Ինչպես տեղեկացրել ենք՝ քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել էր, որ իրենց անհայտ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող ցուցարարներին: Նա Վ. Օսիպյանին ասել էր՝ հսկողություն իրականացնել, որպեսզի նրանք սադրանքներ չիրականացնեն:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում մոտեցավ Վալերի Օսիպյանին և տեղեկացրեց, որ Կասկադի մոտակայքում ինչ-որ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ ցուցարարներին:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այսօր եկել Բաղրամյան պողոտա, ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե «եկել է՝ տեսնի, թե ինչպես ենք աշխատում»: Նրա խոսքով՝ Վ. Գասպարյանը դրական է գնահատել իրենց աշխատանքը:
Այսօր Բաղրամյան պողոտայից Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել ակտիվիստ Տիգրան Մադոյանին՝ պատճառաբանությամբ, որ նա է աղբամանները տեղափոխել Բաղրամյան պողոտա:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից երթով միացան Բաղրամյան պողոտայում երեկվանից նստացույց անցկացնող ակցիայի մասնակիցներին: Որքան էլ զարմանալի է՝ ոստիկանները անհամեմատ քիչ են նախորդ օրերի համեմատ:
168.am-ի հետ զրույցում խոսելով արտասահմանյանը լրատվամիջոցների՝ Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի միջոցառումների արձագանքին, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Ուկրաինայում «հեղափոխության էքսպորտի սիրահարները մեզ ողջունելով տարածում են, որ Հայաստանում Մայդան է սկսվել, իսկ ռուսաստանյան պարանոյիդալ հիստերիկները նույնպես այդ նույն են ասում, բայց արդեն բացասական իմաստով»:
«Ի սկզբանե մենք էլ ենք դեմ եղել և բարձրաձայնել, որ նախագահի նստավայր երկխոսության չենք էլ բարձրանալու՝ դա կլինի 5 հոգանոց խմբով, թե ոչ: Իսկ թե ովքեր են երեկ այստեղ ղեկավարել՝ կապ չունի, քանի որ նախաձեռնող հիմնական կորիզը կամ ոստիկանությունում, կամ հիվանդանոցում կամ տանը հանգստանում էր: Այնպես որ՝ ամեն ինչ այստեղ նորմալ է անցել, հիմա մենք կազդուրվել ենք ու այստեղ ենք ու ամեն ինչ մեր վերահսկողությն տակ է»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ էին երեկ քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը և Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ուղղորդում մարդկանց՝ չգնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:
Բաղրամյան պողոտայում երեկվանից հավաքված ցուցարարները մեծ անձրևանոցներ են տեղադրում փողոցի մեջտեղում: Այս պահին դեռևս 5 անձրևանոց կա Բաղրամյան պողոտայում: Դեռևս ոստիկանները չեն խոչընդոտում ցուցարարներին:
«Այստեղ մնալը միանշանակ ճիշտ է, իհարկե, դա ներկայացնում են որպես իրավախախտում, բայց փաստը ցուց է տալիս այն, որ մենք ունենք այնպիսի հանձնաժողովներ, այնպիսի պաշտոնյաներ, որոնք առաց այդ պառալիզացման ոչ մի հարց չեն լուծում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ է ճիշտ Բաղրամյան պողոտայում մնալը:
Այս պահին Բաղրամյան պողոտայում շատ քիչ թվով ոստիկաններ են մնացել: Բաղրամյան պողոտան վահաններով շղթայած ոստիկանները հեռացել են՝ փոխարենը երկաթե հարմարանքով փակել են փողոցը:
Անդրադառնալով Հունան Պողոսյանի այն մտավախությանը, թե ցուցարարներից ոմանց մոտ սառը զենք կա, Վ. Շուշանյանն ասաց, որ ինքը չի կարող բոլորին ստուգել, եթե իրենք նկատել են թող վերցնեն:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում՝ դիմելով ցուցարարներին, ասաց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների կողմից որպես պատնեշ բերված աղբամաններում պարկերով քարեր կան:
Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցարաները տարբեր վանկարկումներով պահանջում էին, որ նախարարը հեռանա իրենց մոտից: Բազմաթիվ կոչերից հետո՝ ԿԳ նախարարը հեռացավ ցուցարարների մոտից:
«Մեր կենդանի պատը պետք է մնա այստեղ, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ՝ այսինքն՝ ամբողջ գիշեր: Բոլոր այս կատեգորիայի մարդկանց կոչ ենք անում գալ և միանալ այս պատին, որպեսզի բացառենք բռնությունը»:
Ի տարբերություն նախորդ օրերի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման այսօրվա բողոքի ակցիա-երթին սկսեցին մասնակցել նաև շոու-բիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ:
«Երևանի ամենակարևոր փողոցներից մեկն էր փակ, որը բոլոր ծայրամասերն իրար է կապում, դուք դա պատկերացնո՞ւմ եք»:
«Սա պարազիտության տեղ չի, ովքեր ուզում են այս ամենի միջոցով դիվիդենտներ շահեն, թող գնան: Այնպիսի խումբ պետք է գնա նախագահի հետ հանդիպման, որ այսքան մարդու կարողանանք պատասխան տալ»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ցույց և նստացույց իրականացնող ակտիվիստների և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև կարծես թե համաձայնություն եղավ, որ 14 հոգով գնան ՀՀ նախագահական նստավայր և հանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ մի քանի լրատվամիջոցների ներկայությամբ:
Բաղրամյան պողոտայում նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները մի քանի աղբարկղեր են բերել ու պատնեշ ստեղծել իրենց և ոստիկանների միջև:
Էլեկտրաէներգիաի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նստեղին Բաղրամյան պողոտայում:
Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարները, որոնք երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, գրեթե մոտեցել են ոստիկանների կազմած պատին:
Ցուցարարները երթով արդեն մոտենում են Բաղրամյան պողոտային, սակայն պողոտայի սկզբնամասում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել: Այնտեղ են նաև կարմիր բերետավորները:
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները որոշեցին երթով շարժվել Բաղրամյան պողոտա:
Ն. Սամսոնյանի խոսքով՝ Բաղրամյան 26-ը չպետք է ունենա Բաստիլի նշանակությունը: Նա ասաց, որ հիմա իրենք Ազատության հրապարակում պետք է սպասեն մինչև իրենց վերջին ընկերն էլ ազատության մեջ հայտնվի, որից հետո նոր որոշեն իրենց հետագա քայլերը:
Ազատության հրապարակում հակասական տրամադրություններ են: Ակցիայի կազմակերպիչների մի մասը պնդում է, որ պետք է երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
Ազատության հրապարակում տարբեր տեսակետներ են հնչում. ոմանք պնդում են ու փորձում են ժողովրդին առաջնորդել Բաղրամյան պողոտա, սակայն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեմ են՝ հայտարարելով, որ պետք է նախ քննարկել անելիքները:
Քիչ առաջ ծափահարությունների ներքո Ազատության հրապարակ մտավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: «Կոչ եմ անում՝ ոչ մեկիդ դուխը չընկնի»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող, քանի որ նոր է ազատ արձակվել: Նա նշեց, որ «որքան հասկացել» է՝ որպես վկա է ներգրավվել քրեական գործում:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ակտիվիստները հայտարարեցին, որ ազատ են արձակել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին, Միհրան Ավագյանին և Արմեն Մկրտչյանին: Նրանք րոպեներ հետո կմիանան ակցիայի մասնակիցներին:
Ազատության հրապարակում հավաքվում են «Ոչ թալանին» ակցիայի մասնակիցները: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները համարժեք են լինելու: Նա պնդում է, որ լուսադեմին նույնպես ոստիկանության գործողությունները համարժեք էին:
«Ամբողջությամբ խաղաղ է եղել մեր հավաքն ու երթը, բացարձակապես որևէ օրենքից դուրս քայլ չենք արել, հորդորել ենք, որպեսզի քաղաքացիները զգոն լինեն ու սադրանքների չտրվեն, ու քանի որ մեր հավաքը խաղաղ էր, ոստիկանները պարբերաբար խցկվում էին մեր մեջ ու փորձում էին սադրել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռիմա Սարգսյանը, ում հաջողվել է այսօրվա դեպքերի ժամանակ խուսափել բերման ենթարկվելուց: Նա կարծում է, որ ակտիվիստների կողմից սադրանքները չեն եղել, դրանք եղել են քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: