
Այս խունտան նոր ցեղասպանության հարթակ է ստեղծում՝ միտումնավոր կազմալուծելով անվտանգության համակարգը. Հայկ Դեմոյան
Այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, իր գործելաոճով, քայլերով, ժխտողական հայտարարությունների տեքստերով, բացահայտորեն հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության պատմական եղելության փաստը։ Անցյալ տարեվերջին տեսանք, թե ինչպես Արմտյան Հայաստանը հավասարեցվեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի հետ, այս հունվարին տեսանք Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի ժխտողական պնդումները, ապա՝ ակադեմիական համայնքի, առաջին հերթին՝ պատմաբանների լռությունը։ Սա պետք է գրանցենք պատմության համար։ Հանրագումարում գալիս ենք սարսափելի մի եզրահանգման՝ այս ամենը տեսնում են նաև ոճրագործների հետնորդները, այն նույն իշխանություններն ու պետությունները, որոնք չեն դադարել ոճրագործ լինելուց, այն է՝ Ադրբեջանը և Թուրքիան։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմագիտության դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Այս երկրները սա ընկալում են որպես ազդակ և ազդանշան՝ հաջորդ համանման գործողությունն անպատիժ կերպով անելու։ Արցախում նրանք դա արդեն իսկ արեցին և վայելում են անպատժելիությունը։ Այսօր փոխանցումները հայաստանյան առաջին դեմքերի շուրթերից են տեղի ունենում՝ նոր ցեղասպանության համար հարթակ ստեղծելու նպատակով։ Սա ոչ թե չափազանցություն է, այլ ողբերգական նոր արարի արձանագրումը, որը պիտի անենք։ Այնպես չէ, որ խոսքն ասվեց-գնաց, արձանագրվեց, երկու օր քննարկվեց, լրագրողները հարց տվին, պատասխանեցինք, անցանք մյուս դասին։ Ամեն ինչ մնում է հիշողության մեջ։ Հիշողությունը մնում է ոճրագործի մեջ, բայց մեր մեջ՝ որպես զոհի, այն չի մնում, որովհետև այսօրվա իշխանությունները քայքայում և ոչնչացնում են այն հիշողությունը, որն անվտանգության առաջին հիմնաքարն է»,- ասաց գիտնականը։
«Չգիտես ինչու, օլիգարխիական ուղեղները և, այսպես կոչված, ժամանակակից մտածող, իրենց շատ առաջադեմ մտավորական համարող երիտասարդներ կարծում են, թե ցեղասպանության հիշողությունն ինչ-որ հետամնաց թեմա է, որը խոչընդոտում է մեր առաջընթացին, հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն։ Նույնիսկ չարժե օրինակներ բերել այլ ժողովուրդներից։ Ցեղասպանության հիշողությունն առաջին հերթին պետք է լինի պետականաստեղծ գործոն՝ անվտանգության առումով։ Այդ պետությունը ստեղծվում է այն բանի համար, որ թույլ չտա նույնի կրկնությունը։ Մինչդեռ պետականություն կոչվածը և մնացած անվտանգային համակարգերն այսօր քայքայվում, ավերվում, լուծարվում են բացահայտ ձևով և ամենօրյա ռեժիմով»,- նշեց Դեմոյանը։
Պատմաբանի կարծիքով՝ երկրում չի գործում, ավելին՝ միտումնավոր կերպով կազմալուծվում է անվտանգության համակարգը․ «Չկա որևէ մարմին, որը երկրի ներքին և արտաքին անվտանգության հարցերի համար պատասխանատու լինի։ Հիմնական քայքայիչ աշխատանքն իրականացվում է Հայաստանում իշխանության գտնվող խունտայի կողմից։ Ի՞նչ ակնկալենք մարդկանցից, ընդ որում՝ դրանք թիմի հիմնական, առանցքային մարդիկ են, ովքեր ամենախայտառակ, լկտի և ստոր գործողություններն են իրականացրել հենց Ծիծեռնակաբերդում։ Հեռու չգնանք, դիտարկենք մասնավոր մի դեպք։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2010-ականների սկզբին չորս տարի շարունակ հայ-թուրքական մանկական և երիտասարդական հաշտության հանձնաժողովների մեջ է եղել։ Դա իր կենսագրության մեջ գրված է»:
«Որևէ մեկը, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, չհետաքրքրվեցին և չպարզաբանեցին, թե ինչ հանգամանքներում, որտեղ, ինչ դրամաշնորհներով է Արայիկ Հարությունյանը ներգրավվել այդ հանձնաժողովներում։ Նա վարչապետի աջ ձեռքն է, միգուցե և ավելի շատ գործառույթներ ունի, քան Նիկոլ Փաշինյանը։ Գուցե նա հավաքագրվե՞լ է այդպիսի աշխատանք անելու համար։ Նրա և Հովհաննես Հովհաննիսյանի խայտառակ գործողությունները Ծիծեռնակաբերդում 2018-ին մենք տեսել ենք»,- ամփոփեց Հայկ Դեմոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում