Բաժիններ՝

Ի՞նչ է լինելու այսօր Ազատության հրապարակում. պարզաբանում է ակտիվիստը

«Ամբողջությամբ խաղաղ է եղել մեր հավաքն ու երթը, բացարձակապես որևէ օրենքից դուրս քայլ չենք արել, հորդորել ենք, որպեսզի քաղաքացիները զգոն լինեն ու սադրանքների չտրվեն, ու քանի որ մեր հավաքը խաղաղ էր, ոստիկանները պարբերաբար խցկվում էին մեր մեջ ու փորձում էին սադրել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռիմա Սարգսյանը, ում հաջողվել է այսօրվա դեպքերի ժամանակ խուսափել բերման ենթարկվելուց: Նա կարծում է, որ ակտիվիստների կողմից սադրանքները չեն եղել, դրանք եղել են քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:

Rima-aktivistՆա պատմեց, որ երբ ոստիկաններն արդեն սկսել են վազել իրենց հետևից, քաղաքացիական հագուստով երկու մարդ փորձում էին մի տղայի տանել, երբ Ռիման հարցրել է, թե ի՞նչ են անում, այդ քաղաքացիական հագուստով մարդն ասել է՝ «Ես ձեզ չասացի՞՝ այստեղից գնացեք, էլ չտեսնենք ձեզ այստեղ». «Այսինքն՝ իրենք իրենց իրավունք վերապահեցին, որ մեզ արգելեն քայլել փողոցով, կամ Օպերայի տարածքում այլևս մեզ չտեսնեն: Իհարկե, դա մեզ բացարձակապես չի կոտրում: Այն քաղաքացիները, որոնք եկել էին, կոնկրետ հարցի շուրջ էին իրենց բողոքը բարձրաձայնում, որևէ կերպ թույլ չէին տալիս խուլիգանություն կամ այլ միջոցների կիրառում»:

Մեր հարցին՝ երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախագուշացրեց, որ ինքնաբուխ հավաքը կարող է տևել 6 ժամ, մտավախություն չունեի՞ք, որ նման բան կարող է տեղի ունենալ, ինչո՞ւ չհեռացաք, որ հետո գայիք, Ռ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ գնալուց հետո գայինք՝ կթողնեի՞ն այդտեղ գալ, ըստ օրենքի՝ քանի որ մեր ցույցը խաղաղ բնույթ էր կրում, որևէ մեկն իրավունք չուներ այդ հավաքը ցրել, որովհետև մենք որևէ վտանգ մեզնից չենք ներկայացնում: Առավել ևս, որ Ոստիկանության կողմից նշվեց, որ իրենք Բաղրամյան փողոցի խնդիր չունեն, երթևեկությունն այդքան էլ խանգարված չէ: Այսինքն՝ իրենք դրանով փաստեցին, որ Ոստիկանությունը կարող է քաղաքացիներին այլ ճանապարհներ տրամադրել, որևէ մեկի իրավունքը չի ոտնահարվում, և մենք կարող ենք այդտեղ խաղաղ կերպով իրականացնել մեր բողոքի ակցիան»:

Նա տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների թվում են «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներից՝ Մաքսիմ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Վաղինակ Շուշանյանը և Գևորգ Սանոյանը, ովքեր դեռևս ազատ չեն արձակվել: Ռիման նշեց, որ, եթե հիմա էլ ազատ արձակեն նրանց, արդեն ժամկետների առումով խախտում է տեղի ունեցել, ավելի շուտ պետք է ազատ արձակվեին:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե այսօր ի՞նչ են անելու, հնարավո՞ր է՝ նմանատիպ դեպքեր էլի կրկնվեն: Ի պատասխան՝ Ռ. Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ կլինի այսօր. «Կարծում եմ՝ Ոստիկանությունը նորից չի թույլ տա նոր քայլ անել, որը կլինի անօրինական, որովհետև մենք իրավունք ունենք մեր բողոքի ձայնը բարձրացնել»:

Հարցին էլ՝ ըստ ձեզ՝ այսօրվա դեպքերից հետո ձեզ միացողների քանակն ավելի կշատանա՞, թե՞ հակառակը՝ մարդիկ կվախենան միանալ պայքարին, ակտիվիստը պատասխանեց, թե կարծում է՝ չեն վախենա. «Որովհետև սա արդեն չափից ավել է, չի կարելի այսպես վերաբերվել քաղաքացիներին: Կարծում եմ՝ բոլորն արդեն շատ լավ հասկանում են, թե իրենց իրավունքն ինչքան անտեսված է ու ամեն պահի ոտնահարվում է: Մենք պետք է բոլորս ոտքի ելնենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս