
«Գոյ» թատրոնի տարածքը մաքրել, այնտեղ ընդունել են ԿԳՄՍ նախարարին, ներկա են եղել երեխաներ, որոնք երևի չեն էլ իմացել, թե որտեղ են գտնվում և ովքեր են իրենց առջև կանգնած». Սարգիս Արզումանյան

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, «Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իր մրցանակից։
Նա մասնավորապես գրել էր. «Թատրոնի միջազգային օրը՝ լռության և ամոթի օր Հայաստանում. Այսօր, մարտի 27-ին, նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Հայաստանում այս օրը տարիներ շարունակ անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որտեղ գնահատվում են տարվա լավագույն թատերական աշխատանքներն ու արվեստագետները։
2018 թվականին ես արժանացա «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակին՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար։ Այդ ժամանակ այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ուներ՝ որպես տարիների աշխատանքի ճանաչման նշան։
Բայց այսօր՝ մարտի 27-ին, ես հրաժարվում եմ այդ մրցանակից: Հրաժարվում եմ, որովհետև այս մրցանակն այլևս իմ արժեքները չի արտացոլում։
Հրաժարվում եմ, որովհետև Հայաստանի թատերական դաշտն այսօր լռում է այն նույն անարդարության ու բռնության առջև, որը նկարագրել էր Օրուելը «Անասնաֆերմայում»»։
168.am-ի հետ զրույցում Սարգիս Արզումանյանն ասաց, որ այդ մրցանակն իրեն որևէ բան չի տալիս, այն ստացել է «Գոյ» թատրոնում աշխատելու ու ստեղծագործելու տարիներին, սակայն այսօր «Գոյ»-ը փաստացի գոյություն չունի։
«Այսքանից հետո այդ մրցանակն ինձ համար արժեք չունի, մրցանակը մշտապես տանը տեսնելը վրդովեցնում է, դրա համար վերադարձնում եմ, սա նաև որպես ակցիա է։ Մրցանակը դեռ ինձ մոտ է, բայց առաջիկայում անպայման հանձնելու եմ կազմակերպիչներին»,- նշեց Սարգիս Արզումանյանը։
Նշենք, որ 2023 թվականի գարնանը Կառավարությունը որոշեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնը միավորել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն այս որոշմանը դեմ արտահայտվեց «Գոյ» թատրոնի անձնակազմը և որոշեց դատական կարգով պաշտպանել իր շահերը։ Նրանց պայքարը մինչև օրս շարունակվում է։
Սարգիս Արզումանյանն ասաց, որ դատարանից սպասում են արդարադատություն, իսկ այլ կառույցներից սպասելիքներ այլևս չունեն։ Եթե նախկինում սպասելիքներ կար, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատասխանատու կազմակերպություն, կարող է ինչ-որ բան փոխել, այսօր արդեն փաստ է, որ այդ կառույցը ոչինչ չի ցանկանում անել։
«Սպասելիքներ չկան թե՛ Կառավարությունից, թե՛ ԿԳՄՍ նախարարությունից, սպասում ենք, որ դատարանը վերջիվերջո արդարադատություն կիրականացնի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Չնայած այս ամենին, «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմն ամեն ինչ անում է, որպեսզի թատրոնի տարածքը վերադարձնելուն զուգահեռ՝ նաև ստեղծագործի։ Առաջիկայում «Գոյ»-ի դերասանները հանդես կգան նոր ներկայացմամբ, որը կներկայացվի թատրոններից որևէ մեկի շենքում, բացի Սունդուկյան թատրոնից։ Այս պահին ներկայացման փորձերն ընթանում են Թատերական ինստիտուտում, ռեկտորը թույլ է տվել։ Սարգիս Արզումանյանը չցանկացավ ներկայացման հետ կապված այլ մանրամասներ հայտնել՝ նշելով. «Սպասենք 1-1,5 ամիս»։
«Եթե մեր տարածքը լիներ և թատրոնը գործեր, ապա շատ հավանական է՝ այս ներկայացումը լիներ թատրոնի խաղացանկում։
Մեր թատրոնի տարածքի վերաբերյալ դատական նիստերն ընթանում են։ Ի ուրախություն մեզ, արդեն անցել ենք դատաքննության փուլին, ինչը շատ կարևոր է, քանի որ ամեն ինչ արվում էր, որպեսզի գործը չհասնի դատաքննության փուլին, ու այն կարճվի, սակայն դատարանը տեղի չտվեց և գործը շարունակեց։
Ցավոք, Սունդուկյանի տնօրինությունը շրջանցել է օրենքը, բացի այն, որ ներխուժել են մեր թատրոնի տարածք ու այն օգտագործում են, նաև դահլիճից հեռացրել են հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։
Շատերը հասկանում են՝ սովորական նստատեղեր էին, բայց այնտեղ կար մի ամբողջ կոնստրուկցիա, որի վրա դրված էին նստատեղերը, հարթակներ էին, այդ ամբողջ հարթակները հիմա հավասարեցրել են գետնին։ Դրա տակ պահվում էր նաև մեր թատրոնի խաղացանկի 60 տոկոս դեկորացիան, չգիտեմ՝ այդ դեկորացիաները որտեղ են։
Այդ ամբողջ տարածքը մաքրել էին, մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, այնտեղ ընդունել են ԿԳՄՍ նախարարին, որտեղ երեխաներին ներկայացրել են իրենց ծրագրերը։ Այդ անմեղ երեխաները երևի չեն էլ իմացել, թե որտեղ են գտնվում և ովքեր են իրենց առջև կանգնած»,- ընդգծեց Սարգիս Արզումանյանը։