«Թուրքական կողմը սահմանի բացման մասին դեռևս հստակ նշումներ չի անում. Իշխանությունների համար նոր սահմանադրության ընդունելը հեշտ գործ չի լինելու». Թուրքագետ

Հոկտեմբերի 15-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին, ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։

«Բանակցությունները, որպես կանոն, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն և արդյունք չկա, ամբողջությամբ չեն ներկայացվում հանրությանը։ Հայաստան–Թուրքիա բանակցությունները ևս բացառություն չեն»,- նշել էր Միրզոյանը։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը սահմանների բացման համար այս պահին որևէ նախադրյալ չի տեսնում, քանի որ Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ ՀՀ-ն ընդունի նոր սահմանադրություն։

«Չեմ կարծում, որ իշխանությունների համար նոր սահմանադրության ընդունելը հեշտ գործ կարող է լինել։ Թուրքիան էլ իր հերթին է հայտարարել, որ քանի դեռ հայ-ադբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, իրենք սահմանները չեն բացի։

Կարդացեք նաև

Բանակցությունները փակ ձևաչափով են տեղի ունենում, չգիտենք, թե ինչ են քննարկում, բայց բավականին ակտիվ շփումներ կան, մասնավորապես՝ գործարար համաժողովներ են տեղի ունենում, փոխայցեր։ Սակայն թուրքական կողմը սահմանի բացման վերաբերյալ դեռևս հստակ նշումներ չի անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղ Խուդավերդյանը։

Ըստ նրա, եթե հավատան թուրքական կողմին, ապա սահմանները կբացվեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Բայց հայկական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել առանց Ադրբեջանի հետ հարաբերություները կարգավորելու և րոպե առաջ բացել հայ-թուրքական սահմանը։

Խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շաբաթների որոշակի լարվածությունից, որի գլխավոր պատճառը նշվում է Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումները, Մուշեղ Խուդավերդյանը նկատեց՝ պատճառը հիջաբը չէ, այն պարզապես առիթ է։

«Ադրբեջանը բավականին խորը հարաբերություններ ունի Իսրայելի հետ, իսկ թուրքական կողմին այդ ամենը դուր չի գալիս, քանի որ օրեցօր լարվում են թուրք-իսրայելական հարաբերությունները, Էրդողանն էլ հակահրեական քարոզչություն է  իրականացնում Թուրքիայում։ Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել Իսրայելի հետ համագործակցությունից։ Իսրայելի հետ հարաբերություններում Ադրբեջանը բավականին շահեկան դիրք ունի, հարմար գնով Իսրայելին նավթ ու գազ է վաճառում, իսկ Իսրայելն Ադրբեջանին ժամանակակից  զենք է վաճառում։

Բացի այդ, Ադրբեջանում հրեական համայնքն է օրեցօր հզորանում։ Կարծում եմ՝ բավականին սերտ համագործակցություն կա Իսրայելի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների մեջ, սա Էրդողանին դուր չի գալիս։ Նման լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում եղել է նաև մոտ 2 տարի առաջ, երբ Էրդողանը Շուշիում հայտարարեց, որ ինքն է հաղթել ղարաբաղյան պատերազմում, սա էլ Ալիևին դուր չեկավ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի հրաժարվի Իսրայելի հետ համագործակցությունից, նրա քաղաքականության մեջ տեսնում ենք, որ կարողանում է բավականին ինքնիշխան քաղաքականություն վարել»,- հավելեց թուրքագետը։

Նրա դիտարկմամբ, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները չեն համընկնում, սա չի նշանակում, որ նրանք կարող են իրենց կենսական շահերը մի կողմ դնել ու թշնամանալ, սա չի ազդի «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի վրա։ Ավելի շուտ կկարգավորեն թուրք-իսրայելական հարաբերությունները, քան Ադրբեջանը կհրաժարվի Իսրայելի հետ համագործակցությունից։

Ինչ վերաբերում է Երևանում ընթացող COP17 համաժողովին և Թուրքիայի կողմից նախարարական մակարդակով մասնակցությանը և ադրբեջանական կողմի չմասնակցելուն, Մուշեղ Խուդավերդյանն ասաց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանն այդ համաժողովին այդքան էլ կարևորություն չի տվել։

«Ադրբեջանը Հայաստանում բարձր մակարդակով միջոցառումների դեռևս չի մասնակցում, ինչը հիմնավորում է նրանով, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորված չեն։ Ադրբեջանը ՀՀ անվտանգության միջոցառումներին չի վստահում։ Նույնը Թուրքիային է վերաբերում, ճիշտ է, Գյուլը եկել էր Հայաստան, բայց Էրդողանը չի եկել, ըստ իս՝ սպասում են այնպիսի իրավիճակի, որ որևէ խնդիր չլինի»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031