Մարդիկ պետք է տեսնեն՝ նրանք, ովքեր հաղթում են այս իշխանություններին, կա՛մ գնդակահարվում են, կա՛մ ձերբակալվում են․ Էդգար Ղազարյան
Հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր դարձյալ Ազգային ժողովում էր, այս անգամ՝ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մասին զրուցելու ակնկալիքով։
Բայց ՔՊ-ական նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը, ինչպես և մյուս ՔՊ-ականները, հրաժարվեցին Էդգար Ղազարյանի հետ հանդիպումից։
«ԱԺ աշխատակիցը հայտնեց, որ ընդունելությունն այլ քաղաքացիների մասով կայանալու է, և Դավիթ Կարապետյանը միայն ինձ նպատակահարմար չի համարում ընդունել․ այսինքն՝ այն ավանդական մոտեցումը, որը ցուցաբերում են միայն ՔՊ պատգամավորները,- 168․am-ի հետ զրույցում տեղեկացրեց նա և հավելեց,- Հանցագործության մասին 30-ից ավելի հաղորդում եմ ներկայացրել, որով անցնում են ԱԺ ՔՊ խմբակցության 25 պատգամավորներ։ Վարույթներ չեն նախաձեռնում, թեև ոչ մի հիմնավորում չունեն, ես դա բողոքարկում եմ»։
Դիտարկմանը, որ մի դեպքում իրավական պրոցեսները հապաղում են, բայց մեկ այլ դեպքում, կարծեք ցպահանջ, դրանք մեծ թափ են հավաքում, ինչպես, օրինակ՝ իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանի պարագան է, և հարցին՝ արդյո՞ք նրա կալանավորումը կխոչընդոտի իմպիչմենտի գործընթացը ավարտին հասցնելուն, նա պատասխանեց.
«Նրա նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելը գործընթացի իրավական իմաստի վրա ազդեցություն չի ունենա, որովհետև այդ գործընթացում թեկնածուն առանցքային դերակատարում չունի, որովհետև որոշումը կայացնողը թեկնածուն չէ, պատգամավորներն են։
Հակառակը՝ ես կարծում եմ, որ սա պետք է լուրջ ազդակ հանդիսանա մեր հանրության համար․ մարդիկ պետք է տեսնեն, որ նրանք, ովքեր հաղթում են այս իշխանություններին, կամ գնդակահարվում են, կամ ձերբակալվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում

