Ռուսաստանը համոզում է Հայաստանին. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նալբանդյանի, իսկ ավելի ուշ` նաեւ Սերժ Սարգսյանի հետ մանրակրկիտ քննարկել է Ղարաբաղի հարցը: Հիշեցնենք, այս տարվա սեպտեմբերին Բաքու կատարած այցի ժամանակ Լավրովը Ադրբեջանին խնդրի արագ կարգավորում էր խոստացել: Իսկ մինչ այդ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր. «Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, կարծում եմ, տեսանելի ապագայում կարող ենք առաջընթաց ապահովել արդյունքների հասնելու համար»: Պաշտոնական Մոսկվան համառորեն փորձում է Ադրբեջանին եւս անդամագրել ԵՏՄ-ին, ինչին պաշտոնական Բաքուն դեմ չէ, սակայն պայման ունի:
«Հայաստանի կողմից գրավված տարածքների առկայությունը թույլ չի տալիս մեզ Հայաստանի հետ գտնվել նույն միության կազմում: Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե լինի իրավիճակի կարգավորում, եթե լինի տնտեսական բաղադրիչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ո՞վ գիտի՝ ինչ տեղի կունենա վաղը: Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք»,- ուղիղ տեքստով հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հոկտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի օրերին, լրագրողների հետ ունեցած զրույցում: Ու հիմա, փաստորեն, ՌԴ-ն, ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, փորձում է հասնել այդ պայմանի բավարարմանը, եւ Լավրովի այցի հիմնական նպատակը ՀՀ հենց դա է: Այդ մասին հրապարակային հայտարարություն, իհարկե, չեղավ:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում, իսկ Լավրովն ընդգծել է, թե հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Լավրովի եւ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ասաց, թե Ռուսաստանն աջակցում է Երեւանի դիրքորոշմանը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ շարունակելու է ջանքերը, որպեսզի հակամարտության կողմերը փոխադարձ ընդունելի լուծում մշակեն ու հասնեն դրական արդյունքի:
Լավրով ու Նալբանդյանը հայտարարեցին, որ բանակցությունների ժամանակ մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Անդրադառնալով նույն խայտառակ հակահայ զեկույցին, որով, հիշեցնենք, պահանջվում է հայկական զորքերը անհապաղ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը, ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտներին եւ այլն, Նալբանդյանը հայտարարեց, որ զեկույցի հեղինակը ֆինանսավորվել է ադրբեջանական կազմակերպությունների կողմից:
Հ.Գ. Ասուլիսում լրագրողներին այդպես էլ թույլ չտրվեց հնչեցնել իրենցհետաքրքրող հարցերը: Նման հնարավորություն ընձեռվել էր ընդամենը երկու լրատվամիջոցի, որոնք, բնականաբար, նախապեսփոխհամաձայնեցված հարցեր տվեցին: Մեկն ուղղված էր Լավրովին եւվերաբերում էր Սիրիայի խնդրին, մյուսն էլ Ուոլթերի հակահայզեկույցի մասին էր: ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, պահպանում է «լավագույնավանդույթները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: