«Ինքս էլ երբեմն տալիս եմ նման հարցեր, և դա սխալ է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գյումրիում վարչապետ-լրագրողներ հարցուպատասխանի վերաբերյալ լրագրողները շատ վիճեցին: Եթե մի կողմ թողնենք զուտ էմոցիոնալ եւ հայաստանյան լրատվական դաշտի համար ավանդական «փոխհրաձգությունները» (մենք խիզախ ենք-դուք վախկոտ եք, մենք անկախ ենք-դուք ծախված եք, մենք ժողովրդի կողմից ենք-դուք ժողովրդի դեմ եք), ապա պետք է նախ արձանագրել, որ խոսքն ամենեւին միայն Գյումրիում աշխատող լրագրողների մասին չէ, նույն խնդիրները վերաբերում են Երեւանում աշխատողներին, այդ թվում նաեւ` ինձ:

Եվ այսպես, առաջարկում եմ մտածել հետեւյալ թեմայով: Արդյո՞ք հարցը, որը սկսվում է «դուք չե՞ք գտնում, որ» դարձվածքից, լրագրողական հարց է: Արդյո՞ք դա ընդհանրապես հարց է, թե՞ ելույթ է, գնահատական է, հաճախ՝ կշտամբանք, որը ձեւակերպված է որպես հարց: Խելացի պատշոնյան դրան կարող է պատասխանել՝ «այո, գտնում եմ», «ոչ, չեմ գտնում»: Ես ինքս էլ երբեմն տալիս եմ նման հարցեր, եւ դա սխալ է:

Մեկ այլ խնդիր: Եթե ես ժամանակ կամ հավես չունեմ պատրաստվելու այս կամ այն պաշտոնյայի հետ հանդիպմանը, որպեսզի հարցեր տամ հենց նրա՛ ոլորտի, այդ թվում՝ նրա՛ սխալների, նրա՛ բացթողումների մասին, ապա ես իմ «գզրոցում» ունեմ մոտավորապես հետեւյալ հարցը՝ «որքա՞ն է այս խեղճ ժողովուրդը ձեր ձեռքը տառապելու»:

Այստեղ էլ կարող ենք ասել, որ դա իրականում հարց չէ՝ ռեպլիկ է, հոգոց է, բողոք է, որը, սակայն, հնչում է չափազանց «ժողովրդական»: Իհարկե, եթե պաշտոնյան քայլի փողոցով, քաղաքացիները նրան հենց այդ հարցը կտան, բայց մեզնից` լրագրողներիցս, կարելի է սպասել ավելի խորքային, ավելի «արմատական» հարցեր:

Բայց այդպես չի կարելի անել՝ միշտ պետք է ժամանակ գտնել ավելի լուրջ հարցեր նախապատրաստելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս