Հունան Պողոսյանը հորդորում է հանդիպել ՀՀ նախագահի հետ. «Գուցե ձեզ համար անսպասելի ելքերով լուծումնե՞ր առաջարկվեն»
«Մենք ուղղակի հաճույք ենք ստանում այս երիտասարդների հետ շփվելով, նրանց պահանջով, բայց պահանջը ոչ օրինական ճանապարհով են ներկայացնում»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նա նշեց` եթե երթը խաղաղ է ու օրինականությունը չի խախտվում, ապա ոստիկանությունը ոչ մի միջոց չի կիրառում: Լրագրողի հարցին՝ երեկ ի՞նչ էին արել, որ նման բան արեցիք, Հ. Պողոսյանն այսպես պատասխանեց.
«Երևանի ամենակարևոր փողոցներից մեկն էր փակ, որը բոլոր ծայրամասերն իրար է կապում, դուք դա պատկերացնո՞ւմ եք»:
Դիտարկմանը, թե հիմա էլ է այդպես, Հ.Պողոսյանը պատասխանեց, որ դրա համար էլ բանակցում են ակտիվիստների հետ, որպեսզի բացեն ճանապարհը: Նա հորդորեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկել խնդիրը.
«Չեմ ուզում կանխագուշակել, բայց գուցե ձեզ համար անսպասելի ելքերով լուծումնե՞ր առաջարկվեն»: Փոխոստիկանապետը ևս մեկ անգամ զգուշացրել է, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ և խնդրել սադրանքների չտվել:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ցույց և նստացույց իրականացնող ակտիվիստների և փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի միջև համաձայնություն է եղել 14 մասնակիցներով գնալ ՀՀ նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ որոշ լրատվամիջոցների ներկայությամբ: