Բաժիններ՝

Անահիտ Բախշյան. «Մեր իշխանությունը պարզապես խոսում է հայրենասիրությունից»

Վերջերս հայտնի դարձավ, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի որոշմամբ Հայաստանում ներառական կրթություն իրականացնող 117 դպրոցներին կավելանան ևս 22-ը: Թե ինչ փոփոխություններ կբերի ներառական դպրոցների ավելացումը և ինչ խնդիրներ կան այդ դպրոցներում՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն,Երևանի «Բարև Երևան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանն իր խոսքը սկսեց շնորհավորանքով.«Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին գալիք սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց իհարկե առողջություն, և հատկապես մեր մանկավարժներին՝ իմաստություն, քանի որ նրանք պիտի դասարան մտնեն ոչ միայն որպես դասատու, այլև որպես ՀՀ քաղաքացի, նրանք պիտի իրենց օրինակով իրենց աշակերտներին դաս տան, թե ինչ է նշանակում լինել ՀՀ քաղաքացի: Քանի դեռ ուսուցիչը օրինակելի վարքագիծ չի դրսևորում և հայրենասեր չէ, աշակերտից չի կարող պահանջել լինել այդպիսին»:

Այնուհետև անդրադառնալով ներառական կրթության թեմային՝ Ա. Բախշյանն ասաց, որ ներառական կրթություն հասկացությունը դրսից բերված գաղափարախոսություն չէ.

«Մենք կրթության ոլորտում շատ ունենք դրսից բերված գաղափարախոսություններ բարեփոխման անվան տակ, բայց ներառական կրթությունն այդպիսին չէ: Այն մեր ազգային մանկավարժության պատմության մեջ հայտնի է. տարբեր ժամանակաշրջաններում մեր մտածողները, մեր հայտնի մանակավարժները ներառական կրթություն են իրականացրել: Ինչ խոսք, մեր հասարակությունն այսօր շատ ավելի հանդուրժող է և պատրաստ է դպրոցում տեսնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի:

Օրինակ՝ Տավուշի մարզի բոլոր 77 դպրոցները ներառական են: Դա նշանակում է, որ Տավուշի մարզի ցանկացած գյուղի ու քաղաքի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա կարող է չկտրվել իր ընտանիքից, գնալ և սովորել այն դպրոցում, որն իր գյուղում է, այլ ոչ թե իր տնից հարյուրավոր-հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հատուկ դպրոցում:

Տավուշի մարզի այդ փորձը դրված է այն օրենքի հիմքում, որն այսօր Ազգային ժողովում է. Հանրակրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները ենթադրում են Հայաստանում կրթության ոլորտը համընդհանուր ներառական հայտարարել: Արդեն տարի ու կես ԱԺ-ում է, տեղում դոփում է, նախարարը խոստացել է, որ այս աշնանային նստաշրջանում անպայման կլսվի և կընդունվի այդ օրենքը, որը շատ կարևոր է:

Պետությունն այսօր բազմաթիվ անմիտ ծախսեր է անում ներառական դպրոցներում, երբ, օրինակ, սննդի գումար է տալիս. վկայագրված և ներառված մեկ աշակերտի ֆինանսավորման մեջ սննդի գումարն ավելին է, քան հանրակրթական դպրոցի յուրաքանչյուր երեխայի համար պետության տված գումարը, այսինքն՝ հանրակրթական դպրոցի մեկ աշակերտի ֆինանսավորումը 105 հազար դրամ է, իսկ ներառական դպրոցի մեկ աշակերտի սննդի գումարն անցնում է՝ 120-160 հազար դրամ կարող է լինել, որը շատ խնդրահարույց և տգեղ երևույթ է»:

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի ներառական դպրոցներում կան նաև մի շարք խնդիրներ՝ սկսած թեքահարթակներից, վերջացրած ուսուցիչների պատրաստվածության աստիճանից, և լրագրողների այն հարցին, թե գոնե այս սեպտեմբերի մեկին ընդառաջ այդ խնդիրները լուծելու ուղղությամբ որևէ քայլեր արվե՞լ են, տիկին Բախշյանը պատասխանեց, որ իսկապես ներառական կրթության համար շատ ֆիզիկական պայմաններ են անհրաժեշտ, սակայն հատկապես Խորհրդային միության տարիներին կառուցված դպրոցները պատրաստ չեն և չունեն այդ հնարավորությունը.

«Սպասել, որ մեր բոլոր դպրոցները կքանդվեն և նորից կսարքվեն՝ հարմարեցված ներառական կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմաններին, խելամիտ չէ, իհարկե, մենք չենք հասնի դրան, բայց այն, որ մեր երեխաները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրենց ներկայությամբ արդեն իսկ պահանջում են այդ փոփոխություններն անել, միանշանակ է: Իշխանություններն ուզեն թե չուզեն, պիտի անեն: Եկեք նաև ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնենք, որ քաղաքաշինության մասին օրենքով պահանջվում է, որ բոլոր նոր շինություններն անպայման ունենան հարմարվածություն հաշմանդամություն ունեցողների համար, բայց չի արվում ոչինչ, նույնիսկ այն շենքերը, որոնք երկրաշարժից հետո են կառուցվել, նույնպես հարմարեցված չեն: Սա խոսում է այն մասին, որ մեր իշխանությունը պարզապես խոսում է հայրենասիրությունից, բայց իր գործողություններով այդ քայլին չի գնում անգամ այն դեպքում, երբ օրենքն է պահանջում:

Բացի ֆիզիկական պայմանների բացակայությունից՝ իսկապես կա նաև կադրերի խնդիր. ուսուցիչները համապատասխան որակավորում չունեն և պատրաստված չեն: Իհարկե, ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներ իրականացվում են, բայց ասել, թե այդ մեկ վերապատրաստումը բավարար է, իհարկե չի կարելի: Այդ երեխաներն իրենց ներկայությամբ սովորեցնում են: Որքան էլ տեսական գիտելիքներ ստանան ուսուցիչները, միևնույնն է, չեն կարողանա կիրառել, մինչև չշփվեն այդ երեխաների հետ, չհասկանան նրանց խնդիրներն ու պատմությունները: Այսօր արդեն Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետներում պարտադիր անցնում են ներառական կրթության դասընթացներ, այսինքն՝ արվում են քայլեր, որպեսզի գնանք համընդհանուր ներառման և այդ ճանապարհին ով բարեխիղճ է, անում է, ով չէ՝ չէ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս