92 թիմ և 40.000 դոլար մրցանակային ֆոնդ. մեկնարկել է Sevan Startup Summit-ը
Սևանում մեկնարկել է Sevan Startup Summit վրանային բիզնես-ֆորումը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:
Բիզնես մակարդակում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը վենչուրային ընկերությունների ներկայացուցիչներին և բիզնես-հրեշտակներին՝ տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող Camp Fire Pitch-ի ժամանակ;
Campathon-ի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրային լուծումները՝ հնարավորություն ունենալով շահել գրանտներ:
Սաղմնային փուլում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան մասնակցել երկու պայքարի՝ Idea Battle և Big Battle:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $40.000, որը կբաշխվի 15 թիմերի միջև։ Սպասվում է նաև մոտ $200.000-ի ներդրումներ հրավիրված ներդրողների կողմից։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2017» նախագծի ղեկավար Վահագն Ռափյանը նշել է, որ ճամբարին դիմողների թիվը հասնում է մոտ 3000-ի, որը բավականին պարտավորեցնող թիվ է։
«Ընտրություն կայացնելը շատ բարդ էր և այդ իսկ պատճառով, չնայած նախօրոք հայտարարված 70 ստարտափներին, սամմիթի հրավեր ստացել են ավելի շատ թիմեր»:
Ըստ Sevan Startup Summit պաշտոնական կայքի տվյալների՝ վրանային ճամբարին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող 92 թիմ:
Սա արդեն երկրորդ բիզնես-ֆորումն է Հայաստանում: Այս տարվա սամմիթի նշանաբանն է՝ «Connect», «Learn», «Win» և «Have Fun»: Սամմիթի կարևոր միջոցառումներից մեկը «Camp Fire Pitch»-ն է, որը համապատասխանում է «Connect» կարգախոսին։ Միջոցառումը նման է «Shark Tank» ֆորմատի հաղորդումներին, որտեղ ստարտափները ներկայացնում են իրենց «pitch»-երը ներդրողներին։
Բիզնես-ֆորումի կրթական ծրագիրն իր մեջ ներառում է սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ և այլ միջոցառումներ։ Կազմակերպիչները վստահ են, որ նմանատիպ ոչ ֆորմալ միջավայրը նպաստում է արդյունավետ միջավայրի ստեղծմանը։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի կրթական ծրագրի համակարգող Հովհաննես Երիցյանը նշում է, որ անցած տարի սամմիթը սահմանափակվել է միայն առավոտյան դասախոսություններով։
«Մասնակիցների թիվը մեծացել է, և հենց այդ պատճառով մենք ավելացրել ենք նոր ֆորմատ ՝ «Camp Fire Talks», որի շրջանակներում բիզնես ոլորտում հաջողության հասած մարդիկ կկիսվեն իրենց փորձով։ Նրանք կխոսեն ոչ միայն հաջողության հասնելու, այլ նաև անհաջողությունից խուսափելու մասին»։
Startup Armenia Foundation-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է, որ ինքը շատ հպարտ է, որ Sevan Startup Summit-ը ստեղծել է այնպիսի յուրահատուկ արժեք, որ 3000 մարդ որոշել է մասնակցել այս ճամբարին:
«Հուսով եմ՝ այս միջոցառումները շարունակական կլինեն, և մյուս տարի մենք ավելի շատ մարդկանց կհյուրընկալենք»:
Հիշեցնենք, որ Sevan Startup Summit-ը կանցկացվի մինչև հուլիսի 31-ը: Sevan Startup Summit 2017-ի վերջին օրը՝ հուլիսի 30-ի գիշերը կազմակերպվելու է Grand Beach Party, որը բաց է բոլոր ցանկացողների համար:
Սիրարփի Աղաբաբյան