Արմեն Ռուստամյան. «Ես չեմ կարծում, որ պետականություն ենք կորցրել»
Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համաձայն չէ, որ 1920 թվականին պետականություն ենք կորցրել, քանի որ եթե կորցրած լինեինք, երրորդ հանրապետությունը չէր լինի:
Այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի երեք հանրապետությունները պետք է դիտարկել որպես զարգացման փուլեր, ոչ թե համարել, թե մեկը կորավ, մյուսը ստեղծվեց առանց նախադրյալի:
«Այդպես չի լինում: Հիմքը դրվել է այստեղ` 1918 թ. մայիսի 28-ին, և կարծում եմ` եթե 96 տարի կարողանում ենք պահել մեր անկախությունը, դա արդեն մեծ բանի մասին է խոսում»,- ասաց դաշնակցական գործիչը:
Նրա խոսքերով` դժվարություններ ճանապարհին միշտ կան, կլինեն, բայց ոչինչ մեզ չի կարող ստիպել հրաժարվել մեր ձեռքբերումներից. «Հայ ժողովուրդը երբեք էլ չի կարողացել հանգիստ, խաղաղ ապրել: Հիմա էլ, ըստ էության, նույն մարտահրավերներն են մեր առջև կանգնած: Պետք է համախմբվենք, որ կարողանանք պահել մեր անկախությունը»:
Պատասխանելով 168.am-ի հարցին` ինչո՞վ են մայիսյան հերոսամարտերը, հատկապես Սարդարապատի ճակատամարտը արդիական այսօրվա համար, Արմեն Ռուստամյանն ասաց. «Սա օդ ու ջուր է: Ինչպես ազգն առանց դրա չի կարող իրական առաջընթաց ապահովել, այնպես էլ անկախությունն այն օդն է, սնունդն ու աղբյուրը, որից ազգը պետք է սնվի, որպեսզի կարողանա առաջ գնալ: Մենք ստեղծեցինք մեր պետությունը, որն ազգի կազմավորման բարձրագույն ձևերից մեկն է»: