Աղբարկղեր` ցուցարարների և ոստիկանների միջև
Բաղրամյան պողոտայում նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները մի քանի աղբարկղեր են բերել ու պատնեշ ստեղծել իրենց և ոստիկանների միջև:
Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի անգամ հորդորեց նրանց, որպեսզի հեռացնեն աղբարկղերը, այլապես համարժեք պատասխան կստանան ոստիկանների կողմից, բայց աղբարկղերը դեռևս շարունակում են այնտեղ մնալ:
Նա նաև հայտարարեց, որ սուտ են այն լուրերը, որ կան դեռևս անազատության մեջ գտնվող քաղաքացիներ: Վ. Օսիպյանի խոսքով` ակտիվիստների մեջ կան սադրիչներ, ու հորդորեց նրանց հեռու մնալ այդ սադրիչներից:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցան փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը: Վերջինս նույնպես բարձրախոսով հայտարարեց, որ ցուցարարների մեջ սադրիչներ կան, որոնք կարող են բախումներ սադրել:
Նաև նշեց, որ ոստիկանները չեն ուզում բռնություն գործադրել, սակայն իրավիճակը կարող է սադրանքների արդյունքում բարդանալ: Հ. Պողոսյանը կոչ արեց ուշադիր լինել և ցուցարարների շարքերից հեռացնել սադրիչներին: