«Լուկօյլ»-ը մտադիր է վաճառել միջազգային ակտիվները՝ պատժամիջոցների պատճառով
Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունը հայտարարել է միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ մի շարք երկրների կողմից սահմանափակող միջոցառումների կիրառման պատճառով։ Ընկերությունը սկսել է հնարավոր հայտերի քննարկումը։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
««Լուկօյլ»-ը տեղեկացնում է, որ որոշ պետությունների կողմից ընկերության և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման պատճառով ընկերությունը հայտարարում է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Հնարավոր գնորդների կողմից առաջարկված գործարքների քննարկումն սկսվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Ընկերության նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։
«Լուկօյլ»-ը Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ավելացվել է հոկտեմբերի 15-ին. ընդ որում, Ադրբեջանում և Ղազախստանում «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի մասնակցությամբ միջազգային նախագծերն անմիջապես ազատվել են պատժամիջոցներից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 14-ը, մասնավորապես, խոսքը «Կասպյան խողովակաշարային կոնսորցիում»-ի, «Թենգիզ Շևռօյլ»-ի, «Շահ Դենիզ»-ի, «Հարավային կովկասյան գազատարի», «Ադրբեջանի գազամատակարարման ընկերության» և Կարաչագանակի նախագծերի մասին է։
Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Լուկօյլ»-ը նախագծերի է մասնակցում Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Իրաքում, Եգիպտոսում, Կամերունում, Նիգերիայում, Գանայում, Մեքսիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կոնգոյի Հանրապետությունում: Ընկերությունը նաև նավթավերամշակման գործարաններ ունի Բուլղարիայում, Ռումինիայում և Նիդեռլանդներում:

