Տարեցների հարցերով զբաղվող կազմակերպություններ կան, բայց պետությունը չի երեւում
asparez.am-ը գրում է. Լոռու մարզում գրանցված 52560 կենսաթոշակառուից 15952-ը հաշմանդամ է: Ութսունն անց տարեցները 5403-ն են, որոնցից 3868-ը՝ կանայք: Լոռու մարզում բնակվող ամենատարեց մարդը Ճոճկան համայնքի բնակիչ՝ 106-ամյա Վանո Խալաթյանն է: Իսկ ընդհանրապես մարզում արդեն մեկ դարը բոլորած 15 մարդ է ապրում:
Լոռու մարզում տարեցների խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ կան, սակայն պետական որեւէ ծրագիր չկա: ԵՄՔԸ (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության) ՀԿ-ի եւ կազմակերպության բարերար Արամյան ընտանիքի համատեղ «Զվարթարան» կենտրոնում, «Առաքելություն Հայաստան», «Օրրան», «Խաչվող ուղիներ» ՀԿ-ների ցերեկային կենտրոններում տարեցները սնվում, իրենց առօրյան հետաքրքիր են դարձնում: Գործում է ծերախնամ 2 կազմակերպություն՝ «Վանաձորի ծերատունը» եւ «Հույսի տունը»:
1993 թվականին «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հիմնադրած տարեցների տունը Վանաձորում առաջին պատսպարանն էր՝ լքված, անտեսված տարեցների համար: Այժմ ծերատունը գործում է ՀՕՖ-ի հովանու ներքո: Տարեցների տունը կարող է սպասարկել մինչեւ 55 շահառուի, այժմ այնտեղ բնակվողները 51-ն են:
Հաստատությունը գտնվում է քաղաքի Վանաձոր թաղամասում, անտառի փեշին, որը թեեւ հրաշալի հանգստավայր է, սակայն ծերերը մեկուսանում են հասարակությունից: Հազվադեպ են այցերը քաղաքի կենտրոնական թաղամասեր, տնօրինությունը ծերատան բակում փոքրիկ կրպակ է բացել, ուր կան այն ապրանքատեսակները, որոնց կարիքը ծերերը շատ ունեն: Տարեցների կենսաթոշակի 40 տոկոսը փոխանցվում է տարեցների տանը, մնացածը տնօրինում են ծերերը: Տարեցների տան բնակիչները առանձնապես շատ այցելուներ չունեն եւ սրտի թրթիռով են սպասում ու ուրախանում յուրաքանչյուր այցելուի համար:
Տարեցների տան տնօրինությունը աշխատում է քրոնիկական, ծանր հիվանդների չընդունել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: