Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին
Եմենի հյուսիսը կառավարող շիա «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբին, որը գտնվում է Եմենի Ադեն հարավային քաղաքում։ Այս մասին Telegram-ում հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։
«Մեր զինված ուժերը բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Ադենի «Բադր» ճամբարում գտնվող սաուդյան հակառակորդի օպերատիվ շտաբին. թիրախը խոցվել է», – հայտնել է պաշտոնյան։
Ավելի վաղ սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ հութիները հրթիռով հարվածել են Ադենի միջազգային օդանավակայանին: Ադենը գտնվում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ, որին աջակցում է Սաուդյան Արաբիան։
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է զինված դիմակայությունը հութիների և կառավարական ուժերի միջև։ Շարժումը 2026 թ. օգոստոսին հարձակողական գործողություն էր սկսել և վերահսկողություն հաստատել Կարմիր ծովի ռազմավարական ափամերձ տարածքների նկատմամբ։ Հոկտեմբերի սկզբին Եմենի կառավարությունը հայտարարեց լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին՝ հութիների վերահսկողության տակ մնացած տարածքներն ազատագրելու նպատակով։ Այս ընթացքում հութիները հարվածներ են հասցրել նաև Սաուդյան Արաբիայի տարածքին, որտեղ զոհեր և վիրավորներ են գրանցվել։

