Ճապոնիայի վարչապետը Թրամփին խոստացել է մեծացնել պաշտպանական ծախսերը
Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին հոկտեմբերի 28-ին Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է ուժեղացնել իր երկրի պաշտպանունակությունը և մեծացնել պաշտպանական ծախսերը, սակայն կոնկրետ թվեր չեն քննարկվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես նրան հայտնեցի իմ վճռականությունը՝ ստանձնելու նախաձեռնությունը մեր պաշտպանունակության ամրապնդման և պաշտպանական ծախսերի մեծացման գործում», – հայտնել է Տակաիչին լրագրողներին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ բանակցությունների ընթացքում «կոնկրետ թվեր» չեն քննարկվել։
Ճապոնիայի կառավարության նոր ղեկավարը նաև նշել է, որ իրենք Թրամփի հետ պայմանավորվել են շարունակել ամրապնդել ճապոնաամերիկյան դաշինքը, ինչպես նաև առաջ մղել համագործակցությունը դաշնակից երկրների՝ Հարավային Կորեայի, Ֆիլիպինների, Ավստրալիայի և Հնդկաստանի հետ։
Տակաիչիի խոսքով՝ իրենք Թրամփի հետ նաև քննարկել են միջազգային օրակարգի կարևոր հարցեր, ներառյալ Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ համակարծիք լինելով «Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության» կարևորության մասին հարցի շուրջ:
Տակաիչին նշել է, որ իրեն հաջողվել է վստահության, բարեկամական հարաբերություններ հաստատել Թրամփի հետ։Նախագահական երկրորդ ժամկետում Թրամփի առաջին այցը Ճապոնիա տեղի է ունենում հոկտեմբերի 27-29։
Ծրագրի հիմնական մասն արդեն ավարտված է. հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահը հանդիպել է Նարուհիտո կայսեր հետ, իսկ հոկտեմբերի 28-ին՝ բանակցություններ է վարել Տակաիչիի հետ, որը հոկտեմբերի 21-ին դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը։ Բանակցությունների արդյունքներով Թրամփը և Տակաիչին ստորագրել են, մասնավորապես, համաձայնագիր ամերիկա-ճապոնական դաշինքի «նոր ոսկեդարի» մասին:

