Բաժիններ՝

Հայկական ARLOOPA-ի նորարարությունները՝ միջազգային SmartEX ցուցահանդեսում

Ապրիլի 25-28-ը Լիբանանում տեղի ունեցավ SmartEx ցուցահանդեսը: SmartEx-ը Լիբանանի առաջատար b2b (business-to-business) ցուցահանդեսն է, որը իր հարկի տակ է հավաքում մի շարք տեղական և միջազգային բրենդների՝ անվտանգության, Կառավարման տեղեկատվական համակարգի (MIS), ավտոմատիզացիայի, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում:

SmartEX-ն մասնակցում էր նաև հայկական ARLOOPA ընկերությունը: Հիշեցնենք, որ ARLOOPA-ն զբաղվում է «Լրացված իրականություն» և «Վիրտուալ իրականություն» տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեղծմամբ:

168.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչները նշում են, որ իրենք իրենց Լիբանանի գործընկերների հետ (ARLOOPA Lebanon) ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնում էին ընկերության գործունեությունը՝ AR/VR, իրականացրած նախագծերը, ներկայացնում են, թե ինչպես այս նոր տեխնոլոգիաները կարող են կիրառվել տարբեր ոլորտներում:

«Մեր նպատակը ARLOOPA-ի ճանաչողությունը բարձրացնելն ու ժամանակակից AR/VR տեխնոլոգիաները կիրառելի դարձնելն է տարբեր ոլորտներում՝ սկսած բիզնեսից՝ մինչև կրթություն, մշակույթ, տուրիզմ, տեքստիլ, արվեստ և այլն»,- նշում է ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը:

Ընկերությունում նշում են, որ ցուցահանդեսը լրացուցիչ առիթ է համագործակցության նոր եզրեր փնտրելու համար: ARLOOPA-ի տաղավար այցելել են մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Բեյրութում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վալիս Ալ-Բուխարին (Walid Al-Bukhary), Լիբանանում հեռահաղորդակցության նախարար Ջամալ Ալ-Ջարրան (Jamal Al-Jarrah):

Արմինե Ղազարյանը նշում է, որ ARLOOPA-ի տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր: «Տարբեր ոլորտի ներկայացուցիչներ գալիս էին, տեղում ծանոթանում տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին, հասկանում, թե ինչպես դրանք կարող են կիրառվել հենց իրենց գործունեության մեջ:

Մարքետինգային/գովազդային ընկերություններից այցելուներ կային, որոնց շատ հետաքրքրեց տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունները, քանի որ ամենից շատ այդ ոլորտում է կիրառվում: Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին շատ հետաքրքիր էին 360° տուրերը վիրտուալ իրականության միջոցով, երբ կարող ես վիրտուալ տարբերակով հայտնվել ցանկացած տեսարժան վայրում և շրջել այնտեղ:

Շատ տպավորվում էին նաև AR նկարով, որի վրա պատկերված է աղջիկ, ով սկսում է նվագել, երբ սքան ես անում ARLOOPA-ով: Այն կենդանանում է, սկսում նվագել, ու երաժշտություն է լսվում: Հետաքրքիր էր նաև մենյուների գաղափարը, որ նախքան այս կամ այն ուտեստը պատվիրելը կարելի է այն տեսնել 3D տարբերակով
WWF Armenia-ի հետ իրականացրած նախագիծն էին շատ հավանում, մեր վիրտուալ կովկասյան ընձառյուծին, որը շատ հայտնի էր էքսպոյի տարածքում»: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս