Սուդանի ռազմականացված խմբավորումը 18 ամսվա պաշարումից հետո գրավել է կարևոր քաղաքներից մեկը
Սուդանի բանակը կորցրել է երկրի արևմուտքում իր վերջին հենակետը՝ էլ-Ֆաշեր քաղաքը, Արագ աջակցության ուժերի (ԱԱՈւ)-ի կողմից 18 ամիս շարունակվող պաշարումից հետո։ Սուդանի զինված ուժերի ղեկավարը հաստատել է այս տեղեկությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը հեռուստաուղերձում հայտնել է, որ հավանություն է տվել զորքերի հետքաշմանը՝ «համակարգված ավերածությունների և խաղաղ բնակիչների սպանությունների» պատճառով։
ՄԱԿ-ը վերջին օրերին ահազանգել է ԱԱՈւ-ի կողմից իրագործված վայրագությունների մասին և կոչ արել, որ պաշարման մեջ գտնվող քաղաքացիական անձանց թույլ տրվի ապահով հեռանալ։ ԱԱՈւ-ն հերքել է քաղաքացիական անձանց սպանությունների մեղադրանքները։
Էլ-Ֆաշերի գրավմամբ ԱԱՈւ-ն վերահսկողություն է հաստատում երկրի արևմուտքի մեծ մասի նկատմամբ՝ ամրապնդելով իր զուգահեռ վարչակազմը Հարավային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Նիալայում։
Սուդանի քաղաքացիական պատերազմի ընթացքում առնվազն 150 000 մարդ է զոհվել, ավելի քան 12 միլիոնը՝ տեղահանվել։ Հակամարտությունը սկսվել է 2023 թ. ապրիլին, երբ երկրի երկու ռազմական առաջնորդների մոտ տարաձայնություններ առաջացան երկրի հետագա կառավարման շուրջ։

