Արգիշտի Կիվիրյանն ու Անդրեաս Ղուկասյանը ազդեցի՞ն, որ ցուցարարները նախագահի հետ հանդիպման չգնան
«Ի սկզբանե մենք էլ ենք դեմ եղել և բարձրաձայնել, որ նախագահի նստավայր երկխոսության չենք էլ բարձրանալու՝ դա կլինի 5 հոգանոց խմբով, թե ոչ: Իսկ թե ովքեր են երեկ այստեղ ղեկավարել՝ կապ չունի, քանի որ նախաձեռնող հիմնական կորիզը կամ ոստիկանությունում, կամ հիվանդանոցում կամ տանը հանգստանում էր: Այնպես որ՝ ամեն ինչ այստեղ նորմալ է անցել, հիմա մենք կազդուրվել ենք ու այստեղ ենք ու ամեն ինչ մեր վերահսկողությն տակ է»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ էին երեկ քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը և Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ուղղորդում մարդկանց՝ չգնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, ասաց «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը:
Ըստ նրա՝ Ա. Կիվիրյանը և Ա. Ղուկասյանն ուղղակի զորակից քաղաքացիներ են, պատասխանատվությունն այդ օրը վերցրել են իրենց վրա, ինչն, ըստ Վաղիկնակի՝ շատ գովելի է:
Հարցին՝ եթե բանակցությունները բացառում եք, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասնեք ձեր պահանջի կատարմանը, նա պատասխանեց, որ պետք է ուղղակի չեղյալ համարել օրենքը: Հարցին էլ՝ բայց որքանո՞վ է դա իրատեսական՝ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Մենք սկզբում պահանջել էինք կասեցում, դա նշանակում է՝ անկախ աուդիտորական խումբ ստեղծեք, որ ստուգեն իրականում նման թանկացման կարիք կա՞, թե՞ ոչ: Նրանք դրան չհետևեցին, չկասեցրեցին՝ հետագայում ուսումնասիրելու նպատակով, մենք էլ պահանջը փոխեցինք՝ չեղարկել, այսինքն՝ եթե չեք լսում մեզ, ուրեմն՝ չեղարկեք, ոչ մի կասեցում: Երբ մենք բարձրացրեցինք չեղարկելու հարցը, նրանք սկսեցին երկխոսությունների տանել: Միգուցե հիմա հանդիպեինք ասեին՝ կասեցնում ենք, մի աուդիտորական խումբ կկազմենք, 4 ամիս հետո նորից կբարձրացնեին՝ կասեին բա, անկախ աուդիտորկան խումբը պարզել է, որ պետք է բարձրացնել: Մենք դրան դեմ ենք, չենք գնալու երկխոսության, բանակցելու ոչինչ չունենք»:
Նա նշեց նաև, որ հաշվի առնելով նախկին փորձերը («Նաիրիտի» հարցը, կենսաթոշակների հարցը ) ցանկացած հանդիպում վարչապետի և նախագահի հետ, բերում է փակուղի. «Մենք հանդիպելու ու քննակելու ոչինչ չունենք, մենք մեր պահանջի տերն ենք՝ չեղարկել և վերանայել նվազեցնելու նպատակով»: