Բաքվից պահանջել՝ ազատ արձակել հայ պատանդներին․ Թրամփի համակիրը կոչով դիմել է նախագահին

Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին Թրամփին ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Այս մասին Թեննին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին: Եթե Հայաստանում և Ադրբեջանում իսկապես խաղաղ ժամանակ է, ապա ազատեք նրանց, այլապես ինչ արդարացումներ կունենաք»,- նշել է Թեննին։

Նա գրառմանը կից նաև հրապարակել է նկարներ, որտեղ երևում են այն բոլոր նույնականացված անձինք, որոնք պահվում են Բաքվի բանտերում, նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Նշենք, որ Ջոել Թեննին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, նրան ժամանակին նույնիսկ Հայաստանում դեսպանի պաշտոն են առաջարկել, ինչից վերջինը հրաժարվել է։

Թեննին սերտ հարաբերություններ է պահպանում ամերիկյան պետքարտուղարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, իր հայրենի Այովա նահանգում նա շատ բան է արել ընտրություններում Թրամփի հաղթանակի համար։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Տեսանյութեր

Լրահոս