այսօր:

 

Ծնելիություն

Գծապատկերում ցույց է տրված յուրաքանչյուր տարի ծնվածների թիվը` 1000 մարդու հաշվով: Վերջին տարիներին այդ թիվը կայուն պահպանվում է 15-ի վրա: Առաջին եզրակացությունը, որին կարելի է հանգել այս թվերին նայելով` հետևյալն է` պատերազմի տարիներին Հայաստանում ավելի շատ ծնունդներ են եղել, քան երկնիշ տնտեսական աճի տարիներին և այսօր: Սա խոսում է ինչպես` այդ աճի որակի, այնպես էլ` այն մասին, որ բնական աճին և ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումները բավարար չեն: Համեմատության համար նշենք, որ 1987թ. այդ ցուցանիշը կազմել է 23, որից հետո կայուն անկում է ապրել` 1999-2000թթ. հասնելով 13-ի:

 

Ինչևէ, 21 տարին պատմության համատեքստում այնքան էլ երկար ժամանակահատված չէ: Հուսանք, որ հաջորդ «կլոր» հոբելյանին այս կորերը կձգտեն դեպի վեր:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս