Բաժիններ՝

«Ապագայում հաղթանակ կարող ենք ապահովել հենց այս ճանապարհով». կայացավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Յուքոմ» ընկերության աջակցությամբ այսօր իրականացրեց «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր 11 ռոբոտ:

Մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով՝ գտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեն դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզն ուղարկեն սերվերին:

Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից «Յուքոմ» ընկերության կողմից:

Մրցույթն իրականացվում է «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բացահայտելու ու խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում:

Կարդացեք նաև

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մրցույթն անցկացվում է արդեն 7-րդ տարին, և ըստ նրա՝ մրցույթի թեման համընկնում է այս օրերի տրամադրության հետ. «Մեր նպատակն է, որ երեխաները վաղ տարիքից մտնեն ինժեներական կրթության մեջ և լուծեն ինժեներական խնդիրներ: Այսօր էլ դրա դրսևորումներից մեկն է, երեխաները լուծել են ռազմական խնդիր, պատրաստել են ական փնտրող ռոբոտներ: Դա այն հիմքն է, որն այս երեխաներին կուղղորդի ավելի լայն, բարդ ու խորը խնդիրների ուսումնասիրություն: Սրանք այն երեխաներն են, որոնք հետագայում հիմք կհանդիսանան Հայաստանի նորօրյա ռազմաարդյունաբերական զարգացմանը: Շատ է խոսվում այս թեմայի մասին, մենք բազմիցս կրկնել ենք, որ թշնամուն հաղթելու միակ ճանապարհը մեր մտային ուղղության զարգացումն է, ու մեր երեխաների ներկայությունն այս ոլորտում ապացուցում է, որ այս ուղին ճիշտ է, ու մենք ապագայում հաղթանակ կարող ենք ապահովել հենց այս ճանապարհով»:

Նրա խոսքով՝ 11 թիմերից 9-ն այն դպրոցներից են, որտեղ ներդրված են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաներ.

«Երկու թիմեր Երևանից են՝ ուսանողական թիմերը, մյուսները՝ դպրոցականների թիմերը: Սա էլ է հետաքրքիր, որ դպրոցականները մրցում են ուսանողների հետ»:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ ասաց, որ վերջին շաբաթվա իրադարձությունն ավելի արժևորեց այս միջոցառման կարևորությունը.

«Մենք բոլորս հասկանում ենք, որ այս մրցույթի տված ծիլերը մի քանի տարի հետո կունենան իրենց ռեալ ազդեցությունը մեր ռազմաարդյունաբերության և, իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»: Հայկ Եսայանը նշեց, որ իրենց ընկերությունը մշտապես փորձել է օգտակար լինել ոլորտին և շարունակելու է աջակցությունը, որ նորարար գաղափարները կյանքի կոչվեն: Նա տեղեկացրեց, որ ամիսներ հետո կկայանա անօդաչու թռչող սարքերի մրցույթ, որին ևս իրենք կաջակցեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս