Այսօր լինելու ենք օդանավակայանում. ոչինչ չի փոխվել՝ Դավիթ Համբարձումյանը վարչապետի թեկնածուն է. Հայկ Մամիջանյան
6 տարի 3 ամիս կալանքի դատապարտված Դավիթ Համբարձումյանն այսօր վերադառնում է Հայաստան, սակայն Հանրապետական կուսակցությունը չգիտի՝ ինչպիսին կլինեն իրավապահների գործողություններն իրենց կուսակցի նկատմամբ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իրավապահ համակարգն այս պահին օգտագործվում է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Իրավական նորմեր կան, նա դիմում է ուղարկել բացակայության հետ կապված։ Ոչ մի վայրկյան Դավիթ Համբարձումյանի գտնվելու վայրն անհայտ չի եղել»,– ասաց Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն իրեն ազատազրկման դատապարտելու որոշման մասին տեղեկացել է արտերկրում։ Ֆեյսբուքյան էջում նա գրառում էր կատարել, որ պատրաստվում է Հայաստան վերադառնալ հոկտեմբերի 28-ին։
Հարցին՝ Դավիթ Համբարձումյանի հետ կապված դատարանի որոշումը քաղաքական հետապնդո՞ւմ է, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.
«Եթե լիներ 3 ամիս պակաս, ապա այս պատմությունը կանցներ համաներման տակ, և Դավիթ Համբարձումյանին չէին կալանավորի։ «Զարմանալիորեն» դատավորն ընտրեց այդ պատիժը, սակայն ևս մեկ անգամ ասեմ, որ համաներումից օգտվելն ամենևին կապ չունի մեղքն ընդունելու հետ, քանի որ այդ գործով որևէ մեկը՝ բացի Դավիթ Համբարձումյանից, չի անցնում։ Հետաքրքիր է չէ՞, որ գործողություն անողներ չկան, բայց գործողության կազմակերպիչ կա»։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Դավիթ Համբարձումյանի քրեական գործով ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածել։
«Ալեն Սիմոնյանն այսօր որոշել է կիսվել հարցազրույցից մի հատվածով՝ կրճատված։ Վահագն Ալեքսանյանն ու մյուս ՔՊ–ականները տիրաժային տեսանյութեր էին տարածում այս համատեքստում, բայց այդ տեսանյութերը որևէ կապ քրեական գործի հետ առհասարակ չունեին՝ ո՛չ վայրի, ո՛չ ժամանակահատվածի, ո՛չ դրվագի։ Ակնհայտ սուտ էին ասում թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ ֆեյսբուքյան էջերով»,– շարունակեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

