Իսրայելն ու ԱՄԷ-ն՝ Ադրբեջանի պաշտպանական և տարածաշրջանային հավակնությունների առանցքում

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, մասնավորապես, ադրբեջանական «Polygon» պարբերականը գրել է, որ իսրայելական Elbit Systems ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ EXTRA-MR միջին հեռահարության հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի):

Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության նոր գործարքներ են կնքվել

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է Իսրայելի պաշտպանության նախարարության և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարության միջև՝ միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Եռամյա պայմանագրի շրջանակում Elbit Systems-ը գաղտնի պահվող երկիր կմատակարարի իր գերձայնային EXTRA հրթիռային համակարգի միջին հեռահարության տարբերակը, ինչպես նաև PULS արձակման կայանքներ, հրթիռային և հրետանային համակարգերի հետ կապված, այսպես ասած, հավելյալ հարթակներ և համալիր լոգիստիկ աջակցություն։

Կարդացեք նաև

EXTRA-MR-ը միջին հեռահարության և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է: Այն հնարավորություն է տալիս մինչև 80 կմ հեռավորության վրա բարձր ճշգրտությամբ խոցել կարևոր նշանակության թիրախները:

Այս գործարքի մասին իր պաշտոնական կայքում հայտնում է նաև Elbit Systems ընկերությունը, սակայն այն նույնպես դեռևս թաքցնում է պատվիրատու երկրի անունը:

Իսրայելական որոշ այլ աղբյուրներ ևս գաղտնիություն են պահպանել, թե որ երկրին են վաճառվելու EXTRA-MR միջին հեռահարության հրթիռները և PULS համակարգերը, սակայն իսրայելական «Globes»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Եվ մինչև պաշտոնապես կհայտարարվի իսրայելական ընկերության ռազմատեխնիկական խոշոր գործարք կնքած պատվիրատու պետության անունը, մի քանի ուշագրավ դրվագ հիշեցնենք:

2025 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Բաքվի զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրած՝ մինչև 300 կմ հեռահարության 370 մմ տրամաչափի Predator Hawk օպերատիվ-մարտավարական հրթիռը, որն արձակվում է նույն ընկերության մշակած PULS արձակման կայանքից։ Ադրբեջանը վաղուց է պատվիրում Elbit Systems-ի հրթիռային համակարգերը։

Ադրբեջանական աղբյուրների տեղեկացմամբ, մոտ 10 տարի առաջ ընկերությունն Ադրբեջանին մատակարարել է մինչև 200 կմ հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ են ընդգրկվել Elbit Systems-ի մշակած՝ մինչև 400 կմ հեռահարությամբ LORA հրթիռները։ Երկու տեսակի հրթիռներն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառվել են հայկական կողմի դեմ:

168.am-ը գրել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժություններին առնչվող Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի կադրերից մասնագետները ենթադրել են, որ կիրառվել է Ադրբեջանի զինանոցում առկա իսրայելական արտադրության SkyStriker Block 4 թափառող զինամթերքը՝ PULS հարթակից:

Տեղեկացնենք, որ SkyStriker Block 4 համակարգերն առաջին անգամ ցուցադրվել են Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ։ SkyStriker Block-4-ն իսրայելական արտադրության անօդաչու թափառող զինամթերքի (loitering munition) արդիականացված տարբերակն է, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։

Այս տարվա օգոստոսին գրել ենք, որ Ադրբեջանը հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ առանց «տնտեսումների», որտեղ իրենց տեղն ունեն իսրայելական համակարգերը:

Դեռ 2-3 տարի առաջ ենք հայտնել, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր, գործարքի գինն այդ ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվել էր մոտ 1,2 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանի կողմից «Barak 8»-ի փորձարկման մասին խոսում էին դեռ 2016-ին:

Իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում անցկացվել է ADEX-2026 միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ Իսրայելը ներկայացված է եղել առանձին տաղավարով, որտեղ ներկայացված են եղել երկրի առաջատար ընկերությունները, որոնց մեծ մասի հետ Բաքուն համագործակցում է:

Ավելի ուշ տեղեկություն է շրջանառվել, որ Ari Arms իսրայելական ընկերությունն Ադրբեջանում հրաձգային զենքի արտադրության գործարան է բացել, որի պաշտոնական արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Այսինքն, միանգամայն հնարավոր է, որ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր իսրայելական ընկերության հետ կնքած լինի Ադրբեջանը, թեև ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական երկրների հետ:

Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները

ADEX-2026-ին առանձին տաղավար ուներ նաև Սլովակիան: Ինչպես հայտնի է՝ Ադրբեջան-Սլովակիա 210 միլիոն եվրոյի ռազմական գործարք է կնքվել: Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ:

Այդ համատեքստում հայտնել ենք նաև, որ Ադրբեջանը և Սլովակիան քննարկում են ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում համագործակցություն սկսել՝ սլովակական տեխնոլոգիա՝ գումարած ադրբեջանական գումարներ:

Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները ներկայացվեցին սեպտեմբերին՝ Բաքվում կայացած ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին, և և գործարքի հետ կապված նոր մանրամասներ հայտնի դարձան:

«Մենք հույս ունենք շարունակել համագործակցությունը և վերջին փուլում ամբողջությամբ անցնել արտադրանքի արտադրությանն Ադրբեջանում։ Նախատեսվում է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների մեկ երրորդը կիրականացնեն Սլովակիայում գտնվող մեր գործարանները։ Այս փուլում կիրականացվի տեխնոլոգիաների փոխանցումը։

Երկրորդ և երրորդ փուլերում արտադրությունը կիրականացվի կիսով չափ Ադրբեջանում և կիսով չափ՝ Սլովակիայում։ Կարծում եմ, որ վերջին՝ երրորդ փուլում տեխնոլոգիաների փոխանցումը կավարտվի, և արտադրանքն ամբողջությամբ կարտադրվի Ադրբեջանում։

Առաջին նմուշն արդեն այստեղ է՝ ADEX ցուցահանդեսում։ Կարծում եմ՝ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և մենք շատ գոհ ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ համագործակցությունից»,-ցուցահանդեսի օրերին ասել էր Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը: Խոսքը, ինչպես նշեցինք, հրետանային կայանքների մասին է:
Մյուս կողմից, Սլովակիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք էլ հետաքրքրված են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով, ինչը, իրականում, թուրքական է և իսրայելական:

Ադրբեջան-ԱՄԷ ռազմական համագործակցության պատկերը

Բավականին ուշագրավ է Ադրբեջան-ԱՄԷ ռազմական համագործակցությունը և ընդլայնվելու հեռանկարներ կան: Օրերս Ադրբեջանում ավարտվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ «Բազեների հանդիպում-2026» թռիչքային-մարտավարական զորավարժությունները:

Այստեղ հարկ է հիշեցնել մի քանի կարևոր դրվագ: Մենք տեղեկացրել ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Բաքվում Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ նշանակության օպերացիաների հրամանատարությունն «Անսասան գործընկերություն-2025» անվանումով զորավարժություններ էին անցկացրել:

Ընդ որում, դրանք եղել են իրական մարտական պայմաններին համահունչ միջավայրում, որի ժամանակ կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր: Ավելին, ստորաբաժանումները կատարել էին մարտական տարբեր առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, դեսանտավորում, դիպուկահար հրաձգություն, հակառակորդի օբյեկտի ոչնչացում, բնակավայրի հակառակորդից «մաքրում»:

Ի դեպ, հաշվի առնելով զորավարժության փակման արարողության կադրերը, կարելի է ենթադրել, որ այս զորավարժությանը մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»):

Արդեն 2026 թվականի փետրվարին 3-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Ալիևը և ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյան հետևել էին «Խաղաղության վահան -2026» երկու երկրների զինված ուժերի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Իսկ զորավարժությունների ընթացքում, որոնք, ի դեպ, անցկացվել էին բնակավայրային պայմաններում կամ տարածքներում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում, ստորաբաժանումների կողմից կատարվել են հետևյալ խնդիրները՝ անօրինական զինված խմբավորումների հայտնաբերում և չեզոքացում, գրավված նավի նկատմամբ վերահսկողության վերականգնում, ահաբեկչական տարրերի չեզոքացում և պատանդների ազատում, վիրավորների տարհանում, բնակեցված տարածքում հասարակական անվտանգությանը սպառնացող անկարգությունների և դիվերսիաների կանխում, ինչպես նաև՝ հակահրդեհային միջոցառումների իրականացում։

Նշվել էր, որ ռազմական այս միջոցառման նպատակը կայուն խաղաղության հաստատմանը նպաստելն է:

Իսկ դրանից առաջ Ալիևը և Նահյան քննարկել էին տնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Այսինքն, Բաքուն փորձել էր ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդել, հատկապես, երբ ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը:

Ուշագրավ է, որ այս ամենը նախորդել էր 2026 թվականի փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնամասշտաբ օպերացիային:

Իսկ Ադրբեջան-ԱՄԷ ռազմավարական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում: Բաքուն հանքեր է փնտրում նաև Նախիջևանում, ցանկանում է դրանում ներգրավել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումային ընկերությանը:

Ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ԱՄԷ-ի ներդրումային ընկերությունը և «ԱզերԳոլդը» կիրականացնեն Նախիջևանի հանքային ներուժի մանրամասն գնահատում՝ որպես հեռանկարային հանքավայրերի բացահայտման և հետագա հետախուզական աշխատանքների հնարավորությունների որոշման առաջին քայլ։

Ստացված արդյունքների հիման վրա կողմերը կարող են անցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և պաշարների մշակման, այդ թվում՝ Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության դիտարկմանը։

Եթե հետախուզական աշխատանքները հանգեցնեն խոշոր պաշարների հայտնաբերման, հանքարդյունաբերական արտադրության ստեղծման և տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման, ըստ էության, ԱՄԷ-ն կարող է ձեռք բերել երկարաժամկետ տնտեսական շահեր Հայաստանի և Իրանի սահմաններին անմիջապես հարակից տարածքում։ Սա հատկապես չի կարող չմտահոգել Իրանին, և, բնականաբար, նա հետևելու է այս գործընթացին:

Այսինքն, Բաքուն ռազմական համագործակցությունը փորձում է «համադրել» տարածաշրջանային ռազմավարական ավելի հեռուն գնացող պլանների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031