Ալիևն Արցախի պայքարը դնում է «օկուպացիոն» կոնտեքստում՝ մեղադրելով Հայաստանին. Նպատակը պահվող անձանց վակուումի մեջ պահելն է. Արա Ղազարյան
Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ հրաժարվում է իր միջազգային փաստաբանից, այնուհետև նա ընտանիքի միջոցով նամակ էր հրապարակել, որտեղ մանրամասնել էր փաստաբանից հրաժարվելու պատճառների մասին։
Նա, մասնավորապես, գրել էր.
«Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են՝ որպես իմ մեղքի ապացույց:
Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան։
Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր՝ հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացն օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սպասել Բաքվի դատարանում տեղի ունեցած «կեղծ» արդարադատությունից, իրավական մեխանիզմներով հնարավոր կլինի՞ միջազգային փաստաբանների ներկայություն ապահովել դատարանում։
Ի պատասխան՝ նա հիշեցրեց, որ բազմիցս է ասել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առումով Ադրբեջանն իր առջև կոնկրետ նպատակ է դրել ստանալու դատական ակտ, որտեղ կլինեն ապացույցներ՝ անկախ նրանից, թե այս ապացույցներն ինչպես ստացած կլինի։
«Այդ ապացույցները պետք է լինեն այն մասին, որ «Հայաստանը մտադիր է եղել օկուպացնելու Ադրբեջանի տարածքի մի մասը», որը համընկնում է Արցախի տարածքի հետ, որովհետև այդ «օկուպացիայի» իրավական բովանդակությամբ Ադրբեջանը կարող է հերքել Արցախի անկախություն։ Ինչո՞ւ, եթե Արցախի անկախության կոնտեքստով նայենք հակամարտությանը, Արցախի պայքարն արդար էր, ինքնապաշտպանություն էր։ Իսկ Ալիևը նպատակ ունի Արցախի պայքարը դնել օկուպացիոն, ագրեսիվ պայքարի կոնտեքստում՝ մեղադրելով ոչ թե Արցախին, այլ Հայաստանին։
Սա է Ադրբեջանի նպատակը՝ հետևելով դատավարության ընթացքում, թե վկաներն ինչ ցուցմունքներ են տալիս, կամ վկաներից ինչ ցուցմունքներ են կորզվել, քրեական իրավունքի տեսանկյունից ամեն ինչ տանում է այդ հատկանիշի ապացուցմանը, որ Հայաստանի զորքերը ՀՀ ղեկավարության հրահանգով օկուպացրել են Ադրբեջանի տարածքը, օրինակ, 1994 թվականին»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը։
Նա շեշտեց՝ Ռուբեն Վարդանյանի գործի դատավարության արդարացիության վրա արդեն այնքան խորը ազդեցություն է եղել, որն այլևս շտկել հնարավոր չէ։ Ռուբեն Վարդանյանը դատարանում երբեք փաստաբան չի ունեցել իր կողքին նստած։ Նա փաստաբանի հետ շփվել է պատուհանից այն կողմ, ինչը նշանակում է, որ նրանց բոլորը լսել են, այսինքն՝ խոսակցության գաղտնիությունը խախտվել է, ինչն արդեն բավական է, որ ամբողջ դատավարությունը համարվի անարդարացի։
«Ռուբեն Վարդանյանը միջազգային փաստաբանից հրաժարվել է ոչ թե հենց փաստաբանի պատճառով, այլ նրա համար, որ անիմաստ է, եթե փաստաբանի հետ գաղտնի հաղորդակցության հնարավորություն չունի։
Միջազգային հանրությունն այս դատավարությանն իր գնահատականը մասնակի արդեն տվել է և դեռ կտա։ Այն արդարացի դատավարություն չի համարվելու ժողովրդավարական ոչ մի մարմնի կողմից, որովհետև դատավարության նվազագույն իրավունքներ, երաշխիքներ չեն հարգվել, կոնկրետ փաստաբանի իրավունքները։ Հիմա Ադրբեջանը կարո՞ղ է միջազգային հանրությանը ստիպել, իհարկե չի կարող, դա Ադրբեջանի ներքին գործն է, բայց դատավարության արդյունքները միջազգային հանրությունը չի ընդունելու։ Դատավարության ընթացքում թույլ տված խախտումներն այն մասշտաբի են, որ այլևս ոչինչ չի կարող վերականգնել դատավարության արդարացիությունը, բացառությամբ մեկ հանգամանքից, եթե դատավարությունը սկսվի զրոյից»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Միջազգային իրավունքի մասնագետի դիտարկմամբ՝ օրինական կլինի, եթե փաստաբանը նստած լինի իր պաշտպանյալի կողքին, այլ ոչ թե ապակուց այն կողմ շփվի նրա հետ։ Սա շատ կարևոր է, գուցե սովորական քաղաքացու համար էական չթվա, բայց քրեական դատավարության մասնագետների համար սա շատ կարևոր է, այդ թվում՝ իր համար։
«Սրանց առանցքային կարևորություն եմ տալիս, որովհետև եթե անձն իր կողքին չունի նստած փաստաբան, ում հետ կարող է շշուկով խոսել, որը լսելի չի լինի դատավորին, դատախազին ու վկաներին, եթե այս հնարավորությունից անձին զրկում են, նշանակում է՝ անձը չի կարողանում ստանալ արդար դատավարության երաշխիքը։ Ինքս արդեն նշեցի, թե որն է Ադրբեջանի նպատակը։
Ամեն դեպքում, կարծում եմ՝ Ադրբեջանը հասնելու է այդ դատական ակտին, որ իր հասարակությանը ցույց տա արդյունքները, նաև միջազգային հանրությանը, բայց միջազգային հանրությունը չի ընդունելու արդյունքները, այդ թվում՝ միջազգային դատարանները»,- ընդգծեց Արա Ղազարյանը։
Նա նաև ասաց, որ Հայաստանի Հանրապետության իրավազորություններից դուրս է Բաքվի դատարանում միջազգային փաստաբանների ներկայությունն ապահովելը։
«ՀՀ-ն կարո՞ղ է դիվանագիտական ճանապարհով որևէ բան անել, չեմ կարող ասել, դա իմ ոլորտը չէ, բայց չեմ էլ կարծում, որ Ադրբեջանը թույլ կտա։ Կրկնում եմ՝ Ադրբեջանի նպատակն է մեղադրյալներին պահել վակուումի մեջ և թույլ չտալ, որպեսզի նրանք շփվեն արտաքին աշխարհի, նաև փաստաբանների հետ, որպեսզի կարողանան կառավարել դատական նիստը։ Այս պայմաններում Ադրբեջանը թույլ չի տա ներկա լինել որևէ միջազգային փաստաբանի։ Կարմիր խաչի գրասենյակը փակվեց Բաքվում, որի միջոցով այդ անձանց հարազատները և փաստաբանները կարող էին շփվել իրենց հարազատի ու վստահորդի հետ։ Եթե մի երկիր հեռացնում է Կարմիր խաչին, պարզ է, որ այդ երկիրը ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Բայց այս ամենի բացասական պտուղները մեկ այլ տեղից Ադրբեջանը ստանալու է։ Օրինակ, Կարեն Ավանեսյանի գործը Եվրոպական դատարանը վարույթ ընդունեց և արագացված քննեց»,- նշեց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

