20-30-40 ոստիկան եք ուղարկում, կարծիքի համար՝ բանտարկում․ ուշադիր ու զգույշ եղեք, եթե  հավակնում եք ԵՄ թեկնածու դառնալ, ուսումնասիրելու ենք․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը և գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին անդրադարձան ՀՀ-ում ձերբակալությունների պրակտիկային ու իրավապահների գործողություններին։

Նրանց  դիտարկումները հաջորդեցին հայաստանյան ընդդիմադիր խորհրդարանականներ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթներին, որոնցում նրանք ներկայացրին Հայաստանում քաղաքական բանտարկյալների թվաքանակը, քաղաքական մոտիվացված քրեական գործերը, իշխանության քաղաքականությունն ու եվրոպական լսարանի համար այլ ուշագրավ մանրամասներ։ Գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, ըստ էության, դիմելով ընդդիմադիր խորհրդարանականներին, ասաց, որ՝ մենք տեղյակ ենք այս բոլոր մեղադրանքներից, քննարկումներից Ձեր երկրում, մի մտածեք, թե մենք թեթև ենք այդ ամենին վերաբերվում, մենք լսում ենք տարբեր ձայներ, դա մենք հասցեագրում ենք նաև մեր փոխանակումների ժաանակ, երբ մենք զրուցում ենք երկու կողմերի քաղաքական գործիչների հետ։ Շատ շնորհակալություն Ձեզ սրա մասին ևս մեկ անգամ ահազանգելու համար։

Ավելի ծավալուն թեմայի անդադարձավ իսպանացի Նաչո Սանչես Ամորը։

Նա նշեց, որ ոչ մեկը չի կարող գնալ Բրյուսել ու հայտարարել՝ արտաքին սպառնալիքից են տառապում։ Մենք պետք է ուսումնասիրենք, եթե վերջապես  Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, ուստի պետք է լուծել ներքին խնդիրները։

Կարդացեք նաև

«Խոսքը քաղբանտարկյալների, Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ, այլ այն,  թե գիշերով ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքներում, որտեղ Դուք հստակ, ակնհայտ կերպով, չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-30-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Սա խնդիր է։

Եթե, օրինակ, կաշառքի համար է դա արվում, նորմալ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, քանի որ մենք ամեն ինչից տեղեկանում ենք, երբ Դուք սկսում եք մեղադրել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- նշեց խորհրդարանականը։

Նրա որակմամբ, սա արդեն մեթոդ է, սակայն ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։ Որպես օրինակ՝ Նաչո Սանչես Ամորը վկայակոչեց Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման դեպքը․

«Կարիք չկա հարյուրավոր ոստիկաններ ուղարկել քաղաքապետ ձերբակալելու համար, Դուք հաղորդագրություն եք ուղարկում, որ այսինչ մարդն այսինչ օրը պետք է ներկայանա դատարան»։

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները, կուսակցությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե  հավակնում են ԵՄ  անդամակցության թեկնածու երկիր լինել։

Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ իրավական համակարգում էական է  խորհրդային իրավական համակարգի ժառանգությունը․

«Մեղադրենք, ուղարկենք բանտ, հետո կտեսնենք։ ՀՀ արդարադատության նախարարը փորձում է պայքարել այս պատմական ժառանգության դեմ։ Խնդրում եմ՝ տեղյակ եղեք նման դեպքերի մասին, քանի որ պատրաստվում ենք Հայաստանի մասով շատ խորն ուսումնասիրել»։

Տեսանյութեր

Լրահոս