Վլադիմիր Գասպարյանի` նամակներին չպատասխանելը «բնավորությո՞ւն» է դարձրել
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տևական ժամանակ է, ինչ նամակներ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն այդպես էլ պատասխաններ չի ստացել: Առաջին հայացքից սա անհավանական է. տրամաբանությունը հուշում է՝ օրենքի պահապանն առաջինը ինքը պետք է հարգի օրենքը:
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 23-ին ՀՀ ոստիկանապետին եմ դիմել հետևյալ հարցով. «Սույն թվականի հունիսի 19-ին hetq.am թերթում տպագրվել է «Խարդախությամբ հափշտակել են շախմատիստուհու՝ հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը. գործը չի բացահայտվում» հոդվածը, որին, վստահ եմ, ծանոթ եք և ձեռնարկել եք որոշակի գործողություններ»: Խնդրել եմ տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել գործը, հույս կա՞, որ խարդախները կգտնվեն ու ՀՀ նախագահի նվիրած համակարգիչը կվերադարձնեն տիրոջը:
Ս.թ. օգոստոսի 12-ին մեկ այլ նամակով «Բարև Երևանը» պահանջել է աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին, ով Սարի Թաղում անկարգություններ հրահրողներից ու կազմակերպիչներից էր:
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է.
«Առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման ժամկետները.
Քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին:
Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ:
Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր»:
Անահիտ Բախշյան
Երևանի ավանագու «Բարև Երևան» խմբակցության անդամ