
Սերբիան չի կարող անդամակցել ԵՄ-ին առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սերբիայից պահանջել է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, առանց որի Բրյուսելը չի կարողանա Բելգրադը համարել «հուսալի գործընկեր», ինչը բացառում է դաշինք ընդունվելու հնարավորությունը։
Այս մասին ֆոն դեր Լայենը հայտարարել է Սերբիա կատարած այցի ընթացքում։
«Եկել է ժամանակը, որ Սերբիան կոնկրետ քայլեր ձեռնարկի ԵՄ-ին միանալու համար։ Մենք պետք է տեսնենք մեր արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ավելի մեծ չափով համապատասխանություն։ Շնորհավորում եմ ձեզ ԵՄ արտաքին քաղաքականության հետ 61% համաձայնեցվածության հասնելու առթիվ։ Բայց անհրաժեշտ է ավելին։ Մենք ցանկանում ենք Սերբիան համարել հուսալի գործընկեր», – Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը»։
ԵՄ ընդլայնման գործընթացի շրջանակներում դաշինքին անդամակցության բոլոր թեկնածու երկրները որպես անդամակցության նախապայման պետք է իրենց արտաքին քաղաքականությունը 100%-ով վերակողմնորոշեն դեպի Բրյուսել։ Նրանք պարտավոր են միանալ Եվրամիության արտաքին քաղաքական բոլոր որոշումներին՝ առանց բացառության, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները ոչ մի ազդեցություն չունեն դրանց ընդունման վրա։ Դա ԵՄ-ին միանալու հիմնական նախապայմաններից մեկն է, բայց դրա կատարումը ինքնին դեռ չի երաշխավորում անդամակցություն: