
Թոշակառուների թոշակները դրոշ դարձրած եկան իշխանության՝ թոշակառուներին մոռացան

Իրենց կյանքը բարելաված ու հղփացած ՔՊ-ականներին, որոնք ժամանակին նաև թոշակառուների թոշակները դրոշ դարձրած եկան իշխանության, այլևս քիչ է մտահոգում, թե վերջին տարիների համատարած թանկացումների պայմաններում թոշակառուներն ինչպես պիտի կարողանան մի ամբողջ ամիս ապրել 36.000 դրամ նվազագույն կամ թեկուզ 49.000 դրամ միջին կենսաթոշակով։ Նրանց թվում է, թե 7 տարում թոշակները մի քանի հազար դրամով ավելացնելով՝ մեծ լավություն են արել թոշակառուներին ու կարող են իրենց թույլ տալ հանգիստ խղճով մերժել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խոցելի այս խմբի սոցիալական կարիքների պաշտպանությանը։
Երբ եկան իշխանության, Հայաստանում միջին կենսաթոշակը 40 հազար դրամից մի փոքր ավելի էր։ 7 տարվա «շռնդալից» բարձրացումներից հետո, միջին կենսաթոշակը դարձել է 49.000 դրամ։ Բարձրացել է ընդամենը 8800 դրամով։
Նվազագույն կենսաթոշակն ավելի շատ է բարձրացել՝ 16 հազար դրամից դարձել է 36.000 դրամ։ Բայց դա վերաբերում է թոշակառուների շատ փոքր մասին՝ ընդամենը 10-12 տոկոսին։ Այն դեպքում, երբ Հայաստանում 500.000-ից ավելի թոշակառուներ կան, որոնց գրեթե 90 տոկոսի կենսաթոշակները 7 տարում ավելացել է ընդամենը 8800 դրամով։ Ու չնայած նրան, որ նվազագույն կենսաթոշակը թոշակառուների շատ փոքր մասին է վերաբերում, թոշակների բարձրացման մասին խոսելիս ՔՊ-ականները հատկապես նվազագույն կենսաթոշակն են շահարկում։ Նույնիսկ հայտարարում են, թե նվազագույն կենսաթոշակների բարձրացման վրա կառավարությունը տարեկան հավելյալ 380 մլն դոլար է ծախսում։ Ակնհայտ սուտ, որը բացարձակ կապ չունի իրականության հետ։
Եթե անգամ համարենք, որ նվազագույն կենսաթոշակը անցած 7 տարվա ընթացքում միանգամից է բարձրացել՝ 16 հազարից դառնալով 36 հազար դրամ, միևնույն է, դա չէր կարող բյուջեի վրա տարեկան 380 մլն դոլար արժենալ։
Իրականում խոսքը տարեկան ընդամենը 18 մլրդ դրամի մասին է, որը ՔՊ-ականներն ուռճացրել ու դարձրել են 380 մլն դոլար, որպեսզի ցույց տան, թե ինչպիսի առատաձեռնություն են ցուցաբերել կենսաթոշակների նկատմամբ։ Առնվազն այդքան, եթե ոչ անգամներով ավելի շատ բյուջետային գումարներ տարեկան միայն իրենց պարգևավճարներն են, չհաշված աշխատավարձերը։
Անշուշտ, կենսաթոշակների վճարումը ծանր բեռ է բյուջեի համար, ու միշտ է այդպես եղել։ Բայց այնպես չէ, որ դրանք բարձրացնելու հնարավորություններ չկան։ Հնարավորություններ կան, ցանկություն չկա։ Չեն ուզում իրենց գրպանից կտրել՝ տալ թոշակառուներին, դրա համար էլ, երբ հարցը հասնում է թոշակների բարձրացմանը՝ բյուջեն են դեմ տալիս, լացում են, որ բյուջեում այդքան փող չկա։
Բոլոր կենսաթոշակառուների թոշակները 1000 դրամով ավելացնելու դեպքում տարեկան անհրաժեշտ է գրեթե 6 մլրդ դրամ։ 5000 դրամով ավելացնելու դեպքում՝ անհրաժեշտ կլինի տարեկան 30 միլիարդ դրամ։ Այդքան խոսում են բյուջեի եկամուտները հարյուրավոր միլիարդ դրամներով ավելացնելու մասին, բայց երկրորդ տարին է՝ 6 մլրդ դրամ չեն գտնում՝ թոշակներն անգամ հազար դրամով ավելացնելու համար։
Հազար դրամը, իրենց հարյուր հազարների ու միլիոնների մեջ գումար չէ, բայց դա էլ չեն կամենում կենսաթոշակառուներին։ Յոթ տարում միջին թոշակը Հայաստանում ավելացրել են ընդամենը 22 տոկոսով ու համարում են, որ թոշակառուների խնդիրները լուծել են։ Կոպիտ հաշվարկներով, այդ 8800 դրամը ենթադրում է պետական բյուջեի վրա տարեկան 54-55 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ։ Այն պարագայում, երբ առիթը գալիս է, չեն վարանում բյուջեի եկամուտների կրկնապատկումից խոսել։
Պատկերացնելու համար ասենք, որ բյուջեի եկամուտների կրկնապատկումը ենթադրում է առնվազն 1 տրիլիոն դրամի կամ ավելի քան 2,5 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտներ։ Ու այդքանից կենսաթոշակների բարձրացմանն ուղղել են ընդամենը 54-55 մլրդ դրամ։ Մնացած գումարները ծախսել են իրենց քմահաճույքների համար։ Մի քանի հազար դրամով կենսաթոշակ են բարձրացրել, մի քանի հարյուր հազարով իրենց աշխատավարձերն են ավելացրել։ Կենսաթոշակների բարձրացման տեմպերը հարյուրավոր անգամներով զիջում է սեփական եկամուտների ավելացմանը։
Այսքանից հետո զարմանալի ոչինչ չկա նրանում, որ կենսաթոշակների չափերով Հայաստանը տարածաշրջանի ու ոչ միայն տարածաշրջանի երկրների համեմատ վատագույն դիրքում է։ Զիջում է Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին, բազմաթիվ այլ երկրներին։ Այն դեպքում, երբ ապրելու թանկությամբ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է։ Թանկությամբ վերջին տարիներին առաջ ենք անցել նաև առանձին եվրոպական երկրներից ու քաղաքներից։ Բայց անգամ դա առիթ չի տալիս իշխանություններին մի քիչ էլ մտածելու քաղաքացիների, առավել ևս՝ անապահով քաղաքացիների եկամուտների ավելացման ու սոցիալական երաշխիքների մասին։ Միայն իրենց գրպանի պարունակության մասին են հոգում։ Իսկ թոշակառուներին հորդորում են սպասել ու հուսալ, որ մի օր էլ իրենց կհիշեն։ Հիշելուց էլ հաստատ այնպես են հիշելու, որ 2-3 հազար դրամ թոշակի ավելացումը մեծ շռայլություն են համարելու թոշակառուների համար։
Թոշակների մասով իրենց տված խոստումը կատարված համարելու համար, հիմա էլ մեկ այլ խորամանկության են դիմում։ Խոստացել էին, որ նվազագույն կենսաթոշակը պետք է հարմարժեք լինի պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը՝ նվազագույն սպառողական զամբուղին։ Ու որպեսզի իրենց խոստումը կատարված համարեն, փոխարենը՝ թոշակներն այնքան բարձրացնեն, որ առնվազն հասցնեն պարենային ու սպառողական զամբյուղներին, պարենային ու սպառողական զամբյուղների արժեքներն են իջեցնում, որպեսզի համապատասխանեցնեն նվազագույն ու միջին կենսաթոշակների չափերին։ Ու սա այն դեպքում, երբ համատարած թանկացումների հետևանքով՝ բարձրացել է՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։
Այսօր թոշակառուն Հայաստանում սոցիալապես անպաշտպան է, բախվում է բազմաթիվ խնդիրների հետ՝ կապված՝ ինչպես հարկային բեռի ուղղակի ավելացումների, այնպես էլ՝ պարենային ու ոչ պարենային ապրանքների, տարբեր առաջնային ծառայությունների գների կտրուկ բարձրացումների հետ։
7 տարում Հայաստանում արձանագրված թանկացումների ազդեցությունը քաղաքացիների, այդ թվում՝ թոշակառուների վրա հաստատ անգամներով ավելին է, քան այն մի քանի հազար դրամը, որով ավելացրել են թոշակը։ Բայց անգամ այդքանից հետո իշխանությունները չեն բարեհաճում ընդառաջ գնալ թոշակառուներին ու միահամուռ մերժում են մի նախաձեռնություն, որն ընդամենը, օրենքի մակարդակով, սոցիալական երաշխիքներ պիտի տրամադրեր թոշակառուներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ