Բաժիններ՝

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ

Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների եւ լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արտասվաբեր գազ է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար: Այդ մասին հայտնել են ականատեսները:

Ի պատասխան ոստիկանության վրա նետվող շշերի ու աղբի, կարգի պահապանները, ինչպես սովորաբար արվում է, արցունքաբեր գազ են ցրել բազմության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն մի քանի հարյուր դպրոցականներ ապրիլի 27-­ին Փարիզում երթի են դուրս եկել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի դեմ:

Սովորողների բողոքի ակցիաները Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 27-­ի առավոտյան, երբ ամբողջովին կամ մասամբ շրջափակվել են մի քանի ուսումնական հաստատություններ: Երիտասարդները հանդես են գալիս «Ո՛չ լե Պենը, ո՛չ Մակրոնը» կարգախոսով:

Այնուհետեւ երիտասարդությունն սկսել է հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղից բազմությունը շարժվել է Բաստիլի հրապարակի կողմը: Երթի ընթացքում երիտասարդներից ոմանք կոտրում են խանութների ցուցափեղկերը եւ այրում ծխագլանիկներ:

Երթը չի համաձայնեցվել քաղաքի իշխանությունների հետ: Ապրիլի 26­-ին OpinionWay-­ի հրապարակած հարցման տվյալների համաձայն, ընտրությունների երկրորդ փուլում լե Պենի օգտին կքվեարկի ընտրողների 40 տոկոսն այն դեպքում, երբ Մակրոնի օգտին հանդես է գալիս 60 տոկոսը:

ELabe ընկերության կողմից BFMTV հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալների համաձայն, այն հարցին, թե իրենք գոհ են արդյոք ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից, հաստատական պատասխան է տվել հարցման մասնակիցների 31 տոկոսը: Իսկ ֆրանսիացի ընտրողների մեծամասնությունը՝ 69 տոկոսը, դժգոհ է լե Պեն­Մակրոն զույգից որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս