Բաժիններ՝

Հայտնի են Ոստիկանություն բերման ենթարկվածներից մի մասի անունները, կան տուժածներ

Սարյան փողոցից այսօր Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 27 անձ: Այս մասին 168.am-ին քիչ առաջ տեղեկացրել էին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ բերման ենթարկվածների հարցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով հանձնաժողովի վերջին որոշման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Ոստիկանության կողմից որոշ քաղաքացիների դեմ բռնություն է կիրառվել:

Այս պահին Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնում որոշ քաղաքացիներ և ակտիվիստներ նորությունների են սպասում այն քաղաքացիների մասին, որոնք բերման են ենթարկվել այսօր տեղի ունեցած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ 168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Տիգրան Մարտիրոսյանն ասաց. «Ոստիկանները սկզբում երկու հոգու բռնեցին փողոցը փակելու համար։ Մենք էլ ինքնաբուխ գնացինք Սարյան փողոց, որտեղ արդեն ոստիկանները սկսեցին մարդկանց մասսայական տանել տարածքից»։ Տուժածներից մի քանիսի խոսքերով՝ Ոստիկանության աշխատակիցները կոպիտ վերաբերմունք էին ցուցաբերում իրենց նկատմամբ։ Նրանք նշում էին, որ ակցիայի մասնակիցներից ոմանց անգամ քարշ տալով են ոստիկանական մեքենաներ նստեցրել։ Իսկ որոշ մասնակիցներ էլ առայժմ տարբեր վնասվածքներով գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Մասնավորապես՝ ակցիայի մասնակիցներից Արա Ղարագյոզյանը կրծքավանդակի վնասվածք է ստացել։ Մասնակիցները նշում են, որ բոլոր վնասվածքները հասցվել են ոստիկանների կողմից։ Բերման ենթարկվածների թվում են Արման Ավետիսյանը, Հայկ Ավետիսյանը, Նարեկ Հարությունյանը, Արմեն Աբրոյանը, Արսեն Մանուկյանը, Արսեն Ադամյանը, Հարութ Աղլամանյանը, Սերգեյ Ղահրամանյանը, Վարդան Զեյնալյանը, Դավիթ Միրզոյանը, Հայկ Ղահրամանյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Հայկ Ասլանյանը, Լևոն Զաքարյանը։

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս