Ժողովրդագրական գործընթացները Հարավային Կովկասում 1991-2017թթ. Վրաստան և Ադրբեջան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական, տնտեսական  առաջատարության չափանիշ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները, սպառազինությունները, այլև մեծաքանակ բնակչությունը: Այն ապահովում է ներքին մեծ սպառում, զարգացման ավելի լայն հնարավորություններ, քաղաքական, տնտեսական, մշակութային սեփական արժեքների տարածման ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակներում զարգացման ավելի մեծ հնարավորություններ կունենան այն երկրները, որոնք ունեն մեծաքանակ բնակչություն, իսկ դա կոչվելու է 500 և ավելի մլն բնակչություն ունեցող երկրների դարաշրջան: Պարզ է, որ խոսքն առաջին հերթին այնպիսի երկրների մասին է, ինչպիսին Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն են և ասիական ու եվրոպական մի շարք երկրներ, որոնք էլ կկանխորոշեն առաջիկա տասնամյակների՝ երկրագնդի զարգացման տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային առաջնահերթությունները:

Ժողովրդագրական քաղաքականությունը նույնքան կարևոր է ժամանակակից աշխարհում, և տնտեսապես զարգացած ու զարգացող ոչ մի պետություն չի կարող առաջ շարժվել առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության:

Դա կարևորվում է հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն ու Վրաստանն են, որոնք, ազգաբնակչության թվով և տարեկան կտրվածքով մեծ աճ արձանագրող առավել մեծ հարևաններ ունենալով, կարող են հայտնվել ռազմաքաղաքական, մշակութային և տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակում: Բնակչության թվաքանակի նվազումը հղի է ոչ միայն տնտեսական կայուն աճի հեռանկարի բացակայությամբ, այլև կարող է վտանգել նվազող բնակչություն ունեցող երկրների ֆիզիկական անվտանգությունը:

Հարավային Կովկասի երկրների, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև նրանց հարևաններ Թուրքիայի և Իրանի ժողովրդագրական վիճակները ներկա փուլում գտնվում են տարբեր հարթություններում: Քրիստոնյա Վրաստանն ու Հայաստանը գրանցում են նվազող բնակչություն, իսկ հարևան շիա մուսուլման Իրանն ու Ադրբեջանը և սուննի Թուրքիան բնակչության թվաքանակի աճի տեմպերով առաջատար դիրքեր են զբաղեցնում ժամանակակից աշխարհի ժողովրդագրական քարտեզում:

Հետխորհրդային Հարավային Կովկասի երկրների էթնիկական, ժողովրդագրական պատկերը մեծ փոփոխությունների է ենթարկվել հատկապես ղարաբաղա-հայ-ադրբեջանական, վրաց-օսական և աբխազա-վրացական զինված հակամարտությունների հետևանքով: Դա հանգեցրեց նրանց էթնիկական կազմի փոփոխություններին, մեծացրեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միգրացիոն հոսքերը, էական ազդեցություն գործեց նրանց ժողովրդագրական ցուցանիշների վրա:

Եթե մինչ անկախացումը Հայաստանն ու Վրաստանը կայուն բնական աճ էին արձանագրում, ապա անկախությունից 26 տարի անց այս երկրները հայտնվել են բացասական բնական աճ գրանցող երկրների հավանական ցուցակում: Իսկ այդ խորապատկերին հարևան Ադրբեջանը գրանցում է կայուն բնական աճ, թեև պետք է նշել, որ 2017թ. սեպտեմբերի տվյալներով՝ Ադրբեջանի մշտական բնակչության 9.858. 800 թիվը կասկածի տեղիք է տալիս:

20-րդ դարի 90-ական թվականներին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև ոչ բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանից տեղի ունեցավ մեծ թվով արտագաղթ, որը, սակայն, այդ երկրի վիճակագրական ծառայության կողմից չի արձանագրվել, և բնակչության մեկնարկային թիվ է ընդունվել 1989թ. Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալները (7.021.178 մարդ), որին տարեցտարի գումարվել է բնական աճի ցուցանիշը: Իսկ Թուրքիայի և Իրանի բնակչության թվերը, ըստ վերջին տարիների ժողովրդագրական ցուցանիշների, տպավորիչ աճ են գրանցում, տարեկան կտրվածքով ապահովելով բնական աճ 900 հազարից 1 մլն մարդու սահմաններում, որը նրանց դասում է աշխարհի  ամենադինամիկ աճող երկրների շարքին:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1991-2017ԹԹ.

Թեև խորհրդային տարիներին Վրաստանը բնակչության աճի տեմպերով առաջատար դիրք չէր գրավում նախկին խորհրդային հանրապետությունների շարքում և զիջում էր իր անմիջական հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, սակայն տարեկան կտրվածքով 0,8-1 տոկոս աճն ապահովում էր ժողովրդագրական գործընթացների կայունությունն ու դինամիկ աճը: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը բազմէթնիկ հանրություն էր և իր կազմում ուներ երկու ինքնավար հանրապետություններ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարեցին իրենց անկախության մասին և 1992-1994թթ. ռազմական հակամարտությունից հետո փաստացի անջատվեցին Վրաստանից, որն էլ իր հերթին հանգեցրեց ինչպես Վրաստանի բնակչության թվաքանակի փոփոխությանը, այնպես էլ  մեծ տեղաշարժերի թե՛ Վրաստանի ներսում, թե՛ Վրաստանից դուրս:

Զինված հակամարտությունները, ներքին անկայունությունը, սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակն անմիջապես իրենց անդրադարձն ունեցան Վրաստանի ժողովրդագրական գործընթացների վրա, որն ազդեց ինչպես բնակչության թվաքանակի, այնպես էլ բնական աճի վրա:

Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում բուն վրացիների թիվը չէր գերազանցում 70,13 տոկոսը, սակայն անկախությունից հետո վրացիներից հետո թվաքանակով ամենամեծ էթնիկ հանրություններ համարվող հայերի, ռուսների, հույների արտագաղթի, ինչպես նաև աբխազների և օսեթների դե ֆակտո Վրաստանի կազմից դուրս գալուց հետո հետագա տարիներին վրացիների տոկոսային հարաբերակցությունն աճեց, և 2002թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում էին ամբողջ բնակչության 83,75 տոկոսը, իսկ 2014թ.՝ 86,7 տոկոս:

Աղյուսակ 1. Վրաստանի բնակչության և էթնիկ կազմի թվի փոփոխություններն ըստ 1989, 2002 և 2014թթ. մարդահամարների տվյալների

Էթնիկ կազմ 1989 2002 2014
Ընդհանուր բնակչ. 5400841 4371535 3713804
Վրացիներ 3787393 3661173 3224564
Ադրբեջանցիներ 307556 284671 233024
Հայեր 437211 248929 168102
Ռուսներ 341172 67671 26453
Օսեթներ 164055 38028 14385
Եզդիներ 18329 12174
Ուկրաինացիներ 52443 7033 6034
Կիստեր 7110 5697
Հույներ 100324 15166 5544
Ասորիներ 6206 3299 2377
Հրեաներ 24795 3772
Աբխազներ 95853 3527
Այլ 83833 12827 15450

Վրաստանի բազմէթնիկ հանրությունն արտագաղթի հետևանքով զգալի փոփոխությունների է ենթարկվել, և դա առաջին հերթին վերաբերում է հայկական համայնքին, որի թիվը 2014 թվականին 1989թ. համեմատ կրճատվել է 68 տոկոսով: Ռուսների թիվը տվյալ ժամանակահատվածում կրճատվել է 93, հույներինը՝ 95, ուկրաինացիները՝ 89, իսկ ահա ադրբեջանցիներինը՝ 25 տոկոսով, և նրանք ներկայումս հանդիսանում են Վրաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: Ազգային փոքրամասնությունների արտագաղթի հետևանքով Վրաստանը կորցրել է իր երբեմնի բազմէթնիկ պետության կոչումը, և նրանց՝ հետագայում հեռանալուն զուգահեռ այն կարող է դառնալ առավելապես միաէթնիկ հանրություն: Ինչ վերաբերում է ընդհանուր բնակչութան թվաքանակի կորստին, ապա 2014թ. մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը 1989թ. համեմատ պակասել է 1.687.037 մարդով կամ 32 տոկոսով, ընդ որում, վրացիների թիվը տվյալ ժամանակահատվածում նվազել է 15 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, բնակչության թվաքանակի նվազման վրա մեծ ազդեցություն է թողել արտագաղթը, ընդ որում, այն առավել ինտենսիվ ընթացել է 1991-2003թթ.: Վրաստանից արտագաղթի հիմնական ուղղություններ են եղել Ռուսաստանը, Հունաստանը և ԱՄՆ-ը, որին հետևել են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան ու Ուկրաինան: 2003թ. Վրաստանի «Վարդերի» հեղափոխությունից և Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո արտագաղթի տեմպերը նվազեցին, և եթե 2001-2003թթ. միգրացիոն բացասական սալդոն միջինը 30 հազար էր, ապա 2004-2005թթ. գրանցվեց հակառակը, և Վրաստանն ունեցավ միգրացիայի դրական սալդո՝ համապատասխանաբար 76,3 և 12,1 մարդ:

Ներգաղթի այդ ալիքը բացատրվում էր այն հանգամանքով, որ մարդկանց մոտ Վրաստանի ապագայի հանդեպ լավատեսական հույսեր արթնացան: Չնայած հաջորդ տարիներին՝ 2006-2008թթ., միգրացիան կրկին բացասական ցուցանիշներ էր գրանցում, բայց այն զգալիորեն քիչ էր և տատանվում էր տարեկան 13-14 հազարի սահմաններում:

Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն թողեց 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը: Պատերազմից հետո ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը և դիվանագիտական կապերի խզումը ևս իրենց ազդեցությունը թողեցին Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա: Ռուսաստանում վրացիների հանդեպ միգրացիոն օրենքների խիստ կիրառումը նրանց ստիպում էր թողնել Ռուսաստանը և վերադառնալ Վրաստան:

Աղյուսակ 2. Վրաստանի միգրացիոն սալդոն 2009-2016թթ.

Տարի Միգրացիոն սալդո +/-
2009 34,2
2010 18,1
2011 20,2
2012 21,5
2013 -2,6
2014 -6,5
2015 -3,4
2016 -8,1

2009-2012թթ. միգրացիոն դրական սալդոն էականորեն կապված էր Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունների հետ, որի հետևանքով բազմաթիվ վրացիներ և Վրաստանի քաղաքացի էթնիկ փոքրամասնություններ Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն չունեին: Այդ ժամանակահատվածում Վրաստանում բնակվող բազմաթիվ հայեր ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որով Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն էին ստանում:

Սակայն մյուս կողմից միգրացիոն հոսքերի վրա դրական ազդեցություն էին գործում այն բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրերը, որոնք իրականացվում էին Վրաստանում 2009-2012թթ.: Երկրի ներսում տնտեսական բարվոք վիճակը և նոր աշխատատեղերի ստեղծումը վրացիներին զերծ էին պահում այլ երկրներում աշխատանք ու գոյության միջոցներ փնտրելուց: Թեև 2013թ. Սահակաշվիլիի իշխանության հեռացումից հետո միգրացիոն հոսքերը կրկին բացասական են, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ գտնվում են բավականին ցածր ցուցանիշների վրա:

Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը գործում է ոչ վաղուց, և փորձագետները դեռևս ռիսկեր չեն տեսնում այդ հիմքով միգրացիոն հոսքերի ավելացման համար, թեև չեն բացառում, որ այն կարող է մեծացնել արտագաղթի բացասական սալդոն:

Վրաստանի համար արտագաղթից բացի ներկայումս ազգային անվտանգության կարևոր մարտահրավեր է ծնելիության նվազումը, մահացության ավելացումը և բացասական բնական աճը, ինչպես նաև լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի դատարկումն ու բնակչության ծերացման արագացող գործընթացը:

Աղյուսակ 3. Վրաստանի բնակչության հիմնական ժողովրդագրական ցուցանիշները 1990-2017թթ.

Տարի Ծնունդ Մահացություն Բնական աճ Ամուսնություն Ամուսնալուծություն
1990 92815 50721 42114 56812 7796
1995 56341 49073 7268
2000 48800 47410 1390
2005 46512 40721 5791
2006 47795 42255 5540
2007 49287 41178 8109 24891 2325
2008 56565 43011 13554 31414 3189
2009 63377 46625 16752 31752 4030
2010 62585 47864 14721 34675 4726
2011 58014 49818 8196 30863 5850
2012 57031 49348 7683 30412 7136
2013 57878 48553 9325 34693 8089
2014 60635 49087 11548 31526 9119
2015 59249 49121 10128 29157 9112
2016 56569 50771 5798 25101 9539
2017 առաջին կիսամյակ 25543 25954 -411

Վրաստանի բնակչության թվի նվազման վրա մեծ ազդեցություն է գործել հատկապես  ծնելիության անկումը, որն անկախությունից ի վեր կրճատվել է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձրացել: Ըստ այդմ բնական աճի ցուցանիշը շեշտակի անկում է ապրել: 1990թ. համեմատ բնական աճի ցուցանիշը 2007թ. կրճատվել է մոտ 5 անգամ: Թեև 2007-2014թթ. Վրաստանում աճել է ծնելիության ցուցանիշը, սակայն 2016թ.-ից ի վեր ծնունդների անկումը շարունակվում է, և արդեն իսկ 2017թ. առաջին կիսամյակում մահացության ցուցանիշը գերազանցել է ծնելիությանը 1,6 տոկոսով, ընդ որում, մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանի լեռնային շրջաններում: Բնական աճի դրական ցուցանիշով աչքի են ընկնում միայն մայրաքաղաք Թբիլիսին, Աջարիան և առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը: Իսկ ահա հայաբնակ Սամցխե-Ջավախքում բնական աճի ցուցանիշը ևս բացասական է:

Ծնունդների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-2000թթ. ծնված սերունդը: Այսպես, 1980-1990թթ. Վրաստանում ծնվել է 445, իսկ 1990-2000թթ.՝ 225 հազար աղջիկ: Եվ մոտակա 10-15 տարվա կտրվածքով Վրաստանին սպառնում է բացասական բնական աճ: Ի լրումն դրա՝ խախտվել է նաև մեծահասակների և երիտասարդների միջև հավասարակշռությունը: Վերջին 4 տարիներին մեծահասակների թիվն ավելացել է մոտ 40 հազարով, և ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում 2030թ. Վրաստանում կենսաթոշակային տարիքի մարդկանց թիվը կհասնի 1 միլիոնի:

Վրաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ծնելիության մակարդակը պահպանելու և մահացությունը կրճատելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ երկրում արգելվել են սեռով պայմանավորված աբորտները: Բացի այդ աբորտից առաջ ծնողներին որոշում կայացնելու ժամանակահատվածը 3 օրից դարձրել են 5 օր: Ծնելիության ընդհատումներն իսկապես մեծ թիվ են կազմում Վրաստանում: Միայն 2012թ. արձանագրվել է ծնելիության 40 հազար ընդհատում, իսկ 2014թ.՝  33 հազար:

2016թ. հունվարի 1-ից կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2 տարի անընդմեջ հավելյալ 100 լարի են ստանում բարձրլեռնային բնակավայրերում մշտական բնակվող ընտանիքներում ծնված առաջին և երկրորդ, և 200 լարի՝ երրորդ և չորրորդ ծնված երեխաների ծնողները: Բացի այդ 2013թ. սկսած կառավարությունը «Ժողովրդագրական վերածննդի» ֆոնդի հետ միասին ֆինանսավորում է անվճար ծննդօգնությունը, ծննդկանների հղիության ամբողջ ընթացքը, տրամադրում է անվճար դեղորայք:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից անմասն չի մնացել անգամ վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը, որն անձամբ է կնքում վրաց ընտանիքներում ծնված երրորդ և ավելի երեխաներին: Ըստ այդմ, 2008թ.-ից ի վեր Իլյա Երկրորդն արդեն իսկ մոտ 30 հազար երեխայի կնքահայր է դարձել: Վրաստանի կառավարությունը նաև պատրաստվում է վերականգնել 2007թ. կասեցված բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական լայն աջակցության փաթեթները: Ընթացքի մեջ է նաև ընդլայնված «ժողովրդագրական անվտանգության» կոնցեպցիայի մշակումը: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման շրջանակներում Վրաստանի կառավարությունը 2013-2017թթ. արդեն իսկ ծախսել է 81 մլն դոլար:

Նպատակը մեկն է՝ կանխարգելել սպասվող ժողովրդագրական աղետը: Ըստ ՄԱԿ-ի փորձագիտական կանխատեսումների՝ եթե իրավիճակի կայունացում չլինի և չբարելավվեն ժողովրդագրական ցուցանիշները, ապա 2050թ. Վրաստանի բնակչությունը կկրճատվի 1 մլն 170 հազար մարդով, իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1991-2017ԹԹ.

Ի տարբերություն իր հարևան Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը ներկա փուլում գտնվում է ավելի բարվոք և կայուն ժողովրդագրական վիճակում: Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ 1991թ.-ից ի վեր Ադրբեջանում բնական աճի ցուցանիշը գտնվել է դրական տիրույթում, այսինքն ծնունդների թիվը միշտ գերազանցել է մահերին: Դա ապահովել է Ադրբեջանի բնակչության աճի կարևորագույն մասը, չնայած 2014թ. Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը, նշելով մշտական բնակչության թիվը, այսինքն Ադրբեջանում գրանցված, բայց դրսում գտնվող քաղաքացիներին, ընդգծել էր, որ 9 մլն 477 հազար մարդուց  մոտ 1 միլիոնն ապրում է Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, մոտ 120 հազարը ԼՂՀ-ում ապրող հայերն են և մոտ 240 հազարը՝ Ադրբեջանում ապրող օտարերկրացիները։

Մյուս կողմից, Ադրբեջանի վիճակագրությունը փաստում է, որ 1990-2015թթ. Ադրբեջանի միգրացիոն սալդոն բացասական է եղել ընդամենը 178,2 մարդով։

Ադրբեջանն իր բնակչության թվաքանակում ընդգրկում է արդեն իսկ 25 տարի իր կազմում չգտնվող ԼՂՀ հայ բնակչությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, 2014թ. տվյալներով՝ Ադրբեջանի բնակչությունը 9 մլն 477 հազարից պակաս է մոտ 1 մլն 360 հազարով, և դա կարող է դեռևս չարտացոլել Ադրբեջանի բնակչության ամբողջական պատկերը։

Ըստ Ռուսաստանի Դաշնության վերջին՝ 2012թ. մարդահամարի տվյալների՝ այդ երկրում բնակվում է 625 հազար ադրբեջանցի։ Բայց դա պաշտոնական թիվն է, իսկ ըստ փորձագիտական տվյալների՝ միայն Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը տատանվում է 1.5 միլիոնի շրջակայքում։ Թուրքիայում ադրբեջանցիների թիվը կազմում է մոտ 800 հազար, և ներկայիս Նախիջևանի Հանրապետության 400 հազար բնակիչների մոտ կեսը բնակվում է Թուրքիայում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխություններին, ապա անկախությունից հետո հայ, ռուս մեծաքանակ բնակչության բռնի և կամավոր արտագաղթից հետո ադրբեջանցիների տոկոսային հարաբերությունը մեծացել է, և 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմել են ընդհանուր բնակչության 91,6 տոկոսը:

Ադրբեջանի բնակչության էթնիկական կազմը և թվաքանակն ըստ 1989, 1999 և 2009թթ. մարդահամարների տվյալների

  1989   1999   2009  
Ժողովուրդ Տոկոս Թիվ Տոկոս Թիվ Տոկոս Թիվ
Ընդհանուր 7021178   7953438   8922447  
Ադրբեջանցի 78,1 5840480 90,6 7205439 91,6 8172800
Լեզգին 2,4 171395 2,2 178021 2,0 180300
Հայեր 5,6 390505 1,5 120700 1,4 120300
Ռուսներ 5,6 392304 1,8 141650 1,3 119300
Թալիշներ 0,3 21169 1,0 75863 1,3 112000
Ավարներ 0,6 44072 0,6 50303 0,6 49800
Թուրքեր 0,2 17705 0,5 43423 0,4 38000
Թաթարներ 0,4 28600 0,4 30010 0,3 25900
Ուկրաինացիներ 0,5 32345 0,4 28903 0,2 21500
Ցախուրներ 0,2 13318 0,2 15731 0,1 12300
Վրացի 0,2 14197 0,2 14864 0,1 9900
Քրդեր 0,2 12226 0,2 13019 0,1 6100
Թաթեր 0,1 10239 0,1 9988 0,3 25200
Հրեա 0,4 30800 0,1 8910 0,1 9100
Ուդիներ 0,1 6125 0,1 4066 0,01 3800
Այլ 0,6 41250 0,1 12412 0,1 9500

Ինչպես երևում է աղյուսակից, 1989-2009թթ. Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 1.901.268 մարդով կամ 27 տոկոսով, իսկ 2017թ. հունիսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի բնակչության պաշտոնական թիվը կազմել է 9.843.031 մարդ, կամ 2009թ. համեմատ Ադրբեջանի բնակչությունն աճել է ևս 935.953 մարդով կամ 10 տոկոսով:

1989-2009թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ոչ միայն փոխվել է Ադրբեջանի բնակչության թիվը, այլև լուրջ փոփոխությունների է ենթարկվել նաև էթնիկական կազմը: Ղարաբաղյան շարժումից ի վեր Ադրբեջանում հայկական ջարդերի ու էթնիկ հայերի արտաքսման հետևանքով արդեն իսկ 1991թ. Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչություն չէր մնացել: Հայերի մեծ մասն ապաստանեց Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանը դեռևս հաշվառում է ԼՂ հայ ազգաբնակչությանը և նրանց համարում իր երկրի քաղաքացիներ:

1989թ.-ից ի վեր հայերի բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանից սկսեցին հեռանալ ռուսներն ու ուկրաինացիները: 1989թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում երկրորդ էթնիկ թվակազմն ունեցող ռուսների թիվը 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նվազել է 200 հազարով, և ըստ վերջին տվյալների՝ նրանց թիվը շարունակում է նվազել: Էականորեն նվազել է նաև ուկրաինացի և հրեա ազգաբնակչության թվաքանակը, իսկ ահա թալիշների թիվն Ադրբեջանի անկախությունից հետո էականորեն ավելացել է, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ թալիշներ սկսել են նշել իրենց իսկական ազգությունը: Սովետական ժամանակաշրջանից սկսած Ադրբեջանում ընթանում էր այլ էթնիկ խմբերի ադրբեջանացման գործընթացը, և դա առավել ցայտուն դրսևորվեց նախորդ դարի 70-ական թվականներին՝ Հեյդար Ալիևի կառավարման ժամանակաշրջանում, երբ փաստացի փոփոխվում էին քուրդ, թալիշ, լեզգի ժողովուրդների էթնիկական պատկանելիության տվյալները:

Ըստ փորձագիտական տվյալների՝ Ադրբեջանում այդ էթնիկ խմբերի իրական թիվը ներկայումս տատանվում է 800 հազարից 1 միլիոնի շրջակայքում, սակայն Ադրբեջանի պետական քաղաքականությունը կեղծում է այդ տեղեկատվությունը և մարդահամարների ժամանակ նրանց թիվը քիչ է ներկայացնում:

Ադրբեջանը նախկին խորհրդային երկրների շարքում իր ժողովրդագրական ներկայիս վիճակով տարբերվում է մի կարևոր գործոնով ևս: Բարձր ծնելիությունն Ադրբեջանին ապահովել է առավել երիտասարդ բնակչության տարիքային կառուցվածքով, որը կայուն նախադրյալներ է ստեղծում բնակչության թվաքանակի հետագա ավելացման համար:

Ադրբեջանի բնակչության տարիքային կազմը 2008, 2011, 2014թթ. տվյալներով

  Հազար մարդ     Տոկոս  
Տարիքային

խմբեր

2008 2011 2014 2008 2011 2014
  8779,9 9111,1 9477,1 7,1% 7,8% 8,7%
0-4 624,4 712,5 823,1 7,5 6,9 6,6
5-9 655,4 626,1 628,7 9,1 7,6 7,0
10-14 803,6 693,8 662,2 10,7 9,6 8,6
15-19 937,4 875,6 812,2 10,2 10,4 10,0
20-24 900,3 946,2 949,3 8,8 9,3 9,6
25-29 771,1 843,2 909,8 7,2 7,8 8,2
30-34 635,8 712,8 777,1 7,4 6,8 6,8
35-39 647,5 618,3 641,7 7,6 7,3 6,9
40-44 664,6 663,3 654,9 7,6 7,4 7,1
45-49 663,8 674,1 670,5 7,6 7,4 7,0
50-54 459,6 600,9 661,8 3,5 4,1 4,7
55-59 305,8 372,6 449,3 1,7 2,7 3,1
60-64 151,3 244,2 291,3 2,2 1,3 1,4
65-69 193,8 120,7 138,2 2,2 1,3 1,4
70+ 365,5 406,8 407,0 4,2 4,4 4,3

Թեև 2008-2014թթ.  0-14 տարեկանները տոկոսային հարաբերակցությամբ բնակչության ընդհանուր կազմում նվազում են գրանցել, սակայն բացարձակ թվային արտահայտությամբ այդ տարիքային խմբի ներկայացուցիչների թիվը կազմում է 2 մլն 114 հազար մարդ, կամ 2014թ. ամբողջ բնակչության 22,2 տոկոսը: Այդ տարիքային խմբի թիվը կազմում է ներկայիս Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության մոտ 75 տոկոսը: Առավել տպավորիչ է 15-29 տարեկան երիտասարդ բնակչության կառուցվածքը, որը կազմում է Ադրբեջանի բնակչության 27,8 տոկոսը կամ Վրաստանի ներկայիս  բնակչության մոտ 70 տոկոսը: Բարձր ծնելիությունն ու բնական աճի բարձր ցուցանիշը նաև նպաստել են Ադրբեջանի 60 և ավելի տարիքային խմբի բնակչության թվաքանակի տոկոսային նվազմանը, որը 2008թ. համեմատ 2014թ. պակասել է 1,3 տոկոսով, և այդ տարիքային խումբը կազմում է Ադրբեջանի ընդհանուր բնակչության մոտ 7,1 տոկոսը:

Դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանում Ադրբեջանը գրանցում էր բարձր ծնելիություն և բնական աճի բարձր ցուցանիշ, որը միջինը կազմում էր 2 տոկոս, և այդ ցուցանիշով միջինասիական հանրապետությունների հետ միասին այն առաջատար դիրքերում էր նախկին Խորհրդային Միության երկրների շարքում:

Խորհրդային միության փլուզումը, տնտեսական վիճակի վատթարացումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ու միգրացիան ևս բացասական ազդեցին Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշների վրա: Եթե 1991թ. Ադրբեջանում ծնվել էր 190.353 երեխա, ապա հաջորդ 10 տարիներին այդ ցուցանիշն աստիճանաբար նվազում է, և արդեն իսկ 2001թ. Ադրբեջանում ծնունդների թիվը կազմում էր 110. 356 երեխա, կամ ծնելիությունը 1991 թվականին 2001թ. համեմատ պակասել էր 43 տոկոսով:

Ադրբեջանի բնակչության ծնելիության, մահացության և բնական աճի ցուցանիշները 1991-2017թթ.

Թիվ Ծնունդ Մահ Բնական աճ Ամուսնություն Ամուսնալուծություն
1991 190353 44659 145694 74378 10679
1992 181364 51258 130106 68740 9465
1993 174618 52809 121209 60028 6564
1994 159761 54921 104840 47147 6256
1995 143315 50828 92487 43130 5669
1996 129247 48242 81005 38572 5598
1997 132052 46962 85090 46999 5806
1998 123996 46293 77697 40851 5657
1999 117539 46295 71244 37382 5013
2000 116994 46701 70293 39611 5478
2001 110356 45284 65072 41861 5382
2002 110715 46522 64193 41611 5738
2003 113467 49001 64466 56091 6671
2004 131609 49568 82041 62177 6914
2005 141901 51962 89939 71643 8895
2006 148946 52248 96698 79443 7817
2007 151963 53635 98308 81758 8340
2008 152086 52720 99376 79964 7933
2009 152139 52514 99625 78072 7784
2010 165643 53580 112063 79172 9061
2011 176072 53762 122310 88145 10747
2012 174469 55017 119452 79065 11087
2013 172671 54383 118288 86852 11730
2014 167871 55171 112700 81354 12124
2015 165849 55049 112800 76587 12547
2016 159500 56600 102900 66800 13100
2017 առաջին կիսամյակ 82380 34281 48879 32864 8532
  3774205 880396 2893809 1267194 120854

2002թ.-ից հետո տնտեսական վիճակի կայունացմանը, հսկայական նավթադոլարների հոսքին զուգընթաց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը կայունացրեց ծնունդների այդ անկումը, և 2003թ. համեմատ 2008թ. Ադրբեջանում ծնունդների թիվն աճել էր 38.619 երեխայով կամ 16 տոկոսով՝ հասնելով 152.086-ի: Ծնունդների ավելացումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ամուսնական տարիք էր մուտք գործել նախորդ դարի 80-ական թվականներին ծնված սերունդը, որի թիվն այդ տարիներին հասնում էր տարեկան մինչև 207 հազարի:

2008-2009թթ.՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորը շրջանում, երբ գրանցվում էր նավթի գնի կտրուկ անկում, ծնունդների թիվն էական փոփոխությունների չի ենթարկվում, սակայն 2010թ. սկսած նավթի գների և սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը զուգընթաց՝ Ադրբեջանում ծնունդների թիվը կրկին սկսում է ավելանալ, և 2011թ. տվյալներով գրանցվում է ժամանակակից Ադրբեջանի ծնունդների ամենամեծ ցուցանիշը՝ 176.072 մարդ:

Չնայած հաջորդ տարիներին գրանցված ծնունդների թվի անկմանը, որը 2014թ. կրկին համընկավ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետ, 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Ադրբեջանում կրկին գրանցվել է ծնունդների աճ, թեև, ընդհանուր առմամբ, մասնագետները նշում են, որ առաջիկա տասնամյակում այդ ցուցանիշը կնվազի, քանի որ ամուսնական տարիքում է գտնվելու նախորդ դարի 90-ականներին ծնված սերունդը, որի թիվն ավելի քիչ է, քան 80-ական թվականներինը: Ընդհանուր առմամբ, ծնելիության բարձր ցուցանիշը լավ նախադրյալներ է ստեղծում բնակչության հետագա բնական աճի և բնակչության թվաքանակի ավելացման համար:

1991-2017թթ. Ադրբեջանում ծնվել է 3.774.205 երեխա, որը հավասար է ներկայիս Վրաստանի և գերազանցում է Հայաստանի ընդհանուր բնակչությանը:

Ինչ վերաբերում է մահերին, ապա Ադրբեջանում 1991թ. անկախությունից հետո մահերի թվի ավելացումը հիմնականում կապված է 1992-1995թթ. ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի կրած մարդկային մեծ կորուստների հետ: Թեև հետագա տարիներին այդ ցուցանիշը նվազում է, սակայն 2016 թվականին 2005թ. համեմատ մահերի թիվը կայուն կերպով աճել է՝ գրանցելով  9 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ, 1991-2017թթ. մահերի թիվն Ադրբեջանում կազմել է 880.396 մարդ, իսկ բնական աճը՝ 2. 893. 809 մարդ:

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական կանխատեսումների՝ 2030թ. Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 10.68 մլն մարդու, իսկ 2050թ.՝ մինչև 11,03 միլիոնի, կամ 2017թ. համեմատ կաճի մոտ 22 տոկոսով:

ՎԵՐՋԱԲԱՆ

Հարավային Կովկասի երկրների ժողովրդագրական պատկերը հուշում է, որ առաջիկա տասնամյակներում ունենալու ենք նվազող բնակչությամբ Վրաստան և աճող Ադրբեջան: Դա էական ազդեցություն է ունենալու ինչպես նրանց տնտեսական, այնպես էլ քաղաքական զարգացումների վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ է Ադրբեջանի ներկայությունը ներկայիս Վրաստանի տնտեսական կյանքում, ապա վերջինիս բնակչության հետագա կրճատումը, ինչպես նաև տարածաշրջանների բնակչության դատարկվելը կարող է էականորեն փոխել նաև Վրաստանի էթնիկական կազմը:

Ունենալով բարենպաստ աշխարհագրական դիրք՝ բացառված չէ, որ առաջիկա տասնամյակներում վրացիների թվաքանակի կրճատմանը զուգընթաց այնտեղ կարող են բնակություն հաստատել իսլամ դավանող տարբեր էթնիկական խմբեր, ինչը կարող է առնչվել նաև Հայաստանին:

 Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս