Ցուցարարները չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան առաջիկա 5-10 օրերին
Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում է նստացույցը և բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: 168.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտնեց, որ իրենք դեռևս չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան: Այստեղ մնալուց բացի՝ նրանք նաև մի շարք անհնազանդության ակցիաներ են իրականացնելու Երևանի տարբեր մասերում և հանրապետության տարբեր մարզերում, բայց Բաղրամյանում գտնողները մնալու են այստեղ մինչև իրենց պահանջի բավարարումը. «Այստեղ մնալը միակ տարերակն է ու մնալու ենք այնքան ժամանակ, մինչև պատասխանը չստանանք: Դա կլինի 5 օր, 10 օր՝ մենք այստեղ են մնալու»:
Մեր դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հավաքի որակը փոխվեց, երբ պատգամավորները, մտավորականները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները և հոգևորականները երեկ գիշերը մարդկային պատնեշ էին կազմել ոստիկանների և ցուցարարների միջև,. Շուշանյանն այսպես պատասխանեց. «Դա հիմնականում նրանից էր, որ նախաձեռնող խմբից ոչ ոք այստեղ չէր, որովհետև բոլորը ծեծ ու ջարդի հետևանքով կամ քաղմասներում էին, կամ տներում հոգնած կամ էլ հիվանդանոցներում պառկած բուժզննումներ էին անցնում: Օրինակ, ես այստեղ երեկ մեկ ժամով եմ եղել, այն էլ վատ էի, որ ինձ ստիպված տարել են տուն, որ կազդուրվեմ: Հիմա եկել եմ նորից այստեղ, ամեն ինչը մեր վերահսկողության տակ է»:
Անդրադառնալով Հունան Պողոսյանի այն մտավախությանը, թե ցուցարարներից ոմանց մոտ սառը զենք կա, Վ. Շուշանյանն ասաց, որ ինքը չի կարող բոլորին ստուգել, եթե իրենք նկատել են թող վերցնեն: