Բաժիններ՝

Շախմատի աշխարհի չեմպիոնն այցելելու է Տաթև և շախմատ է խաղալու Հայաստանում

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։

Նորվեգացի 24-ամյա չեմպիոնին Երեւանում կհյուրընկալի Աշխարհի գավաթակիր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Այցի շրջանակներում Երեւան կժամանեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Acronis ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Parallels ընկերության եւ Runa Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր, Ֆիզտեխ միության վարչության անդամ Սերգեյ Բելոուսովը, ռուսական վենչուրային ներդրող, «Almaz Capital Partners» ընկերության հիմնադիր եւ կառավարիչ Ալեքսանդր Գալիցկին, Սաութհեմփթոնի համալսարանի նանոֆիզիկայի եւ ֆոտոնիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կավոկինը, Թաթարստանի Հանրապետության նախագահի տնտեսական հարցերով օգնական Այրատ Խայրուլինը, Parallels Inc. ընկերության նախագահ Բիրգեր Սթենը եւ այլք:

Հյուրերը կայցելեն Տաթեւի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Գրոսմայստերները կանցկացնեն շախմատի միաժամանակյա խաղ` 20 խաղատախտակների վրա։ Լավագույն մրցակիցներին կշնորհվեն նվերներ։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական եւ հոգեւոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այս հետաքրքիր այցը հայաստանցիների համար IDeA հիմնադրամի հետ կազմակերպող «Ակրոնիս» ընկերությունը տվյալների պաշտպանության նոր սերնդի համակարգերի մշակման ոլորտի առաջատարներից է, որը հանդիսանում է համաշխարհային պահուստային տվյալների պատճենման, համակարգերի վթարային վերականգնման և դեպի տվյալներն անվտանգ մուտքի ապահովման լուծումներ առաջարկող ընկերություն:

Ընկերության արտադրանքից օգտվում են ավելի քան 5 մլն անհատ և 300.000 կորպորատիվ օգտատեր՝ աշխարհի 130 երկրներում: «Ակրոնիսն» առաջարկում է ֆիզիկական, վիրտուալ և «քլաուդ» միջավայրերում պահուստային պատճենման պարզ, արդյունավետ և հուսալի լուծումներ, ինչպես նաև շարժական կապի սարքերում դեպի տվյալներն անվտանգ մուտքի ապահովմանն ուղղված լուծումներ: «Ակրոնիս» ընկերության արտադրանքի հիմքում դրված է իր բնույթով եզակի՝ «Acronis AnyData Engine» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հեշտությամբ կիրառել «Ակրոնիսի» մշակած լուծումները ցանկացած ընկերության պայմաններում և լրամշակել դրանք՝ ենթակառուցվածքի և բիզնեսի ծավալների աճին համընթաց:

Ընկերության հիմնադիր Սերգեյ Բելոուսովին հայաստանցի մասնագետները ծանոթ են Հայաստանում ունեցած դասախոսություններով, որոնց ընթացքում ՏՏ մասնագետը ներկայացրել է սկսնակ բիզնեսների զարգացման մասին իր տեսությունները, ինչպես նաև ՏՏ ոլորտի կայծնակնային զարգացումը: Ըստ Սերգեյ Բելոուսովի. «10 տարի հետո գալու է այն օրը, երբ Երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ ունենալու է մշտապես ցանցին միացված գերարագ համակարգչային տեխնոլոգիա, որից մշտապես օգտվելու է»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս