Ինչու քառյակը չի կատարում իր խոստումը

Մայիսի 17-ին խորհրդարանական քառյակը նիստ էր գումարել և որոշել, որ առաջիկայում պետք է հանրահավաք անցկացնեն: Որոշվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է քառյակը հստակեցնի հանրահավաքի օրն ու քննարկվելիք հարցերի օրակարգը: Հանրահավաք անցկացնելու պահանջը ՀԱԿ-ինն է, որը ցանկանում է ցույց տալ, որ շարունակում է գոյություն ունենալ` որպես ընդդիմադիր կուսակցություն, և բավարարված չէ նոր կառավարության ձևավորմամբ: Բայց շաբաթն անցավ և քառյակն այդպես էլ ոչ հանրահավաքի օրը որոշեց, և ոչ էլ օրակարգը:
Տեսականորեն չի բացառվում, որ քառյակը կարող է այս շաբաթ այդ հարցով նիստ գումարել: Բայց այստեղ հարցն այն է, որ քառյակում հանրահավաքի օրակարգի հետ կապված տարբեր մոտեցումներ կան, և այդ տարաձայնությունները կարող են թույլ չտալ, որ քառյակն այս հարցով որոշում կայացնի:

Պարզ է, որ ոչ ԲՀԿ-ն, և ոչ էլ ՀՅԴ-ն չեն համաձայնի, որ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի և ընդհանրապես ամբողջական իշխանափոխության հարց դրվի: Այս երկու կուսակցությունները կողմ են «փոքր քայլերով մեծ նպատակին հասնելու» մարտավարությանը: Հենց այդ պատճառով ՀԱԿ-ը փոխզիջման է գնացել և համաձայնել է, որ հանրահավաքի օրակարգը վերաբերի կառավարությանը: Այսինքն` քառյակը կառավարությանը պետք է ներկայացնի որոշակի պահանջներ և հայտարարի, որ դրանց չիրականացման դեպքում իրենք կպահանջեն նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:

Իսկ որոնք են այն պահանջները, որոնք քառյակը կարող է ներկայացնել կառավարությանը: Ամենահիմնական պահանջը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելն է: Քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք բավարարված չեն արդեն կատարված փոփոխությունից և պահանջելու են, որ պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանվի օրենքից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» ձևակերպումը քառյակի համար ընդունելի չէ, և նրանք ուզում են հասնել նրան, որ պարտադիրն ընդհանրապես վերացվի:

Մյուս պահանջը վերաբերում է գյուղացիական վարկերին: Քառյակի ներկայացուցիչները պահանջելու են, որպեսզի կառավարությունը վարկային համաներում անցկացնի, և այն գյուղացիական տնտեսությունները, որոնք տուժել են տարբեր տարերային աղետներից, մուծեն միայն վարկի մայր գումարը, այն էլ որոշակի ժամանակային արտոնություններով: Նրանք կառավարությանն առաջարկելու են, որպեսզի բանակցություններ սկսի բանկերի հետ, որպեսզի գյուղացին ազատվի տոկոսները և տոկոսների վրա եկած տոկոսները վճարելու պարտադրանքից: Քառյակի ներկայացուցիչներն ասում են, որ այն գումարները, որոնք կառավարությունն ուղղում է վարկերի տոկոսները սուբսիդավորելու համար, կարող է ուղղել այդ տնտեսություններին օժանդակելու համար, քանի որ կան գյուղացիական տնտեսություններ, որոնք հայտնվել են ոչ միայն հողը, այլ նաև տունը և մնացած անշարժ ու շարժական գույքը կորցնելու վտանգի տակ:

Կարդացեք նաև

Հաջորդ պահանջը, որ կարող է քառյակը դնել կառավարության առաջ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ կատարելն է: Քառյակի ներկայացուցիչներն առաջարկելու են, որպեսզի մեղմացվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չափերը և դրանք համապատասխանեցվեն իրական եկամուտներին: Առաջարկվելու է, որպեսզի կանոնակարգվի արագաչափ և տեսանկարահանող սարքերի գործունեությունը:

Սրանք այն պահանջներն են, որոնք քառյակը ներկայացնում էր նաև նախորդ կառավարությանը և հենց այդ հիմնավորումներով էր պահանջում Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականը: Հնարավորինս սկզբունքային լինելու նպատակով քառյակի ներկայացուցիչները հայտարարելու են, որ անձերի փոփոխությամբ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, և այդ պատճառով իրենց պահանջները ևս մնում են ուժի մեջ:

Խնդիրն այստեղ այն է, որ քառյակի տարբեր կուսակցություններ տարբեր կերպ են պատկերացնում, թե երբ պետք է ներկայացվեն այս պահանջները: Մասնավորապես` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կողմ են, որպեսզի կառավարությանն առնվազն մինչև հոկտեմբեր ժամանակ տրվի աշխատելու, և կատարված աշխատանքի արդյունքներն ամփոփելուց հետո միայն որոշեն, թե ինչ պահանջներով հանդես գան: ՀԱԿ-ը, որ այս կուսակցություններից ուզում է տարբերվել իր առավել արմատական մոտեցումներով, պահանջում է, որ հանրահավաքն անցկացվի հենց հիմա, և պահանջների կատարման համար էլ շատ սեղմ ժամանակ տրվի: ՀԱԿ-ում համարում են, որ եթե քառյակը հայտարարի, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը ժամանակ է տրվում, դա նշանակում է, որ իրենք ընդունում են այդ կառավարության լեգիտիմությունը և այդ կառավարության գործունեության հետ որոշակի հույսեր են կապում:

Մինչդեռ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ իրենք չեն ընդունում «ոչ իրավակարգ» Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված և նշանակված որևէ կառավարություն, և այդ պատճառով նման կառավարությունից չեն կարող ակնկալիքներ ունենալ:

Ինչպե՞ս կգործի քառյակը: Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ քառյակը հուլիսի կեսերին հանրահավաք անցկացնի և կառավարությանը որոշ պահանջներ ներկայացնի` ժամանակ տալով այդ պահանջները կատարելու համար: Հնարավոր է, որ այդ ժամկետը կսահմանափակվի սեպտեմբեր ամսով:

Մյուս տարբերակն այն է, որ ԲՀԿ-ն` որպես քառյակի ղեկավար, հերթական անգամ լռեցնի ՀԱԿ-ին, և ոչ մի հանրահավաք էլ չկազմակերպվի, պատճառաբանելով, որ ամառն ավելի շատ` հանգստի, և ոչ թե` քաղաքական ակտիվության շրջան է: ՀԱԿ-ը մեծ հաճույքով կզիջի ԲՀԿ-ին` դրա դիմաց ակնկալելով փոխադարձ զիջումներ:

Ընդհանրապես կա տեսակետ, որ ՀԱԿ-ն իր արմատականությունը դարձրել է գործիք` ԲՀԿ-ին շանտաժի ենթարկելու և զիջումներ կորզելու դիմաց: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին իր ենթակայության տակ պահելու համար միշտ էլ պատրաստ է եղել ՀԱԿ-ին ապահովել այդպիսի զիջումներով:

Տեսանյութեր

Լրահոս