Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է: Հայաստանի Հանրապետության համար
Թեև նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի ընթացքում, իհարկե, ուշագրավ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, սակայն դրանցից ամենակարևորը պետք է համարել Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը և այդ համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող դիրքորոշումը: Չնայած Սերժ Սարգսյանը հորդորեց արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում չտրվել զգացմունքներին, սակայն այդ հարցին նա պատասխանեց առավել քան էմոցիոնալ: «Խնդրում եմ, մի պաշտպանեք Արցախը ինձնից, սա ոչ միայն վիրավորական է, այլև անհեթեթ է»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:
Իրականում այս հայտարարության մեջ, զգացմունքից բացի, որևէ այլ բաղադրիչ դժվար է գտնել՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Առավել ևս, սառը բաղադրիչ, ինչպես Ս. Սարգսյանն էր ասում, դիվանագիտական՝ ինչպես էլի ինքն էր նշում: Որովհետև այս հայտարարությունից առաջ Սերժ Սարգսյանն արել էր ամենակարևորը, ենթադրաբար՝ էմոցիաներ, ու կրկին ենթադրաբար՝ տհաճ էմոցիաներ առաջացնող հայտարարությունը.
«Այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով»: Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոնական դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և, ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, հայկական երկրորդ հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի միջև տեղադրվելու է մաքսակետ: Որովհետև Հայաստանի՝ ճանաչված սահմանն ավարտվում է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, որն, ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է: Հայկական երկրորդ հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի սահմանը սկսվում է կրկին Տեղ գյուղում՝ հակառակ կողմից:
Սակայն, ի տարբերություն այս կողմի, այն կողմից սկսվող հատվածը չի ճանաչվել աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի կողմից: Թե ինչու չի ճանաչվել, Ս. Սարգսյանը հանգամանորեն բացատրեց նույն հարցազրույցում: Բայց խնդրո առարկան դա չէ, այլ այն, որ Ս. Սարգսյանի՝ վերը նշված հայտարարությունը նշանակում է համաձայնություն՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարցում: Որովհետև մաքսային միությունը սահմաններ, մաքսային սահմաններ ունեցող պետութունների միավորում է:
Եվ եթե որևէ պետություն այդ միավորմանն անդամակցում է իր իսկ կողմից ճանաչված սահմանով, նշանակում է, որ իր իսկ ու նաև աշխարհի կողմից չճանաչված հանրապետությունը, նույնիսկ՝ եթե դա երկրորդ հայկական հանրապետությունն է, և, ինչպես Գալուստ Սահակյանն է ասում, մեր հոգեարժևորման աղբյուրը, ահա այդ հանրապետությունը մնում է սահմանից այն կողմ: Իսկ սահմանի կողմերը, ինչպես հայտնի է, բաժանվում են սահմանակետով, մաքսակետով, համապատասխան համազգեստավորների կողմից հսկվող կետով:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մինչև այսօր համարվում են մեկ միասնական տնտեսական տարածք, որն ունի ոչ միայն տնտեսական դրսևորումներ: Լեռնային Ղարաբաղում գործում է հայկական դրամը, որը՝ լինելով դրամաշրջանառության միջոց, պետության ամենակարևոր ատրիբուտներից մեկն է, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կրում են ՀՀ նմուշի անձնագրեր, Լեռնային Ղարաբաղում գրանցված փոխադրամիջոցների վրա փակցված է հայկական տարբերանշանի պետհամարանիշ, և այլն: Սահմանակետը կամ մաքսակետը ենթադրում է նշված և չնշված մի շարք միասնական կատեգորիաների միասնական լինելու դադարեցում: Միանգամի՞ց, թե՞ աստիճանաբար, արդեն տեխնիկական հարց է:
Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե զարմանում է նրանց վրա, ովքեր զարմանում են, որ Աստանայում Նազարբաևը Ալիևի նամակն ու պահանջն է հնչեցրել: Սերժ Սարգսյանն ասում է, որ, այո, դա տհաճ էր, բայց ոչ թե բովանդակության, այլ ձևի առումով: Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունն անցած 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: «Որևէ մեկը կա՞, որ այստեղ հարց առաջացնի կամ ասի, այս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ»: Միգուցե, եթե Ս. Սարգսյանը չշեշտեր՝ «վստահ եմ, որ ոչ»-ը, Նվեր Մնացականյանը, ով այդ տաղավարում, օպերատորներից բացի, ներկա միակ «որևէ մեկն էր», նրան մի քանի հարցեր «կառաջացներ»՝ բայց չէ՞ որ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում մաքսային միության, կամ արդյո՞ք անցած 20-23 տարիներին որևէ այլ միջազգային կառույց Հայաստանից պահանջել է մաքսային կետ տեղադրել ՀՀ-ի և Ղարաբաղի միջև: Հասկանալի պատճառներով, «չառաջացվեցին» այդ հարցերը:
Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում կային բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ: Բայց ամենաուշագրավը նույնիսկ «Այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով» արտահայտությունը չէր: Սերժ Սարգսյանը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության հարցի քննարկումների ծավալումը, ըստ էության, ժամանակավրեպ ու անիմաստ համարելով՝ հայտարարեց. «Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչը, կարծում եմ, վերջացած է»: Այս հայտարարությունը, դժբախտաբար, իրականում վերաբերում է ոչ թե Հայաստանի անդամակցությանը որևէ միության, այլ Հայաստանի Հանրապետությանը: Դա տհաճ է արձանագրել: Բայց չէ՞ որ քաղաքականության մեջ էմոցիաները տեղ չունեն:
Հարություն Ավետիսյան