«Արցախահայերը փողի կռիվ չեն անում, մինիմալ պայմաններ ենք ուզում, որպեսզի ապրենք ու չհեռանանք. այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որ արցախցին ՀՀ-ից արտագաղթի». Արտակ Մկրտչյան

Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի 3 անդամների հանդիպումից հետո, երբ պարզ դարձավ, որ մարտի 29-ի հանրահավաքում արցախահայերի բարձրացրած հարցերից որևէ մեկը չի լուծվելու, խորհուրդը երեկ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ սկսում են լայն համախմբման գործընթաց։

Խորհուրդը կոչ է անում արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին՝ համախմբվել իրենց ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել համազգային պայքարին։ Նաև մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում կհայտարարեն հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ Արտակ Մկրտչյանը, մինչ այս գործընթացից ունեցած ակնկալիքների մասին խոսելը, նախ մանրամասնեց, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ և ինչու որոշեցին հանրահավաք անցկացնել։

«Ի սկզբանե տարբեր առիթներով մենք հանդիպում էինք իշխանության ներկայացուցիչների հետ, տարբեր խմբերով ու հասարակական կազմակերպության անդամներով, իրենք միշտ ասում էին, որ տարբեր արցախցիների հետ շփվելով՝ ծրագրեր են իրականացնում։ Մենք իրենց ասում էինք, որ այն արցախցիների հետ, որոնց հետ շփվել ու ծրագրեր են իրականացրել, այդ անձանց անունները ներկայացնեն, որպեսզի հասկանանք, թե մեր խնդիրներն իրենք ում հետ են քննարկում։ Մինչև հիմա որևէ մեկի անունը չեն ասել։ Հանրահավաքի նպատակը հենց այն է եղել, որ այդքան մարդ իրենցից դժգոհում է»,- 168.am հետ զրույցում նշեց Արտակ Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ իրենց ներկայացրած 12 պահանջներին իշխանությունն արձագանքել է հատվածական, այն էլ՝ այնպիսի տրամադրվածությամբ, որ «արցախցին Հայաստանում բեռ է, որ այդքան էլ արել են՝ պիտի շնորհակալ լինեն»։

«Մենք ինչ պահանջներ ներկայացնում ենք, զուգահեռ ներկայացնում ենք նաև լուծման ճանապարհներն ու ուղիները։ Մենք չենք ասում՝ պետական բյուջեից մեզ փող տվեք, արցախահայերը փողի կռիվ չեն անում, արցախահայերն ուզում են մինիմալ պայմաններ ապրելու համար, մինչև ճանապարհ կբացվի, ու կվերադառնան Արցախ։ Մեր առաջին խնդիրն Արցախ վերադառնալն է, բայց մինչև վերադառնալը, պետք է գոնե Հայաստանում լինեն մինիմալ պայմաններ, որպեսզի ապրենք ու չհեռանանք։ Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որպեսզի արցախցին Հայաստանից արտագաղթի, բայց մենք չենք ուզում, ուզում ենք Մայր հայրենիքում ապրենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Շարունակելով՝ Արտակ Մկրտչյանը տեղեկացրեց՝ այս ընթացքում տեղի կունենան ակցիաներ, որպեսզի ամբողջ հայ ազգը հասկանա, որ սա ոչ թե արցախահայերի, այլ հայ ազգի, համահայկական հարցն է։

«Եթե արցախահայերը խնդրի առաջ են կանգնում Հայաստանում, խնդրի առաջ է կանգնում նաև սփյուռքահայը։ Սա համազգային հարց է դարձել, դրա համար ազգը պետք է միասնական լինի, որպեսզի կարողանանք գոնե մեր իրավունքները պաշտպանենք»,- ընդգծեց Արտակ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախահայերի հրավիրած հանրահավաքը, որից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ արցախահայերի հավաքական վերադարձի, իրենց հողում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնելու վերաբերյալ։ Հանրահավաքից հետո վրան տեղադրվեց Ազատության հրապարակում՝ սպասելով իշխանությունների արձագանքին։

Տեսանյութեր

Լրահոս