Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը և Ռուսաստանը մտադիր չեն հարձակվել Եվրոպայի վրա
Բելառուսը և Ռուսաստանը որևէ ագրեսիվ մտադրություններ չունեն եվրոպական երկրների նկատմամբ. Մինսկին ու Մոսկվային լարվածության սրացում պետք չէ: Ինչպես տեղեկանում ենք ԲելՏԱ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նշել է, որ վերջին շրջանում Մինսկին և Մոսկվային մեղադրում են եվրոպական տարբեր երկրների վրա հարձակման մտադրության համար։
«Ես սա լսում եմ այնքան ժամանակ, որքան նախագահ եմ, իսկ ես վաղուց եմ նախագահ։ Դա լիակատար անհեթեթություն է։ Նման մտադրություն չունենք։ Ոչ մի Եվրոպա, Փարիզ կամ Լոնդոն մեզ հարկավոր չէ։ Նույնիսկ Լիտվան և Լեհաստանը, նույնիսկ Վիլնյուսն ու Վարշավան։ Նրանք մեզ պետք չեն։ Մեզ պետք չէ այս սրացումը», – ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովում, որը Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում է հոկտեմբերի 28-29-ին։
Նա նաև հայտարարել է, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը Բելառուսում պատասխան է եվրոպական երկրների գործողություններին և չի կարող համարվել ագրեսիվ քայլ։
«Ոչ մի ագրեսիվություն չկա, ոչ մի։ Եվրոպական հինգ երկիր արդեն հայտարարել է իր տարածքում միջին հեռահարության հրթիռային համալիրներ տեղակայելու մտադրության մասին։ Ինչո՞ւ են մեզ հանդիմանում։ Այնպես որ, այս զենքի տեղակայումը Բելառուսում ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում լարվածության սրման և արդի սպառնալիքների դեմ պատասխան միջոց։ Այնպես որ, խնդրեմ, հրաժարվեք դրանից, և «Օրեշնիկ»-ի մասին խոսակցությունները կդադարեն։ Բայց չեն ցանկանում», – հավելել է Լուկաշենկոն։

