Քրեական գործեր՝ ավագանու ընտրություններում իրավախախտումների դեպքերով
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին և մայիսի 14-ին կայացած, համապատասխանաբար, ՀՀ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ընթացիկ ամփոփ տեղեկատվություն:
02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը ստուգման առարկա է դարձրել 02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված 923 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ և ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:
Նշված 923 հաղորդումներից 68-ը միացվել են նույն դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումների և ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին և ընթացքը լուծվել է համատեղ:
Մնացած 855 հաղորդումներից 835-ով ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում այդ հաղորդումներում նշված հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
Հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ բերվել է յոթ բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Երկու դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին և վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, որոնց քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
20 դեպքերով առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ), 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 149-րդ հոդվածի (լրագրողի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է նույնքան քրեական գործ:
Դրանցից՝
-1-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել է մեկ այլ քրեական գործի.
-5-ով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.
-մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.
-12 քրեական գործ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից յոթով արդեն կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից վեցով անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի ժամկետով ազատազրկում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է մեկ տարի փորձաշրջան: Նշված դատավճիռներից երեքի դեմ հսկող դատախազների կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով, բերվել է վերաքննիչ բողոք: Մեկ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, իսկ մնացածով դատաքննությունը դեռևս շարունակվում է.
-մեկ քրեական գործով վարույթը գտնվում է նախաքննության փուլում:
14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրություններ
Աշխատանքային խումբն առանձնացրել է 14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և ընթացքին առնչվող առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 124 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ և ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:
Ձեռնարկված՝ օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 124 հաղորդումներից 8-ը միացվել են նույն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 106-ով դրանցում նշված հանգամանքներն հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից բերվել է երեք բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Մեկ դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին և վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք), 149-րդ հոդվածի (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 153-րդ հոդվածի (այլ անձի փոխարեն քվեարկելը), 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (ընտրակաշառք տալը) և 309-րդ հոդվածի (պաշտոնական լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցվել է 10 քրեական գործ:
Դրանցից՝
-2-ը նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով միացվել են համանման փաստական հանգամանքներով երկու այլ քրեական գործերի.
-2-ով քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.
-2 քրեական գործ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան.
-4 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման ընթացքում և քվեարկության օրը հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել: Մեծապես այդ հանգամանքներով է պայմանավորված նաև նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հարյուրավոր որոշումների պարագայում ընդամենը մեկ տասնյակ բողոքների առկայությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու և դրանցով անցնող անձանց արարքներին անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դատարանում գտնվող քրեական գործերով ամբաստանյալների նկատմամբ օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռներ կայացնելու ու կատարված հանրորեն վտանգավոր արարքներին համարժեք պատիժներ նշանակելու նկատմամբ՝ ապահովելով այդ գործընթացների պատշաճ հրապարակայնությունը: