ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի համար դիտարկել նոր համաձայնագրի հնարավորությունը. Ռինկևիչս

Ռուսական  Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերության» երեք երկրները, որոնք ԵՄ-ի հետ չեն ստորագրել Ասոցացման համաձայնագրեր (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան), պետք է օգտվեն այդ ծրագրի ընձեռած հնարավորությունից ու համագործակցությունը զարգացնեն՝ ի շահ բոլոր կողմերի:

Այս մասին երեկ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լատվիայի արտգործնախարար և ԵՄ Խորհրդի նախագահ Էդգարս Ռինկևիչսը.

«Մենք նաև ամբողջովին հակված ենք օգնել այն երկրներին, որոնք չեն անդամակցել ԱՀԿ-ին՝ դառնալու համար այդ կազմակերպության անդամներ: Դա այն է, ինչը մենք կառաջարկենք, երբ հանդիպենք մեր գործընկերների հետ (այս ամիս Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում):

Բնական է, որ մենք պետք է սերտորեն համագործակցենք նրանց հետ, որովհետև հենց այդ երկրները դառնան ԱՀԿ անդամներ, նրանք, բնականաբար, ձեռք կբերեն նոր հնարավորությունների մի ամբողջ համալիր»:

Ռինկևիչսի խոսքերով՝ ԵՄ-ն կարող է համագործակցության նոր պայմանների մասին երկխոսությունը վերականգնել ԱՀԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, որը կառնչվի տնտեսական, ինչպես նաև՝ ազատ առևտրի ոլորտին:

ԱՀԿ-ի անդամ չհանդիսացող Բելառուսի հետ կապված՝  Ռինկևիչսը հայտարարել է, որ հնարավորություն չի տեսնում ավելի կանոնավոր ու ավելի կառուցվածքային երկխոսության համար. «Մենք ցանկանում ենք անել մեր ուժերի սահմաններում ամեն բան (Մինսկի հետ համագործակցության զարգացման համար)»:

Ռինկևիչսն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի համար դիտարկել նոր համաձայնագրի հնարավորությունը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է իմանալ այդ երկրների հատուկ, յուրահատուկ շահերը:

Ռինկևիչսը մանրամասնել է, որ այդ ամենն այն առաջարկների հնարավոր տարբերակներն են, որոնք տեղ են գտնելու մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հայտարարությունում, և որի տեքստի մշակման վրա ներկայումս աշխատում են ԵՄ-ում:

Տեսանյութեր

Լրահոս