Ի՞նչ է կատարվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում
ՀՀ պետեկամուտների կոմիտեն վերջերս հրապարակել է ցանկ` ընթացիկ տնտեսական տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունների: Ըստ այդ տեղեկատվության` «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունն այս տարվա 1-ին եռամսյակում պետությանը վճարել է 2 մլրդ 982 մլն 280 հազար 400 դրամ հարկ:
Լա՞վ ցուցանիշ է դա, թե՞ վատ: Պարզունակ եւ անմեղ այդ հարցին պատասխանելու համար հիշենք` թե կոմբինատը որքան հարկ է վճարել նախորդ երկու տարվա նույն ժամանակաշրջանում, գրում է syuniacyerkir.am-ը: Այսպես` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն 2013թ. առաջին եռամսյակում վճարել է 3 մլրդ 444 մլն 839 հազար 600 դրամ, իսկ 2012թ. առաջին եռամսյակում` 5 մլրդ 230 մլն 909 հազար 300 դրամ հարկ:
Բերված թվերը վկայում են, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում Քաջարանի կոմբինատը 2013թ. նույն ժամանակի համեմատությամբ պետությանը պակաս է վճարել 462 մլն 557 հազար դրամ, 2012թ. նույն ժամանակի համեմատությամբ` 2 մլրդ 248 մլն 628 հազար 900 դրամ: Ինչպես տեսնում եք` Քաջարանի կոմբինատում գործ ունենք իրավիճակի կտրուկ վատթարացման հետ:
Կոմբինատի ղեկավարներն ու նրանց սպասավորները, որպես կանոն, չեն խոսում արտառոց այդ նահանջի մասին: Այնտեղ խոսելն առհասարակ արգելված է: Իսկ ժամանակ առ ժամանակ կոմբինատից ստացվող կցկտուր տեղեկությունների համաձայն` նման հետընթացի պատճառը գունավոր մետաղների միջազգային շուկայում գների պերմանենտ նվազումն է:
Ամենամակերեսային դիտարկումները, սակայն, վկայում են, որ գների նվազումը չէր կարող նման նահանջի պատճառ դառնալ: Եթե իրոք գունավոր մետաղների գներն այդքան իջել են, ապա ինչո՞ւ, օրինակ, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում այդ նույն ժամանակահատվածում նահանջը (վճարվող հարկերի գծով) չնչին է: Ինչո՞ւ Ագարակի կոմբինատում նշված ժամանակաշրջանում նույնիսկ փոքր-ինչ ավելացել է վճարվող հարկերի չափը:
Կապանի եւ Ագարակի կոմբինատների ցուցանիշները վկայում են, որ գունավոր մետաղների գների շուկայում վայրիվերումներն էական ազդեցություն չէին կարող ունենալ պետությանը վճարվող հարկերի ծավալների վրա:
Եվ ուրեմն` ինչպե՞ս է ստացվել, որ Քաջարանի կոմբինատն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում (2012թ. նույն ժամանակի համեմատությամբ) կիսով չափ պակաս է հարկեր վճարել պետությանը:
Ստեղծված իրավիճակում մի քանի հանգամանք չեն կարող չզարմացնել անգամ ոչ մասնագետներին: Նախ` արտառոց այդ իրողության մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք տագնապ չի հնչեցնում, ոչ ոք պարզաբանում չի տալիս: Ի վերջո խոսքն այնպիսի գումարների մասին է, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի պետական բյուջեի համար:
Երկրորդ` Մաքսիմ Հակոբյանը վերջին մեկ տարում քանիցս հայտարարել է, որ հանքարդյունահանման ծավալներն անընդհատ աճում են իրենց մոտ: Եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ պետությունը դրանից միայն տուժում է:
Երրորդ` «արբանյակ ձեռնարկությունների» զգալի մասն այլեւս նախկին չափով ԶՊՄԿ-ից պատվերներ չի ստանում, ինչի արդյունքում ե՛ւ աշխատատեղեր են կրճատվում, ե՛ւ այդ ընկերությունների աշխատակիցների միջին աշխատավարձն է նվազում:
Չորրորդ` այս հետընթացի պայմաններում, մինչդեռ, դրամաշրջանառությունն աճում է ԶՊՄԿ-ից ամբողջապես սնվող եւ Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին պատկանող ՍՊ ընկերություններում` «Զանգեզուր մայնինգ», «Լամաքս գրուպ»…
Մի դիտարկում էլ` կոմբինատում եւ կոմբինատի շուրջ բացասական այդ միտումներն ակնհայտ դարձան եւ խորացան այն բանից հետո, երբ անցյալ տարվա հուլիսին Մաքսիմ Հակոբյանն իր տնօրինության տակ վերցրեց նաեւ Սյունիքի մարզպետի աթոռը: Եվ դրանից հետո կոմբինատում կատարվեցին առեղծվածային ստուգումներ, որոնց արդյունքում ուղղակի ցնցվեց կոմբինատի տնտեսությունը: